Հրանտ Բագրատյան. Հայաստանը չպետք է բանակցի Հունգարիայի հետ, քանի դեռ Սաֆարովը չի վերադարձվել այդ երկիր

Հրանտ Բագրատյան. Հայաստանը չպետք է բանակցի Հունգարիայի հետ, քանի դեռ Սաֆարովը չի վերադարձվել այդ երկիր

PanARMENIAN.Net - Հայաստանը չպետք է բանակցի Հունգարիայի հետ, քանի դեռ Ռամիլ Սաֆարովը չի վերադարձվել այդ երկիր: Սեպտեմբերի 3-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը նման դիրքորոշում է հայտնել հայ սպային կացնահարած Ռամիլ Սաֆարովին Հունգարիայի կողմից Ադրբեջանին արտահանձնելու վերաբերյալ: «Մենք այլ լծակներ չունենք, այլ ելք չունենք»,-ասել է նա:

Նախկին վարչապետը նշել է, որ Հայաստանն անհապաղ պետք է խզեր դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ:

Օգոստոսի 15-ին հունգարացի իրավապահներին հասցեագրված նամակում երաշխիքներ են տրվել, որ Սաֆարովի ցմահ բանտարկությունը կարող է փոխվել դատարանի որոշմամբ միայն ազատազրկման այլ ժամկետի, իսկ պայմանական կարող է ազատ արձակվել միյն 25 տարի պատիժը կրելուց հետո:

Հունգարական կողմը նոտա է հանձնել Ադրբեջանին, որտեղ ասվում է, որ Բաքուն դրժել է իր իսկ խոստումները Ռամիլ Սաֆարովի արտահանձնման պայմանների մասին, հայտնում է Հունգարիայի կառավարության կայքը:

Գուրգեն Մարգարյան

2004-ի փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարել է հայ Գուրգենի Մարգարյանին, երբ նա քնած էր: Երկուսն էլ մասնակցում էին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերենի դասընթացներին: Սաֆարովն առաջին հարցաքննության ժամանակ իր արարքի պատճառներն այսպես է բացատրել. «Ափսոսում եմ, որ ոչ մի հայ մինչ այժմ չեմ սպանել... Բանակն ինձ գործուղեց այս դասընթացներին, և այստեղ իմացա, որ մեզ հետ դասընթացներում նաև երկու հայ կա: Ասեմ, որ իմ մեջ ատելություն ծագեց հայերի հանդեպ: Սկզբում բարևում էինք, այսինքն` նրանք էին բարևում, ես չէի պատասխանում: Սպանության պատճառն այն է, որ նրանք անցան մեր մոտով և ժպտացին մեր երեսին: Այդ պահին որոշեցի սպանել նրանց, այսինքն՝ լուսադեմին կտրել գլուխները»:

2006-ի ապրիլի 13-ին Բուդապեշտի առաջին ատյանի դատարանը դատապարտել է Սաֆարովին ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի 30 տարվա ընթացքում: 2007-ի փետրվարին Վճռաբեկ դատարանը դատավճիռն ուժի մեջ է թողել:

2012-ի օգոստոսի 31-ին Հունգարիան Ռամիլ Սաֆարովին արտահանձնել է Ադրբեջանին, որտեղ նրան որպես հերոս են դիմավորել: Նախագահ Իլհամ Ալիևը նրան ներելու մասին հրամանագիր է ստորագրել, վճարել 8 տարվա աշխատավարձն ու բարձրացրել զինվորական կոչումը:

Ավելի ուշ Հայստանի ԱԳՆ-ն Հունգարիայի արտգործնախարարությանը տեղեկացրել է երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու` ՀՀ կառավարության որոշման մասին։

 Ուշագրավ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
---