Է. Նալբանդյան. ՀՀ-ն և Արգենտինան համակարծիք են, որ հիմնախնդիրները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով

Է. Նալբանդյան. ՀՀ-ն և Արգենտինան համակարծիք են, որ հիմնախնդիրները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 4-ին կայացավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և պաշտոնական այցով Երևան ժամանած Արգենտինայի նախարար Հեկտոր Մարկոս Թիմերմանի համատեղ մամլո ասուլիսը: Իր խոսքում նախարար Նալբանդյանը նշեց, որ այս տարի մենք նշում ենք հայ-արգենտինական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20 ամյակը, և կարող ենք արձանագրել, որ Արգենտինայի հետ մենք ունենք բավականին ինտենսիվ համագործակցություն։ «Մենք շատ կարևորում ենք ջերմ և բարեկամական հարաբերությունները Արգենտինայի հետ և դրա մասին խոսում է այն փաստը, որ Լատինական Ամերիկայում առաջին դեսպանատունը մենք բացեցինք հենց այդ երկրում, Արգենտինան առաջին լատինաամերիկյան երկիրն է, որի հետ մենք վերացրել ենք մուտքի արտոնագրային ռեժիմի պահանջը: Իր հերթին, Արգենտինայի դեսպանատունը Հայաստանում առաջինն էր Հարավային Կովկասում», ասաց նախարարը:

Ինչպես նշեց Էդվարդ Նալբանդյանը, երկկողմ հարաբերություններում շատ մեծ դեր է խաղում բազմահազարանոց արգենտինահայ համայնքը։ Ժամանակին Արգենտինան մեծ հոգատարությամբ ընդունեց Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերին, ովքեր դարձան այդ երկրի արժանի քաղաքացիները և այսօր իրենց աշխատանքով և ձեռքբերումներով բարձր են պահում թե հայ, թե արգենտինացի ժողովուրդների պատիվը համաշխարհային մակարդակում։

«Արգենտինան նաև Հայոց ցեղասպանությունը օրենքի մակարդակով ընդունած և դատապարտած երկիր է, որի համար առանձնահատուկ երախտագիտություն եմ ուզում հայտնել»,- ասաց նախարարը:

«Մեր հարաբերություններում կարևոր տեղ է գրավում նաև տնտեսական համագործակցությունը։ Արգենտինան մեր տնտեսության մեջ ամենամեծ ներդրողներից է։

Պարոն Թիմերմանի հետ զրույցի ընթացքում մենք անդրադարձանք բավականին լայն հարցերի շրջանակի։ Պայմանավորվեցինք շարունակել աշխատանքները երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտը ընդլայնելու ուղղությամբ, ամրապնդել միջազգային կազմակերպություններում համագործակցությունը, առևտրատնտեսական, մշակութային և գիտակրթական փոխգործակցությունը։ Անդրադարձ կատարվեց համատեղ հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային հարցերին»,-ասաց նախարարը:

«Քննարկեցինք նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Պարոն Թիմերմանը ներկայացրեց Մալվինյան / Ֆոլկլենդյան կղզիների շուրջ իրավիճակը: Մենք համակարծիք ենք, որ հիմնախնդիրները պետք է լուծվեն միմիայն խաղաղ ճանապարհով և միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա:

Իհարկե, չէինք կարող չանդրադառնալ հունգարա-ադրբեջանական խայտառակ գործարքի արդյունքում վերջին օրերին ստեղծված իրավիճակին: Սաֆարովի հանցագործությունից ի վեր Ադրբեջանը հետևողականորեն փառաբանում էր այս սարսափելի ոճրագործությունը՝ անգամ այն աստիճանի, որ մարդասպանին ներկայացնում էր որպես օրինակ ադրբեջանցի երիտասարդության համար: Եվրախորհուրդի, Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ երկիրը ինչպե՞ս կարող էր ձևացնել, որ հավատում է Ադրբեջանի սին խոստումներին և գնալ նման կասկածելի քայլի: Միջազգային հանրության մոտ մեծ մտահոգություն է առաջացրել այս գործարքը:

Սեփական երկիրը լիովին թաղելով կոռուպցիայի մեջ՝ ադրբեջանական իշխանությունները փորձում են արտահանել այդ արատը այլ երկրներ, տեղափոխել միջպետական հարաբերությունների մակարդակ: Այս մասին վերջին տարիներին բազմաթիվ հրապարակումներ են եղել միջազգային մամուլում: Սա լուրջ զգուշացում է այն երկրներին և քաղաքական գործիչներին, որոնց մոտ նման գործարքների գնալու գայթակղություն է առաջանում:

Միջազգային հանրությունը չի կարող հանդուրժել բանակցային գործընթացի քողի տակ Ադրբեջանի արկածախնդիր քաղաքականության շարունակումը, որը լուրջ սպառնալիք է տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության համար»,-ասել է Էդվարդ Նալբանդյանը իր արգենտինացի պաշտոնակցի հետ համատեղ մամլո ասուլիսում:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---