ԱՅՍ ՏԱՐԻ ԲՈՒՆԴԵՍԹԱԳԻՆ ԱՌԻԹ Է ԸՆՁԵՌՆՎԵԼ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՀԻՇԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԳՐՈՒՄ Է ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԹԵՐԹԸ

PanARMENIAN.Net - 90 տարի առաջ երիտթուրքերի կառավարության հրամանով ոչնչացվել էր Թուրքիայի հայկական էլիտան: Դրանով իսկ հալածանքների եւ արտաքսումների սկիզբն էր դրվել, որոնց ընթացքում 1916 թվականին շուրջ կես միլիոն հայ էր կոտորվել, փետրվարի 24-ի համարում գրում է գերմանական «Frankfurter Algemeine Zeitung» թերթը, տեղեկացնում է «Ռեգնում» ռուսաստանյան լրատվական գործակալությունը: Ինչպես գրում է թերթը, Գերմանիայի քրիստոնեա-ժողովրդավարական եւ Քրիստոնեա-սոցիալիստական կուսակցությունները Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հաշտությանն աջակցելու, ինչպես նաեւ այդ ողբերգական իրադարձություններին գերմանական ռեյխի մասնակցությունը ճշտելու նպատակով Բունդեսթագում հանդես են եկել առաջարկությամբ` հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերին: Այնուհետեւ թերթում «Ցեղասպանությունը խորհրդարանում. Բունդեսթագը պե՞տք է հարգանքի տուրք մատուցի զոհված հայերի հիշատակին» վերնագրով նշվում է, որ այդ առաջարկության մեծամասնությամբ ընդունումը շրջադարձային իրադարձություն կդառնա: Ընդսմին, թերթը հիշեցնում է, որ Թուրքիան մինչեւ օրս հրաժարվում է պատասխանատվություն ստանձնել կատարվածի համար: Թերթը ենթադրում է, որ Բունդեսթագի բանաձեւը նման չէ Ֆրանսիայի խորհրդարանի կողմից 4 տարի առաջ ընդունած օրենսդրական ուժ ունեցող որոշմանը, որն այն ժամանակ գերմանական քաղաքագետների շրջանակում վիճաբանությունների ալիք էր առաջացրել: Վերջիններս կապել էին այդ հարցը թուրքերի ինքնագիտակցության աճի հետ, ինչպես նաեւ հայտարարել էին, որ պատմական իրադարձություններին գնահատական տալը չի մտնում խորհրդարանի պարտականությունների մեջ: Հոդվածում հիշատակվում է նաեւ հայկական հարցի ամերիկյան հանգուցալուծումը, երբ Ներկայացուցիչների պալատին ուղղված Բիլլ Քլինթոնի նամակը թույլ չէր տվել ընդունել համապատասխան բանաձեւ` «ԱՄՆ ազգային շահերից ելնելով»: Այն ժամանակ Թուրքիան սպառնացել էր ԱՄՆ-ին փակել Ինջիրլիկում տեղակայված ռազմակայանը, իսկ Թուրքիայի նախկին վարչապետ Չիլլերը` տեղահանել հայերին երկրում անօրինական բնակության համար: Թերթը նաեւ հիշատակում է, որ 2000 թվականի ապրիլին Գերմանիայի 6 հազար հայեր Բունդեսթագ դիմում էին ներկայացրել` կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը, որը մեկ տարի անց մերժվել էր, որպեսզի չփչացնել թուրք-գերմանական դիվանագիտական հարաբերությունները: ԳՔԺ եւ ԳՔՍ խմբակցությունները ցանկություն են հայտնել աջակցել Թուրքիայում աշխատող պատմաբաններին եւ հրատարակիչներին, որոնք կլուսաբանեն ճշմարտությունը եւ դրանով կօժանդակեն իրենց պատմության հետ հնազանդվելու բարդ խոչընդոտի հաղթահարմանը: 1915 թվականի հոկտեմբերին Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ Թուրքիան եւ Գերմանիան դաշնակիցներ էին, աստվածաբան Լեպսիուսը ելույթ էր ունեցել Ռեյխսթագում: Դատապարտելով տեղահանումը եւ ցեղասպանությունը` նա Գերմանիայի կառավարությանը կոչ էր արել անհապաղ միջամտել իրադարձություններին, ինչից հետո այդ թեման ռազմական գրաքննության հսկողության տակ էր առնվել: Թերթը նշում է նաեւ, որ այս տարի Բունդեսթագին առիթ է ընձեռնվել պաշտոնապես հիշել Հայոց ցեղասպանությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---