Ա. Իսկանդարյան. Հունգարիան հաշվի էր առել Հայաստանի արձագանքը, բայց Բաքվի առաջարկը գերակշռեց

Ա. Իսկանդարյան. Հունգարիան հաշվի էր առել Հայաստանի արձագանքը, բայց Բաքվի առաջարկը գերակշռեց

PanARMENIAN.Net - Որոշում կայացնելով Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու մասին՝ Հունգարիայի իշխանությունները հաշվի առել էին Հայաստանի արձագանքը, և այն, որ այդ որոշումը կհարվածի ոչ միայն Ադրբեջանին, այլ նաև Հունգարիային, սակայն «հուսով են, որ դուրս կգան դրա տակից»: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Կովկասի» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: «Այդ արձագանքը հնարավոր չէր հաշվի չառնել…Նշանակում է, այն, ինչ առաջարկվել էր Հունգարիային, գերակշռեց այն, ինչ ակնկալվում էր, որպես արձագանք»,-ասել է նա:

Ըստ Իսկանդարյանի, նա չի հավատում Հունգարիայի պաշտոնյաների այն հայտարարություններին, թե նրանք հավատացին Ադրբեջանին, որ Սաֆարովին ազատ չեն արձակի, «քանի որ նրանք հասկանում էին, որ արտահանձնումից անմիջապես հետո Սաֆարովը ազատ կարձակվի»:

Նա նշեց, որ Հունգարիայում շատ ծանր տնտեսական իրավիճակ է, ինչն իր ազդեցությունն է թողել Հունգարիայի որոշման վրա: Ինչ վերաբերում է Հայաստանի և միջազգային հանրության պատասխան քայլերին Հունգարիայի հանդեպ, ապա նրանք չեն կարող ճնշում գործադրել Բուդապեշտի վրա, կարող են միայն դատապարտել, թեև դա կոնկրետ արդյունքի չի հանգեցնի և Սաֆարովին հետ Հունգարիա չի վերադարձնի:

Իսկանդարյանը կարծիք է հայտնել նաև, որ դժվար թե ողջ համաշխարհային հանրությունը միանա Հունգարիայի դատապարտմանը՝ նշելով, որ «աշխարհը չի սահմանափակվում Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային ափով»:

Գուրգեն Մարգարյան

2004-ի փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարել է հայ Գուրգենի Մարգարյանին, երբ նա քնած էր: Երկուսն էլ մասնակցում էին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերենի դասընթացներին: Սաֆարովն առաջին հարցաքննության ժամանակ իր արարքի պատճառներն այսպես է բացատրել. «Ափսոսում եմ, որ ոչ մի հայ մինչ այժմ չեմ սպանել... Բանակն ինձ գործուղեց այս դասընթացներին, և այստեղ իմացա, որ մեզ հետ դասընթացներում նաև երկու հայ կա: Ասեմ, որ իմ մեջ ատելություն ծագեց հայերի հանդեպ: Սկզբում բարևում էինք, այսինքն` նրանք էին բարևում, ես չէի պատասխանում: Սպանության պատճառն այն է, որ նրանք անցան մեր մոտով և ժպտացին մեր երեսին: Այդ պահին որոշեցի սպանել նրանց, այսինքն՝ լուսադեմին կտրել գլուխները»:

2006-ի ապրիլի 13-ին Բուդապեշտի առաջին ատյանի դատարանը դատապարտել է Սաֆարովին ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի 30 տարվա ընթացքում: 2007-ի փետրվարին Վճռաբեկ դատարանը դատավճիռն ուժի մեջ է թողել:

2012-ի օգոստոսի 31-ին Հունգարիան Ռամիլ Սաֆարովին արտահանձնել է Ադրբեջանին, որտեղ նրան որպես հերոս են դիմավորել: Նախագահ Իլհամ Ալիևը նրան ներելու մասին հրամանագիր է ստորագրել, վճարել 8 տարվա աշխատավարձն ու բարձրացրել զինվորական կոչումը:

Ավելի ուշ Հայստանի ԱԳՆ-ն Հունգարիայի արտգործնախարարությանը տեղեկացրել է երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու` ՀՀ կառավարության որոշման մասին։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---