Արթուր Բաղդասարյան. Հայաստանը կարևորում է միջազգային համագործակցությունը էներգետիկ անվտանգության ոլորտում

Արթուր Բաղդասարյան. Հայաստանը կարևորում է միջազգային համագործակցությունը էներգետիկ անվտանգության ոլորտում

PanARMENIAN.Net - Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում շարունակվում է անվտանգության հարցերի պատասխանատու բարձրաստիճան պաշտոնյաների միջազգային երրորդ համաժողովը: Ավելի քան 60 երկրներից ժամանած պատվիրակների ելույթների և քննարկումների նպատակը անվտանգության տարբեր ուղղություններով` էներգետիկ անվտանգության, տեղեկատվական անվտանգության և այլ ոլորտներում առկա մարտահրավերների վերհանումը և հաղթահարման ուղիների նախանշումն է:

«Գլոբալ էներգետիկ անվտանգության հիմնական ուղղությունները և մարտահրավերները» թեմայի շրջանակներում ելույթ է ունեցել ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը և անդրադարձել է Հարավային Կովկասի էներգետիկ անվտանգության գլոբալ և տարածաշրջանային ասպեկտներին: ԱԱԽ մամլո ծառայության հաղորդմամբ, Բաղդասարյանն ընդգծել է, որ որպես տնտեսական կայուն զարգացման երաշխիք, Հայաստանը կարևոր նշանակություն է տալիս էներգետիկ անվտանգության ապահովմանը, ինչը ենթադրում է էներգետիկ ռեսուրսների և ուղիների դիվերսիֆիկացում, նոր էներգետիկ աղբյուրների ստեղծում, սեփական վերականգնվող էներգառեսուրսների հզորությունների մեծացում և հիդրոէլեկտրակայանների համակարգի զարգացում: ԱԱԽ քարտուղարն ընդգծել է միջազգային համագործակցության կարևորությունն այս ոլորտում` նշելով, որ Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության հետ արդեն իսկ ընթացքի մեջ են մի շարք երկկողմ էներգետիկ պրոյեկտներ, լուրջ համագործակցություն ծավալվելու ներուժ կա ԵՄ-ի և ԵՄ անդամ առանձին երկրների հետ: «Վաշինգտոնյան գագաթնաժողովում մեծ նշանակություն տրվեց միջազգային համագործակցությանը միջուկային էներգետիկայի բնագավառում, և այսօր Հայաստանը արդյունավետորեն համագործակցում է ՄԱԳԱՏԷ-ի հետ»,- նշել է Արթուր Բաղդասարյանը:

ԱԱԽ քարտուղարի համոզմամբ, անկախ ներկրող կամ արտահանող լինելու հանգամանքից, հարավկովկասյան տարածաշրջանի բոլոր երկրներն էլ պետք է շահագրգիռ լինեն էներգետիկայի բնագավառում կանխատեսելիությամբ և կարևորել է կայունությունը էներգետիկ անվտանգության ապահովման ոլորտում, ինչպես նաև ընդգծել է քաղաքական նպատակներով տարածաշրջանային էներգետիկ ծրագրերում Հայաստանը շրջանցելուն ուղղված գործողությունների անընդունելիությունը: Այս առումով անհրաժեշտ է, որ տարածաշրջանի բոլոր երկրները լիարժեքորեն ներգրավվեն Հարավային Կովկասում էներգետիկ անվտանգության համակարգի կազմավորման գործընթացում, որտեղ պետք է հաշվի առնվեն բոլոր երկրների շահերը, իսկ միջազգային հանրությունը պետք է պատշաճ ուշադրություն դարձնի այս խնդիրներին:

Համաժողովի ընթացքում այսօր Արթուր Բաղդասարյանը հանդիպումներ է ունեցել Հնդկաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Շիվշանքար Մենոնի, Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլիի, Ֆրանսիայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի գլխավոր քարտուղար Ֆրանսիս Դելոնի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել է երկկողմ համագործակցության խորացման, տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---