2,5  րոպե ծանրորդի հետ

Առաքել Միրզոյան.

2,5 րոպե ծանրորդի հետ

PanARMENIAN.Net - Առաքել Միրզոյանը հատուկ PanARMENIAN.Net- ի համար էր ժամանել Երևան: Ծանր մարզումից հետո, չնայած հոգնածությանը, նա, ինչպես միշտ չափազանց ուրախ պատասխաններ տվեց`ևս մեկ անգամ ցույց տալով իր լավ բնավորությունն ու ընկերասիրությունը:
Ծանրամարտի հետ կապված քո առաջին հիշողությունը:
Հատկապես տպավորվել է Եվրոպայի առաջնության ժամանակ իմ հաղթական ցատկը:

Քո ձեռագիրը գեղեցի՞կ է:
Այդքան էլ վատը չէ:

Վերջին անգամ հասարակական տրանսպորտից ե՞րբ ես օգտվել:
Շատ վաղուց:

Ի՞նչ արժե այս օրերին ծիրանը:
250-300 դրամ:

Սիրո՞ւմ ես չիփս ուտել:
Այո:

Ինչո՞ւ են մարդիկ փռշտալիս աչքերը փակում:
Մտածում են:

Ո՞ր քաշային կարգում է հանդես եկել քո մարզիչը:
56:

Ի՞նչն է քեզ ամենից շատ զարմացնում կանանց մեջ:
Դժվար հարց է, երևի գեղեցկությունը:

Ի՞նչ ընդհանրություններ ունեն հայերն ու անգլիացիները:
Համեստությամբ են նման:

Քո սիրած հեռուստատեսային հաղորդումը:
Առաջ «Իմ չաղ հայկական հարսանիքն էր» (ծիծաղում է):

Ո՞վ է առաջին հայ Օլիմպիական չեմպիոնը:
Հրանտ Շահինյանը:

Ո՞ր Օլիմպիական խաղերում են հայ մարզիկները «նույն գույնի» մեդալներ նվաճել:
Պեկինի Օլիմպիական խաղերում:

Քո նախընտրած հանգստի տարբերակը:
Սիրում եմ ծովափնյա հանգիստը:

Քո սիրած մուլտֆիլմը:
«Դե սպասիր»:

Հավանո՞ւմ ես մեր ոստիկանների նոր համազգեստը:
Այնքան երկար ժամանակ է քաղաքում չեմ եղել, որ չեմ տեսել: Կարծում եմ լավը կլինի:

Երբեմն ես կարոտում եմ…
Ընտանիքիս և ընկերներիս:

Երբ ես փոքր էի, երազում էի…
Մեքենա ունենալ:

Իմ անունը դրել են Առաքել, որովհետև…
Պապիկիս անունն է:

Ես սիրում եմ գումար ծախսել…
Ժլատություն չեմ սիրում:

Բոլորից համեղ պատրաստում է ….
Մայրիկս:

Հասմիկ Բաբայան: / PanARMENIAN News
Առաքել Միրզոյան

Ծանրորդ Առաքել Միրզոյանը (77 կգ) ծնվել է 1989 թվականի հոկտեմբերի 21-ին Էջմիածնում:
2008 թվականին դարձել է Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող, իսկ աշխարհի երիտասարդական առաջնությունում և Համաշխարհային ուսանողական խաղերում նվաճել է արծաթե մեդալ:
2009 թվականին 69 կգ քաշային կարգում դարձել է Եվրոպայի չեմպիոն և հռչակվել է Եվրոպայի լավագույն ծանրորդ, իսկ աշխարհի առաջնությունում նվաճել է արծաթե մեդալ: