Արման Մելիքյանը պահանջում է հրապարակել ընտրողների տվյալները

Արման Մելիքյանը պահանջում է հրապարակել ընտրողների տվյալները

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի թեկնածու, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը նամակ է գրել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանին:

Ըստ նախագահի թեկնածուի` Հայաստանում ընտրությունների իրավաչափությունը ճանաչելու համար նախատեսված իրավական չափորոշիչները վստահություն չեն ներշնչում, ինչը հանգեցրել է հանրության մի զգալի մասի մոտ այն ոչ անհիմն համոզմունքի ձևավորմանը, ըստ որի իշխանությունները մշտապես կեղծել են ընտրությունները: Արման Մելիքյանը կարծում է, որ ստեղծված պայմաններում այս խնդիրը կարող է լուծվել միայն հասարակության ու իշխանության միջև գործնական երկխոսության արդյունքում, այսինքն` վիճելի հարցերի վերաբերյալ քաղաքական փոխհամաձայնության հանգելու ճանապարհով:

Տիգրան Մուկուչյանին ուղղված նամակում ասված է. «Քանի որ Հայաստանի Հանրապետությունում անցկացվող բոլոր մակարդակների ընտրությունների գործնական կազմակերպումը և ՀՀ օրենսդրությանը դրանց համապատասխանության ապահովումը ՀՀ ԿԸՀ-ի գործառույթն է, որպես առաջիկայում կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածու հարկ եմ համարում մտահոգությունս հայտնել այն կապակցությամբ, որ ՀՀ-ից արտագաղթած հարյուր հազարավոր ընտրողների քվեները կարող են տարբեր եղանակներով օգտագործվել ընտրակեղծարարների կողմից հօգուտ իրենց նախընտրած թեկնածուի: Նախկինում անցկացված նախագահական և խորհրդարանական ընտրություններում քվեարկած քաղաքացիների թվաքանակի վերաբերյալ ներկայացված պաշտոնական ամփոփիչ տվյալները բացահայտորեն անարժանահավատ են և ամենապարզ հաշվարկներով առնվազն 400-500 հազարով գերազանցում են ՀՀ-ում փաստացիորեն մնացած ընտրողների քանակը: Այս առումով, համեմատաբար ճշմարիտ կարելի է համարել միայն 2012թ. տարեվերջին երկու ընտրատեղամասերում անցկացված լրացուցիչ խորհրդարանական ընտրությունների մասնակիցների վերաբերյալ թվային տվյալները, որոնց համաձայն դրանց մասնակցել էր գրանցված ընտրողների միջինը` մոտ երեսունհինգ տոկոսը: Առաջիկայում ընտրություններին իրականում մասնակցած ընտրողների թվի վերաբերյալ ցանկացած կասկած կանխելու համար նպատակահարմար եմ գտնում հրապարակել ՀՀ անկախացումից ի վեր`

- ՀՀ քաղաքացիություն ընդունած երկքաղաքացիների,

- ՀՀ-ից հեռացած քաղաքացիների,

- ՀՀ քաղաքացիությունից դուրս եկած անձանց վերաբերյալ պաշտոնական վիճակագրական տվյալները: Հասկանալի է, որ այդ տվյալները բացարձակ ճշգրիտ լինել չեն կարող և կունենան սխալմունքի որոշակի չափ, սակայն, անգամ մոտավոր տվյալների հրապարակումն արդեն որոշակիություն կմտցնի այս հարցում: Մեր գնահատմամ,բ երկու աշխատանքային շաբաթը բավարար ժամանակ է համապատասխան տեղեկատվությունը ստանալու համար, եթե նման հրահանգ տրվի` գյուղական բնակչության մասով գյուղապետերին, իսկ քաղաքային բնակչության մասով` շենքերի լիազորներին:

Իմ նախընտրական շտաբը ևս, հիմնվելով բաց շրջանառության մեջ գտնվող պաշտոնական և ոչ-պաշտոնական տվյալների վրա, ինքնուրույն կկատարի համապատասխան հաշվարկներ, որոնք և կներկայացվեն հանրությանը»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---