Սկսել եմ ըմբշամարտով զբաղվել, որպեսզի բոլորից ուժեղ լինեմ

Յուրի Պատրիկեև.

Սկսել եմ ըմբշամարտով զբաղվել, որպեսզի բոլորից ուժեղ լինեմ

PanARMENIAN.Net - Յուրի Պատրիկեևն իր երկրորդ Օլիմպիական խաղերին մեկնում է չեմպիոն դառնալու հստակ մտադրությամբ: Նա հույս ունի, որ այս անգամ ոչինչ չի խանգարի Հայաստանի համար ոսկե մեդալ նվաճելուն: PanARMENIAN.Net-ին նա պատմել է, թե ինչու չհաջողվեց Պեկինից վերադառնալ ոսկե մեդալով, ինչպես է ընդունել Հայաստանի հավաքականում հանդես գալու որոշումը և թե ինչպես է առաջարկություն արել իր կնոջը: Նա խոսել է նաև հայերեն լեզվի դժվարության ու հունահռոմեական ըմբշամարտի առանձնահատկությունների մասին:
Դու երկրորդ անգամն ես մասնակցելու Օլիմպիական խաղերի, այս անգամ ի՞նչ սպասելիքներ ունես:
Ինչպես և Պեկինի խաղերի ժամանակ, մեկնում եմ միայն ոսկե մեդալի համար:

Ի՞նչ դասեր ես քաղել պեկինյան Օլիմպիադայից:
Պեկինում էլ ես լավ մարզավիճակում էի, պարզապես շատ վաղ փուլում դուրս մնացի հետագա պայքարից: Հիմնական պատճառն այն է, որ ես չհարմարվեցի այնտեղի կլիմային: Հիմա այդ սխալը չեմ կրկնելու, շուտ եմ մեկնելու Լոնդոն, որպեսզի ամեն ինչ լավ լինի:

Դու առաջին իսկ վարկանշային մրցաշարի ժամանակ կարողացար նվաճել ուղեգիր, ինչպե՞ս այն տրվեց քեզ:
Շատ դժվար մրցաշար էր, քանի որ մասնակցում էին բոլոր այն ուժեղ ըմբիշները, որոնք աշխարհի առաջնության ժամանակ չէին կարող ուղեգիր վերցնել: Ու ես, Աստծո կամոք, կարողացա ուղեգիր նվաճել ու դառնալ այդ մրցաշարի հաղթող:

Օլիմպիական խաղերում քեզանից բացի ովքե՞ր են համարվում ոսկե մեդալի հիմնական հավակնորդները:
Շատ ուժեղ է Կուբան ներկայացնող Լոպեսը, ինչպես նաև ռուսաստանցի Հասան Բարոևը ու նաև Թուրքիայի և Ղազախստանի ներկայացուցիչները:

Մի փոքր խոսենք նաև Հայաստանի հավաքական քո տեղափոխվելու մասին: Ինչպե՞ս ես կայացրել այդ որոշումը:
Ես շատ մեծ ուրախությամբ եմ ընդունել Հայաստանի հավաքականում հանդես գալու հրավերը, ընդհանրապես չեմ տատանվել ու մինչև հիմա էլ ուրախ եմ, որ այստեղ եմ:

Հիշո՞ւմ ես Հայաստանի ընտրանու կազմում քո առաջին մրցաշարը:
Վրաստանում կայացած միջազգային մրցաշարի ժամանակ եմ հանդես եկել Հայաստանի ընտրանու կազմում: Այնտեղ հասա մինչև եզրափակիչ, շատ վստահ էի սեփական ուժերիս վրա ու ինձ թվում էր, որ շատ հեշտ հաղթանակ եմ ունենալու: Սակայն չափազանց ինքնավստահության պատճառով զիջեցի: Բացի այդ էլ կիսաեզրափակչում ոտքի վնասվածք էի ստացել, դա էլ խանգարեց ինձ:

Դու Հայաստանի հավաքականի կազմում Մոսկվայում մասնակցել ես աշխարհի առաջնության, և երկրպագուները շատ ջերմ են ընդունել քեզ: Իսկ հե՞շտ էր ելույթ ունենալ քո հայրենիքում:
Շատ հեշտ, Ռուսաստանի տարբեր քաղաքներից ժամանել էին և իմ ընկերները, և երկրպագուներ ու աջակցում էին ինձ: Շատ հաճելի էր, որ մարզասերները սիրում են ինձ:

Ինչպե՞ս ես աշխատում Հայաստանի հավաքականի մարզիչներ Լևոն Ջուլֆալակյանի և Սամվել Գևորգյանի հետ:
Ամեն ինչ հիանալի է, նրանք պրոֆեսիոնալ մարզիչներ են ու ամեն ինչ գիտեն: Լիովին հասկանում ենք իրար, ու վստահության և հարգանքի մթնոլորտում են ընթանում մեր մարզումները:

Որտե՞ղ ես հիմնականում պատրաստվում կարևոր մրցաշարերի, քանի որ մարզվում ես և Երևանում, և Կրասնոդարում:
Այս տարի հիմնականում Երևանում եմ պատրաստվել մրցաշարերին: Երկու ամիս Եվրոպայի առաջնությունից առաջ եմ այստեղ մարզվել, այնուհետև հանգստացել եմ Եգիպտոսում, ու սկսել եմ Օլիմպիական խաղերին պատրաստվել Երևանում:

Իսկ հասցրե՞լ ես յուրացնել հայերենը և ի՞նչ բառեր ես սովորել:
Արդեն երկար տարիներ է Հայաստանն եմ ներկայացնում ու շատ բառեր եմ սովորել` բարև ձեզ, հաջողություն, բարի ախորժակ, էլի մի շարք բառեր գիտեմ: Պարզապես հայերենում ավելի շատ տառեր կան ու կան հնչյուններ`ղ, ձ, ճ, ծ, որ չեմ կարողանում արտասանել:

Դու Հայաստանում ամենասիրված ու ճանաչված մարզիկներից ես, ի՞նչ կցանկանաս ասել բոլոր քո երկրպագուներին:
Շատ շնորհակալ եմ, որ նրանք երկրպագում ու ցավում են ինձ համար: Միշտ հաճելի է իմանալ, որ քո թիկունքում բազմաթիվ երկրպագուներ են աջակցում: Նրանց հաջողություն եմ մաղթում և ցանկանում, որ արդարացնեմ և նրանց, և իմ սպասելիքները (ծիծաղում է):

Ինչպե՞ս ես սկսել զբաղվել ըմբշամարտով և ինչո՞վ է այն հետաքրքրել քեզ:
Հունահռոմեական ըմբշամարտում չի կարելի հնարքներ կատարել գոտկատեղից ներքև, ու դրանով այն ավելի հետաքրքիր ու գրավիչ է: Այն իր հոգեբանությունն ունի, այդ պատճառով էլ դասական ոճ է համարվում: Հունահռոմեական ըմբշամարտն ինձ ավելի հոգեհարազատ է, այդ պատճառով էլ ընտրել եմ: Սկսել եմ մարզվել 7 տարեկանից, այդ ժամանակ ցանկանում էի բոլորից ուժեղ դառնալ:

Ո՞րն է եղել քո կարիերայում ամենակարևոր ու բեկումնային պահը:
Ամենակարևորն այն կլինի, որ հաղթեմ Օլիմպիական խաղերում, իսկ մինչև այդ ամենահաջողը համարում եմ 1994-1995 թվականները, երբ պատանեկան մրցաշարերում հաղթանակներ եմ արձանագրել: Այդ ժամանակ շատ առանձնահատուկ էին այդ հաղթանակներն ինձ համար: Պատանի հասակում բոլորովին այլ կերպ ես ուրախանում հաղթանակներիդ համար:

Պատմիր նաև ընտանիքիդ մասին, իսկ նրանք ունե՞ն առնչություն սպորտի հետ:
Հայրիկս զբաղվել է վոլեյբոլով, հիմա նա 60 տարեկան է, բայց շարունակում է խաղալ, իսկ մայրիկս ֆիզիկայի ուսուցչուհի է:

Ինչպե՞ս ես ծանոթացել կնոջդ հետ ու առաջարկություն արել նրան:
Մոսկվայում ենք ծանոթացել, հետո տեղափոխվել ենք Կրասնոդար: Այնպիսի առաջարկություն եմ արել, որ նա չի կարողացել հրաժարվել (ծիծաղում է)::

Իսկ նա ծանո՞թ էր հունահռոմեական ըմբշամարտին:
Հունահռոմեկան ըմբշամարտի մասին ոչինչ չի իմացել, բայց սպորտով զբաղվել է: Նրա հայրը անվանի մարզիկ է, զբաղվել է կարատեով:

Գիտեմ, որ ընտանիքդ հաճախ է լինում Հայաստանում, ինչպե՞ս է հարմարվել այստեղ:
Այո, ընտանիքս հաճախ է լինում Երևանում, երբ երկար ժամանակով եմ գալիս այստեղ, միշտ ուղեկցում է ինձ: Եղել ենք Սևանում, Ծաղկաձորում, շատ են հավանել ու Երևանում էլ գտել են բազմաթիվ հետաքրքրություններ:

Որոշե՞լ ես, թե ինչով ես զբաղվելու կարիերադ ավարտելուց հետո և կցանկանա՞ս մարզիչ դառնալ:
Հիմա կդժվարանամ ասել, որովհետև երազանքներս չեն իրականանում: Այդ պատճառով էլ դեռ ոչինչ չեմ ասի այդ մասին:

Նախկինում եղե՞լ ես Լոնդոնում և ի՞նչ գիտես այդ քաղաքի մասին:
Երբեք չեմ եղել, միայն գիտեմ, որ Բիգ Բենն այնտեղ է գտնվում:

Հայ մարզիկներից ովքե՞ր են ի զորու Օլիմպիադայում ոսկե մեդալներ նվաճել:
Կարծում եմ ոսկե մեդալ նվաճելու հնարավորություն ունեն Արթուր Ալեքսանյանն ու Արսեն Ջուլֆալակյանը, մարզումների ժամանակ ես տեսնում եմ, թե ինչպես են նրանք աշխատում: Բայց ամեն ինչ կախված է վիճակահանությունից, ըմբշամարտում դա շատ կարևոր է:

Հասմիկ Բաբայան / PanARMENIAN News
Յուրի Պատրիկեև

Գերծանրքաշային կարգի հունահռոմեական ոճի ըմբիշ Յուրի Պատրիկեևը (120 կգ) ծնվել է 1979 թվականի սեպտեմբերի 28-ին Կիրովո-Չեպեցկում: 1996 թվականին ընդունվել է Կուբանի ֆիզիկական կուլտուրայի պետական համալսարան: 1997-2005 թթ. հանդես է եկել Ռուսաստանի հավաքականում, 2006 թվականից համալրել է Հայաստանի հավաքականը:

Պատրիկեևը Եվրոպայի քառակի չեմպիոն է, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, երեք անգամ կարողացել է մեդալներով վերադառնալ նաև աշխարհի առաջնություններից:

Հայաստանի հավաքականի կազմում 2008 և 2009 թվականներին Տամպերեում և Վիլնյուսում կայացած Եվրոպայի առաջնություններում նվաճել է ոսկե մեդալներ, իսկ 2010-ին` արծաթե մեդալ աշխարհի առաջնությունում: 2007 թվականին Բաքվում անցկացված աշխարհի առաջնությունում նա միակն էր, ում հաջողվեց նվաճել բրոնզե մեդալ և բարձրացնել հայոց եռագույնը: 2011 և 2012 թթ էլ Եվրոպայի առաջնություններում դարձել է բրոնզե մեդալակիր:

---