«Սարդարապատ» շարժում. Հայրենի հողից ո՛չ մի թիզ ենթակա չէ սակարկումների

«Սարդարապատ» շարժում. Հայրենի հողից ո՛չ մի թիզ ենթակա չէ սակարկումների

PanARMENIAN.Net - «Սարդարապատ» շարժումը մեկնաբանել եւ սուր քննադատությունների է ենթարկել վերջերս Ռուսաստանի, Եվրոպայի և ԱՄՆ-ի մի շարք պաշտոնյանների կողմից հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող հայտարարությունները։ Իր ուղարկած հայտարարության մեջ շարժումը մասնավորապես գրում է.

«Ինչպես եւ կանխատեսում ու զգուշացնում էինք` միջազգային քաղաքական որոշ կենտրոնների կողմից Հայաստանում զանգվածային ընտրակեղծիքներին ցինիկաբար հավանություն տալը նշանակում էր, որ նույն կենտրոնները շատ շուտով համապատասխան փոխհատուցում են պահանջելու Երեւանում վերարտադրված վարչախմբից` քաղաքական զիջումների տեսքով: Կեղծված ընտրություններից հետո բարձրաստիճան պաշտոնյաներ Ռուսաստանից, Եվրոպայից և ԱՄՆ-ից շտապեցին հայտարարել հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերություններում ինչ-որ «նոր մոտեցումների» ցանկալիության, անհրաժեշտության եւ անխուսափելիության մասին, ակնարկելով նաեւ այդ մոտեցումների «նորարարության» բովանդակությունը` այն է մեկ-երկու ազատագրված շրջանների հանձնումը Ադրբեջանին: Այսինքն, ռուս-ամերիկա-եվրոպական դիվանագիտական ողջ խորիմաստությունն ու նորամուծությունը սահմանափակվում է դեռեւս չարաբաստիկ «ֆուտբոլային դիվանագիտության» օրերին հնչած հին թուրքական վերջնագրերի կրկնությամբ: Երեւի, սույն պահանջներն առավել համոզիչ դարձնելու նպատակով, հետայսու բարձրաստիճան միջազգային միջնորդների նախաձեռնությունները զուգորդվում են բառի բուն իմաստով «մահաբեր դիվանագիտությամբ», երբ տարածաշրջան կատարվող պաշտոնական յուրաքանչյուր այց բերում է հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայքով լարվածության կտրուկ աճի եւ մարդկային զոհերի:

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը խիստ դատապարտում է հայ ժողովրդի կենսական շահերի, արժանապատվության ու պատմական տարածքի հաշվին պատրաստվող ցանկացած գործարքի փորձ եւ հայտարարում է, որ հայ ժողովուրդը թույլ չի տալու այդպիսի դավադրությունների իրականացում:

Նմանօրինակ հակահայկական նախագծերը առաջանում են սոսկ Հայաստանում իշխող վարչախմբի ապիկարության, անսկզբունքայնության ու թուլության հետևանքով: Մինչդեռ Ցեղասպանության ու հայրենազրկման դժոխքային պատմություն ունեցող հայ ժողովուրդը իր արտաքին պետական քաղաքականությունը պետք է կառուցի Ցեղասպանության բազմաթիվ հետեւանքների վերացման սկզբունքի հիման վրա:

Հայ-ադրբեջանական սահմանի վրա տեղի ունեցած հերթական բախումները ապացուցում են որեւէ տարածքային զիջումների անթույլտրելիությունն ու նման պահանջների հեղինակների հանցավոր նպատակները:

Եթե առկա «ստատուս քվոյի» և համեմատաբար պաշտպանված սահմանային գծի պայմաններում հնարավոր են հայկական խաղաղ բնակավայրերի պարբերական ռմբակոծումներ և դիվերսիոն խմբերի հարձակումներ, ապա դժվար չէ պատկերացնել թե ինչպիսի կործանարար հետեւանքներ կունենա շփման գծի ընդլայնումը որեւէ տարածքային հետնահանջի դեպքում:

Ո՛չ մի թիզ հայրենի հողից ենթակա չէ սակարկումների: Առճակատումը իբր կանխելու պատրվակով՝ ո՛չ մի օտարեկրյա զինվորի ոտքը չպետք է տրորի հայրենի տարածքը: Կեղծ պայմանագրերի ու խոստումների ողջ քանակը չարժե հայ զինվորի արյան մի կաթիլը»։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---