ԼՂՀ ԱԳՆ. ԵԱՀԿ-ն պետք է Ադրբեջանի անհասցե հայտարարություններից անցնի խիստ գնահատականների և պատժամիջոցների

ԼՂՀ ԱԳՆ. ԵԱՀԿ-ն պետք է Ադրբեջանի անհասցե հայտարարություններից անցնի խիստ գնահատականների և պատժամիջոցների

PanARMENIAN.Net - Արցախի ԱԳՆ հայտարարություն է տարածել կապված Ադրբեջանի կողմից վերջին շրջանում էլ ավելի ակտիվացած հրադադարի խախտման դեպքերի հետ: Հայտարարությունում մասնավորապես ասվում է.

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարում է, որ Ադրբեջանը շարունակում է ինտենսիվորեն խախտել կրակի դադարեցման ռեժիմը ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի ամբողջ երկայնքով: Սույն թվականի հունիսի 18-ին ժամը 8.15-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրագործված կոպիտ խախտումների արդյունքում, սպանվել է ԼՂՀ ՊԲ` զինվորական ծառայության զորակոչված զինծառայող 1993 թ. ծնված Արամ Սիմոնի Գյուլնազարյանը:

Ադրբեջանի հերթական սադրանքը բացահայտ մարտահրավեր է ԵԱՀԿ –ին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին, այն նախկինում ընդունված պարտավորությունների և պայմանավորվածությունների բոյկոտ է, Փարիզում նախատեսվող` Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը խափանելու փորձ: Տվյալ հարցի շուրջ ԼՂՀ իշխանությունների պաշտոնական տեսակետն արտացոլող համապատասխան նոտան ուղարկվել է ԵԱՀԿ Գործող նախագահի Անձնական ներկայացուցչի գրասենյակ:

Մենք դատապարտում ենք Ադրբեջանի ագրեսիվ և հանցավոր գործողությունները և հայտարարում ենք, որ լարվածության հետագա սաստկացման պատասխանատվությունն ընկած է ադրբեջանական կողմի վրա:

Կարծում ենք, որ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը /ԵԱՀԿ/ պետք է Ադրբեջանի անհասցե հայտարարություններից անցնի խիստ գնահատականների և պատժամիջոցների` զինյալ-ուժային քաղաքականության, խաղաղ կարգավորմանը խոչընդոտելու, թշնամանք հրահրելու և տարածաշրջանում նոր պատերազմ սանձազերծելու համար:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կրկին հավաստում է իր դիրքորոշումը` մնալ հավատարիմ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ միջոցներով կարգավորմանը և լինել պատրաստակամ կատարելու կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդման` կողմերի գործող պարտավորությունները, որոնք ամրագրվել են ԼՂՀ, ՀՀ և ԱՀ պաշտպանության գերատեսչությունների ղեկավարների կողմից ստորագրված` 1995 թ. փետրվարի 5-ի համաձայնագրում:

ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունը վստահություն է հայտնում, որ միջազգային հանրությունը կոչ է անելու Ադրբեջանի ղեկավարությանը հրաժարվել շանտաժի, սպառնալիքների և դիվերսիաների անհեռանկար քաղաքականությունից և վերադառնալ կառուցողական երկխոսության` տարածաշրջանում տևական խաղաղության և հակամարտության համապարփակ կարգավորման հասնելու համար»:

քաղ.Ստեփանակերտ 18.06. 2012

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---