
Սեպտմեբերի 19-ին Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականը վերջին հանդիպումն անցկացրեց Եվրոպայի կանանց առաջնության խմբային մրցաշարում:
Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում հայ ֆուտբոլիստուհիները ուժերը չափեցին Չեխիայի հետ: Հանդիպման առաջին իսկ րոպեներից չեխ ֆուտբոլիստուհիներն իրենց ձեռքը վերցրին խաղի ղեկն ու նետվեցին գրոհի: Արդյունքում, արդեն 13-րդ րոպեին Մարկետա Ռինգելովան բացեց խաղի հաշիվը:
Չնայած ակնհայտ առավելությանը, Չեխիայի ընտրանին առաջին կեսում այլևս չկարողացավ գրավել Աննա Կարապետյանի պաշտպանած դարպասը:
Երկրորդ խաղակեսում չեխերի գլխավոր մարզիչը դաշտ դուրս բերեց Նիկոլա Դանիգելկովային, որն էլ 56-րդ րոպեին խաղի հաշիվը դարձրեց 0:2:
Հայաստանի հավաքականը կրեց հերթական պարտությունը և ընտրական 7-րդ խմբի 8 խաղերում չվաստակեց և ոչ մի միավոր: