Նաիրա Զոհրաբյանը վստահ է, որ Սաֆարովի ներմանը կհաջորդի ազգային հերոսի կոչման շնորհումը

Նաիրա Զոհրաբյանը վստահ է, որ Սաֆարովի ներմանը կհաջորդի ազգային հերոսի կոչման շնորհումը

PanARMENIAN.Net - ԲՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը վստահ է, որ հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի ներմանը կհաջորդի ազգային հերոսի կոչման շնորհումը: «Այն, որ Ադրբեջանն առաջին իսկ օրվանից ամեն ինչ անում էր Սաֆարովի էքստրադիցիայի համար, միանշանակ է: Այն, որ Ադրբեջանը այս ընթացքում ոչինչ չխնայեց Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու համար, այդ թվում նաև հսկայական ֆինանսական միջոցներ, ևս միանշանակ է: Այն, որ նրան Ադրբեջանում պետք է ազատ արձակեին, նույնպես պարզ էր: Ես մի պահ անգամ չեմ կասկածում, որ առաջիկայում Սաֆարովին կշնորհեն նաև Ադրբեջանի ազգային հերոսի կոչում»,-հայտարարել է նա PanARMENIAN.Net ի թղթակցին:

Զոհրաբյանը հիշեցրել է Ադրբեջանի օմբուդսմեն Էլմիրա Սուլեյմանովայի խոսքերն այն մասին, որ «Սաֆարովը պետք է հայրենասիրության օրինակ ծառայի երիտասարդների համար», Սաֆարովի աջակցության համար կազմակերպված հանրահավաքները, որի մասնակիցները պահանջում էին նրան ազգային հերոս ճանաչել և նրա անունով դպրոց անվանակոչել: Պատգամավորը հավելել է. «Խնդիրն Ադրբեջանը չէ: Ադրբեջանի համար հայի սպանած Սաֆարովը ազգային հերոս է: Եվրոպայի Խորհրդում կա երկիր, որտեղ հային սպանած մարդը ազգային հերոս է հռչակվում: Այս հացերն անպայման պետք է արծարծել»: Այսօր տեղեկություններ հայտնվեցին Հունգարիայից Ադրբեջան ցմահ բանտարկված Սաֆարովի էքստրադիցիայի մասին, Ադրբեջանում նրան անմիջապես ներում է շնորհվել:

2004թ. փետրվարի 19-ին լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը Բուդապեշտում գազանաբար կացնահարվեց ադրբեջանցի սպա, ավագ լեյտենանտ Ռամիլ Սաֆարովի կողմից: Երկուսն էլ Բուդապեշտում մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կազմակերպված անգլերեն լեզվի դասընթացներին:

2006թ. ապրիլի 13-ին մարդասպանը Բուդապեշտում դատապարտվեց ցմահ բանտարկության՝ 30 տարվա ընթացքում առանց ներման իրավունքի:

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով Գուրգեն Մարգարյանը 2005թ. փետրվարի 19-ին հետմահու պարգևատրվեց «Արիության համար» մեդալով՝ ծառայության ընթացքում դրսևորած արիության ու ինքնազոհողության համար:

Գուրգեն Մարգարյան

2004-ի փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարել է հայ Գուրգենի Մարգարյանին, երբ նա քնած էր: Երկուսն էլ մասնակցում էին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերենի դասընթացներին: Սաֆարովն առաջին հարցաքննության ժամանակ իր արարքի պատճառներն այսպես է բացատրել. «Ափսոսում եմ, որ ոչ մի հայ մինչ այժմ չեմ սպանել... Բանակն ինձ գործուղեց այս դասընթացներին, և այստեղ իմացա, որ մեզ հետ դասընթացներում նաև երկու հայ կա: Ասեմ, որ իմ մեջ ատելություն ծագեց հայերի հանդեպ: Սկզբում բարևում էինք, այսինքն` նրանք էին բարևում, ես չէի պատասխանում: Սպանության պատճառն այն է, որ նրանք անցան մեր մոտով և ժպտացին մեր երեսին: Այդ պահին որոշեցի սպանել նրանց, այսինքն՝ լուսադեմին կտրել գլուխները»:

2006-ի ապրիլի 13-ին Բուդապեշտի առաջին ատյանի դատարանը դատապարտել է Սաֆարովին ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի 30 տարվա ընթացքում: 2007-ի փետրվարին Վճռաբեկ դատարանը դատավճիռն ուժի մեջ է թողել:

2012-ի օգոստոսի 31-ին Հունգարիան Ռամիլ Սաֆարովին արտահանձնել է Ադրբեջանին, որտեղ նրան որպես հերոս են դիմավորել: Նախագահ Իլհամ Ալիևը նրան ներելու մասին հրամանագիր է ստորագրել, վճարել 8 տարվա աշխատավարձն ու բարձրացրել զինվորական կոչումը:

Ավելի ուշ Հայստանի ԱԳՆ-ն Հունգարիայի արտգործնախարարությանը տեղեկացրել է երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու` ՀՀ կառավարության որոշման մասին։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---