Է.Շարմազանով. Հարկավոր է բարձրակարգ մասնագետներին ներգրավել երկրի կառավարման ու տնտեսության տարբեր ոլորտներում

Է.Շարմազանով. Հարկավոր է բարձրակարգ մասնագետներին ներգրավել երկրի կառավարման ու տնտեսության տարբեր ոլորտներում

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 19-ին հանդիպեց «Այրեքս» միջազգային կազմակերպության ծրագրերով արտերկրում ուսանած հայաստանցի երիտասարդ մասնագետների հետ, հայտնում է ԱԺ մամլո ծառայությունը:

Ազատ ու անկաշկանդ մթնոլորտում ծավալված զրույցի ընթացքում անդրադարձ եղավ Հայաստանի ներկային ու ապագային, քաղաքական համակարգին, տնտեսության զարգացմանը, կրթության ոլորտի բարեփոխումներին, պետականաշինության գործում երիտասարդ բարձրակարգ մասնագետներին ներգրավելու անհրաժեշտությանը, տարածաշրջանային անվտանգության խնդիրներին:

Արտերկրում կրթություն ստացած մասնագետների խնդրանքով Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ Հայաստանի հանրապետական կուսակցության` ազգային ժողովրդավարական անկախ պետություն ստեղծելուն ու այն զարգացնելուն միտված գաղափարախոսությանը, կուսակցության անցած ճանապարհին ու ներկային: Անդրադրձ եղավ նաև սեպտեմբերի 15-ին Հայաստանի կառավարության անդամների հետ խորհրդակցության ժամանակ ՀՀ նախագահի հնչեցրած մտահոգություններին ու համապատասխան ցուցումներին, որոնք վերաբերում էին երկրի տնտեսությունն արգելակող հովանավորչության ու կոռուպցիայի արատավոր երևույթներին ու դրանց բացառմանը: «Այս խորհրդակցությունը մեկ անգամ ևս փաստում է այն մասին, որ Հանրապետական կուսակցությունն ու նրա ղեկավարը հետևողական են երկրի ու նրա տնտեսության զարգացման նպատակադրման հարցում, միշտ էլ պատրաստ են ծավալելու բաց և թափանցիկ քննարկումներ, մատնացույց անելու թերություններն ու բացթողումները և գտնելու հիմնախնդիրների լուծման արդյունավետ ուղիները: Մեր խնդիրները մենք պետք է լուծենք և ձախողումների պատճառը նախ և առաջ մեր մեջ փնտրենք` իհարկե, հաշվի առնելով նաև արտաքին մարտահրավերները»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

Անդրադառնալով երկրի տնտեսության զարգացման հեռանկարներին` ԱԺ փոխնախագահը նկատեց, որ տնտեսությունը պետք է լինի դիվերսիֆիկացված ու գիտելիքահենք, որին ուղղված հետևողական աշխատանքներ են իրականացվում: Այս հարցում, ըստ Էդուարդ Շարմազանովի, մրցակցությունը կա և մնում է առաջընթացի կարևորագույն պայմանը:

Երիտասարդ մասնագետներին հետաքրքրում էին նաև, թե Հայաստանն ինչ միջոցառումներ է ձեռնարկում Ադրբեջանի ծավալած հակահայկական քարոզչության դեմն առնելու համար, և ինչպես է աշխարհն արձագանքում Ադրբեջանի` մարդասպան Սաֆարովին արդարացնելու, ապա նաև հերոսացնելու` միջազգային կոնվենցիաներին հակասող խայտառակ փաստին: «Առանց ազգային անվտանգության խնդիրների կարգավորման հնարավոր չէ ունենալ ոչ ժողովրդավարություն, ոչ զարգացած տնտեսություն և ոչ էլ բնապահպանության խնդիրների արդյունավետ լուծում: Սեփական ժողովրդին և միջազգային հանրությանը ադրբեջանական իշխանությունների ապակողմնորոշող և կեղծ քարոզչությունը, որը հղի է անկանխատեսելի հետևանքներով, սպառնալիք է համամարդկային արժեքներին և մեր երկրի ազգային անվտանգությանը»,-նշեց Էդուարդ Շարմազանովը: Նա տեղեկացրեց, որ փորձագիտական շրջանակների միջոցով, արտգործնախարարության ու խորհրդարանական դիվանագիտության կատարած քայլերով փորձ է արվում կանխել այդ կեղծ տեղեկատվությունը, սակայն դրանք բավարար չեն, և այս կարևոր գործում պետք է ներգրավվեն բոլոր մասնագետները, ողջ քաղաքացիական հասարակությունը` ի դեմս հասարակական կազմակերպությունների` աշխարհին ներկայացնելով իրականությունն ու պատմական ճշմարտությունը:

Անդրադառնալով Սաֆարովին Ադրբեջանին փոխանցելու Հունգարիայի իշխանությունների քայլին` ԱԺ փոխնախագահը նկատեց, որ Հայաստանի իշխանությունները այդ հարցում բնավ էլ չեն մեղադրում հունգար բարեկամ ժողովրդին կամ էլ Հունգարիայի պետությանը, այլ միայն այն պաշտոնյաներին, ովքեր կատարել են այդ հակաժողովրդական քայլը` շատ լավ իմանալով, որ հանցագործը անօրինաբար արդարացվելու է իր երկրում:

Հանդիպման մասնակիցների խնդրանքով Էդուարդ Շարմազանովն անդրադառնալով կրթության ոլորտում կատարվող բարեփոխումներին ու բարձրակարգ մասնագետներին երկրի կառավարման ու տնտեսության տարբեր ոլորտներում ներգրավելու անհրաժեշտությանը, պատրաստակամություն հայտնեց աջակցելու նրանց հուզող խնդիրները ԱԺ մասնագիտացած մշտական հանձնաժողովներում բարձրացնելու, քննարկելու ու համապատասխան լուծումներ գտնելու համար:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---