Ջերմուկում կայացել է ՖԻԴԵ-ի կանանց Գրան Պրիի բացման արարողությունը

Ջերմուկում կայացել է ՖԻԴԵ-ի կանանց Գրան Պրիի բացման արարողությունը

PanARMENIAN.Net - Հայաստանը երկրորդ անգամ է ընդունում ՖԻԴԵ-ի կանանց Գրան Պրիի մրցշար: 7 երկրների 12 մասնակիցներ հուլիսի 17-28-ը կորոշեն Գրան Պրիի 5-րդ փուլի հաղթողին: Մասնակիցների թվում են աշխարհի չեմպիոն Խոու Յիֆանը, Համպի Կոնեյրուն, Կատերինա Լահնոն, Նադեժդա Կոսինցեվան և այլոք: Հայաստանը ներկայացնում են էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը:

Բացման արարողության ժամանակ Հայաստանի Հանրապետության նախագահ և շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց ՖԻԴԵ-ին լավ համագործակցության համար և ողջունեց բոլոր մասնակիցներին:

“Այսպիսի խոշոր մրցաշարերը պատիվ են բերում ցանկացած երկրի, և հուսով եմ, որ Ջերմուկի Գրան Պրին կդառնա տոն, ինչպես Հայաստանի, այնպես էլ աշխարհի շախմատասերների համար: Գեղեցիկ խաղ եմ մաղթում բոլոր մասնակիցներին”,- ասաց Սարգսյանը:

ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովն ընդգծեց, որ Ջերմուկն այս միջոցառման վայր ընտրելը պատահական չէ, քանի որ Հայաստանը շախմատային տերություն է. “Հայաստանում պահպանում ու զարգացնում են շախմատը, և ողջունելի է, որ դպրոցներում շախմատը դարձավ պարտադիր առարկա: Ձեր տղամարդկանց հավաքականը երկու անգամ ոսկե մեդալներ է նվաճել համաշխարհային Օլիմպիադայում: Այս ամենի հիմքում ընկած է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի լավ աշխատանքը: Հուսանք, որ Ստամբուլում կայանալիք այս տարվա Օլիմպիադայում էլ հայ շախմատիստները կկանգնեն պատվոհարթակի առաջին աստիճանին”:

Գրան Պրիի բացմանը ներկա են եղել նաև “Global chess” –ի տնօրեն Ջեֆրի Բորֆը և աշխարհի հնգակի չեմպիոն, գրոսմայստեր Նոնա Գաբրինդաշվիլին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---