ԱՎԱՐՏՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՅՑԸ ԲԵԼԱՌՈՒՍ

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարական պատվիրակության Բելառուս կատարած պաշտոնական այցի վերջին օրը ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հանդիպում է ունեցել երկրի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը: Ինչպես Հայաստանի վարչապետի հետ հանդիպմանը նշել է «Հայաստան» մշակութային-լուսավորական ընկերության նախագահ Գեորգի Եղիազարյանը, հայ համայնքի բոլոր ներկայացուցիչներն անում են ամեն հնարավորը, ազգային ոգին պահպանելու, ինչպես նաեւ սերունդներին հայեցի դաստիարակություն տալու համար: Հայ համայնքի ներկայացուցիչների խոսքերով` Մինսկում գործում են տարրական ուսուցման հայկական կիրակնօրյա դպրոցը, «Էրեբունի» ազգագրական պարի եւ երգի համույթը, որն ազգային փոքրամասնությունների համաբելառուսական փառատոնում գրավել է առաջին տեղը, ինչպես նաեւ շատ այլ կազմակերպություններ: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը գոհունակություն է հայտնել, որ համայնքի անդամներն իրենց դրսեւորում են ոչ միայն որպես Բելառուսի օրինավոր քաղաքացիներ եւ ակտիվորեն մասնակցում պետության տնտեսական ու մշակութային կյանքին, այլեւ կարեւորում են իրենց ազգային նկարագրի պահպանումը եւ ջանում են հնարավորինս իրենց նպաստը բերել հայ-բելառուսական հարաբերությունների զարգացմանը: Նա նաեւ բարձր է գնահատել Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցին նվիրված միջոցառումների անցկացումը Բելառուսում: Հայ համայնքի ներկայացուցիչների խնդրանքով Ա.Մարգարյանը ներկայացրել է հայ-թուրքական հարաբերությունների ներկա վիճակը, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը: Անդրանիկ Մարգարյանն այցելել է «Խատին» հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին: Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորած պատվիրակությունն այսօր երեկոյան կվերադառնա Երեւան:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---