Աշնանը Երևանում կսկսի գործել Արդարադատության ակադեմիան

Աշնանը Երևանում կսկսի գործել Արդարադատության ակադեմիան

PanARMENIAN.Net - Փետրվարի 1-ին ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Դավիթ Հարությունյանի նախագահությամբ քննարկեց և ԱԺ գարնանային, ինչպես նաև՝ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկվելու համար դրական եզրակացություն տվեց մի շարք օրինագծերի:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանը քննարկման ներկայացրեց «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և մի խումբ այլ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը, որով առաջարկվում է համապատասխանեցնել ՀՀ քրեական, քաղաքացիական ու վարչական օրենսգրքերի որոշ հոդվածներ և քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածով քրեական պատասխանատվություն նախատեսել ոչ միայն քրեական և քաղաքացիական, այլ նաև՝ վարչական գործով ապացույցները կեղծելու համար: Առաջարկվում է նաև համապատասխանեցնել հիշյալ օրենսգրքերում օգտագործվող հասկացությունները և վերացնել բազմազանությունը:

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը պատգամավորների քննարկմանը ներկայացրեց «Արդարադատության ակադեմիայի մասին» օրինագիծը և կից օրենսդրական փաթեթը, նշելով, որ 2500 քմ մակերեսով նորաստեղծ ակադեմիան նախատեսվում է շահագործման հանձնել աշնանը: Նախարարի խոսքով՝ մեկ կառույցում դատավորների և դատախազների համար կազմակերպվող ուսումնառությունը կնպաստի ռեսուրսների արդյունավետ կառավարմանը, դատական և դատախազական համակարգերի մասնագիտական մերձեցմանը:

«Հանրային ծառայությունների համարանիշի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը քննարկման ներկայացրեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը: Նա տեղեկացրեց, որ մինչ «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելը՝ ընդունվել և մինչ այժմ գործում են բազմաթիվ իրավական ակտեր, որոնցում կիրառվում է «սոցիալական ապահովության քարտ» հասկացությունը: Քննարկվող օրինագծի համապատասխան դրույթով նախատեսվում է, որ այն դեպքերում, երբ քաղաքացիների իրավունքների իրացման համար պահանջվում է սոցիալական ապահովության քարտի կիրառություն, քաղաքացին կարող է ներկայացնել իր հանրային ծառայությունների համարանիշը:

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը քննարկման ներկայացրեց նաև «Դատախազության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերը, որոնցում նախատեսվող փոփոխությունները վերաբերում են նշված համակարգերում համազգեստ կրելու պարտադիր լինելուն: Մասնավորապես՝ առաջարկվում է համազգեստի կրումը պարտադիր դարձնել ոչ միայն կենտրոնական դատախազությունում և կայազորների զինվորական դատախազություններում պաշտոն զբաղեցնող դատախազների, ինչպես ներկայում է, այլ նաև բոլոր դատախազների ու հատուկ քննչական ծառայության ծառայողների համար:

Հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկված մի շարք օրինագծերի քննարկումը հեղինակների առաջարկով հետաձգվեց, հայտնում է ԱԺ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---