ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԶԵՐԾ ՊԱՀԵԼ ԻՐԵՆՑ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ ԼՂՀ ՄԱՍԻՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԻՑ

PanARMENIAN.Net - ԼՂՀ ԱԳՆ-ն չափազանց դրական է վերաբերվում ադրբեջանական լրագրողների եւ հասարակական գործիչների այցերին Լեռնային Ղարաբաղ, քանի որ գտնում է, որ անհրաժեշտ է պատշաճ հետաքրքրություն դրսեւորել հարեւան երկրների ներքին կյանքի հանդեպ: Այդ մասին Հայաստանի երկրորդ հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Արման Մելիքյանը: «Այս պահին այդ երկիրը մեր հանդեպ թշնամական զգացմունքներ է տածում, եւ մենք պետք որքան հնարավոր է շատ բան իմանանք հանրության տրամադրությունների մասին, քանի որ այն, ինչ հրապարակվում է ադրբեջանական մամուլում, բխում է քաղաքական վերնախավի շահերից»,-ավելացրել է նախարարը: Ըստ էության, նշել է նա, ադրբեջանական իշխանությունները փորձում են զերծ պահել իրենց հանրությանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասին ճշմարտությունից: «Մենք պետք է փորձենք այդ ճշմարտությունը հասցնել ադրբեջանցիներին, նրանք իրավունք ունեն իմանալու, թե ինչ է կատարվում ԼՂՀ-ում: Մենք պատրաստ ենք տրամադրել այդ հնարավորությունը ադրբեջանցի լրագրողներին կամ հասարակական գործիչներին»,-հայտարարել է Արման Մելիքյանը: Նրա խոսքերով, մեկ անգամ չէ, որ Ադրբեջանից մարդիկ եկել են Ղարաբաղ, շփվել են հասարակության բոլոր խավերի եւ հանրապետության իշխանությունների հետ եւ կարողացել են հստակ պատկերացում կազմել այսօրվա ԼՂՀ մասին, ժողովրդի ակնկալիքների մասին: Եվ երբ համոզվում են, որ Ղարաբաղի շարքային բնակիչը ԼՂՀ-ն պատկերացնում է միայն անկախ կարգավիճակում եւ այդ պայմանով կարող է նորմալ հարաբերություններ հաստատել Ադրբեջանի հետ` դա շատ կարեւոր է երկու ժողովրդների համար: «Այն ժողովուրդը, այն իշխանությունը եւ պետությունը, որոնք աչք են փակում ճշմարտության վրա, չեն ցանկանում օբյեկտիվորեն գնահատել իրականությունը, դատապարտված են անհաջողության»,-ամփոփել է Արման Մելիքյանը:


 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---