Հայ-շվեյցարական բազմաոլորտ համագործակցությունը կակտիվանա

Հայ-շվեյցարական բազմաոլորտ համագործակցությունը կակտիվանա

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 13-14-ը Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի պետքարտուղար Իվ Ռոսիեի Հայաստան կատարած այցի շրջանակներում` դեկտեմբերի 14-ին, Հայաստանի և Շվեյցարիայի արտաքին գործերի գերատեսչությունների միջև անցկացվեցին քաղաքական խորհրդակցություններ: Հայկական կողմից խորհրդակցությունները վարում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը, շվեյցարական կողմից` պետքարտուղար Իվ Ռոսիեն:

Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, կողմերը քննարկեցին երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ: Կարևորվեց վերջին տարիներին հայ-շվեյցարական հարաբերություններում ձևավորված բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը և նշվեց բարձրաստիճան այցերի ու փոխշփումների դինամիկան հետագա տարիներին ևս շարունակաբար ակտիվացնելու անհրաժեշտությունը:

Լավ հիմք համարելով ավելի քան 20 տարի ի վեր Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության և ՀՀ մի շարք գերատեսչությունների միջև արդյունավետ գործընկերությունը` ընդգծվեց հայ-շվեյցարական բազմաոլորտ համագործակցության, մասնավորապես` տնտեսական ծրագրերի խթանման, մշակութային և կրթական փոխանակումների, ինչպես նաև ֆրանկոֆոնիայի շրջանակներում աշխատանքների ակտիվացման կարևորությունը:

ՀՀ ԱԳ փոխնախարարը հանգամանալից ներկայացրեց ՀՀ-ԵՄ համագործակցությունը, այդ թվում` Ասոցացման համաձայնագրի և խորը ու համապարփակ ազատ առևտրի գոտու դրույթների բանակցություններում արձանագրված առաջընթացը:

Կողմերը քննարկեցին ԵՄ շրջանակներում, որպես ԵՄ գործընկեր պետություններ, համագործակցության հնարավորությունները:

Անդրադարձ կատարվեց միջազգային կառույցների, այդ թվում` Եվրոպայի Խորհրդում 2013թ. Հայաստանի նախագահության և ԵԱՀԿ-ում 2014թ. Շվեյցարիայի նախագահության շրջանակներում փոխգործակցությանը:

Տեղի ունեցավ մտքերի փոխանակում միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ: Փոխնախարար Մնացականյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ հայկական կողմի մոտեցումները: Փոխադարձաբար ներկայացվեցին տարածաշրջանի և հարևան երկրների հետ հարաբերությունները:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---