«168 ժամ». Բրյուսելում Ծառուկյանը Հայաստանի իշխանություններին անվանել է կոռումպացված

«168 ժամ». Բրյուսելում Ծառուկյանը Հայաստանի իշխանություններին անվանել է կոռումպացված

PanARMENIAN.Net - Երեկ մեկնարկել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակության այցը Բրյուսել: «168 ժամ»-ը գրում է, որ Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ալեխո Վիդալ Քվադրաս Ռոկան Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման ժամանակ, նշել է, «որ առաջիկա նախագահական ընտրություններում Գագիկ Ծառուկյանը կարող է հիանալի թեկնածու լինել, քանզի առանձնանում է մարդկային ու լավատեսական հատկանիշներով»:

«Սա, թերևս, ԲՀԿ-ում համարել են մեծ ձեռքբերում և շտապել են Ծառուկյանի որոշմանը սպասող հանրությանը ևս տեղեկացնել այդ մասին: «Եվրոպական խորհրդարանի, Եվրոպական հանձնաժողովի, ԵՄ արտաքին գործերի գործակալության բարձրաստիճան պաշտոնյաների, Եվրոպական խորհրդարանի խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպումների շարքը մեկնարկել է եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ալեխո Վիդալ Քվադրաս Ռոկայի հետ հանդիպումով: Ողջունելով եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյային՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նշել է, որ ԲՀԿ-ն այսօր այստեղ է եվրոպական կուսակցությունների հետ հարաբերությունները խորացնելու նպատակով, քանի որ եվրոպական ինտեգրումը ԲՀԿ օրակարգի գերակայություններից մեկն է...»,- նշված է ԲՀԿ մամուլի խոսնակի տարածած հաղորդագրության մեջ, որում չի պարզաբանվում, թե ինչպես է Հայաստանում Եվրասիական միության քարոզչությամբ զբաղվող ուժը եվրոպական ինտեգրումը դարձրել «օրակարգի գերակայություն»:

Սրանով, սակայն, Գագիկ Ծառուկյանի բրյուսելյան հանդիպումների ինտրիգը չի ավարտվում: Հայաստանում գործող իշխանությունների հասցեին առանձնապես համարձակ հայտարարություններով աչքի չընկնող Գագիկ Ծառուկյանը Հայաստանի իշխանությանն անվանել է կոռումպացված:

«Անկաշկանդ շփման ընթացքում (Եվրոպական խորհրդարանի փոխնախագահի հետ.- խմբ.) Գագիկ Ծառուկյանը կարծիք էհայտնել, որ անհնար է երկրում պայքարել կոռուպցիայի դեմ, եթե հիմնական կոռումպացված անձինք են այդ պայքարը ղեկավարում»,- նշված է Գ. Ծառուկյանի խոսնակի տարածած հաղորդագրությունում: Փաստորեն, Գագիկ Ծառուկյանը եվրոպացի պաշտոնյայի մոտ՝ առանց անուններ տալու, անուղղակիորեն հայտարարել է, որ նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, իրավապահ մարմինների ղեկավարները կոռումպացված անձինք են: Համենայդեպս, և՛ Սերժ Սարգսյանը, և՛ Տիգրան Սարգսյանը գրեթե բոլոր հրապարակային ելույթներում խոսում են կոռուպցիայի դեմ պայքարի մասին, Ս. Սարգսյանը հատուկ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում խորհրդակցությունների շարք սկսեց՝ ցույց տալով, որ անձամբ է համակարգում այդ պայքարը:

Ի դեպ, «կեղտոտ սպիտակեղենը» եվրոպացիներին ի ցույց դնելու անթույլատրելիության մասին թեզը հայկական քաղաքական լեքսիկոն ներմուծվեց նախկին արտգործնախարար, ներկայումս՝ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի կողմից, ով այդպես էր մեկնաբանում երբեմնի ընդդիմության՝ Հայաստանի խնդիրները եվրոպացիների առաջ բարձրաձայնելու քայլերը»,-եզրափակում է թերթը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---