TNS opinion. Ս.Սարգսյանն առաջատար է, բայց նրա քվեները նվազել են, Ր.Հովհաննիսյանինը` ավելացել

TNS opinion. Ս.Սարգսյանն առաջատար է, բայց նրա քվեները նվազել են, Ր.Հովհաննիսյանինը` ավելացել

PanARMENIAN.Net - Եթե նախագահական ընտրությունները կայանային նախորդ շաբաթ, Սերժ Սարգսյանը կհավաքեր 58,0% վավեր քվե`10,6% -ով պակաս 2013-ի հունվարի հարցման տվյալների համեմատ: Րաֆֆի Հովհաննիսյանը կստանար 33,0% վավեր քվե`12,2%-ով ավելի: Նախագահական ընտրություններից 9 օր առաջ TNS opinion-ը ներկայացրեց «Հայաստանը՝ նախագահական ընտրությունների նախաշեմին» հարցման արդյունքները, որոնք բնութագրում են հայաստանցի ընտրողների տրամադրությունները և մտադրությունները, ինչպես նաև թեկնածուների ընթացիկ քարոզարշավի վերաբերյալ մարդկանց տեսակետները:

Պարզելու համար ընտրությունների երկրորդ փուլի հավանականությունը՝ TNS opinion ը գնահատել է նաև քվեարկելու հաստատակամությունը և վերլուծել այն հարցվածների բնութագրերը, ովքեր չեն բացահայտել ընտրելու իրենց մտադրությունները: Համաձայն այդ վերլուծության՝ Ր. Հովհաննիսյանն այժմ գտնվում է 26%-34% միջակայքում, իսկ Ս. Սարգսյանը՝ 58%-66%, և առաջին փուլում գործող նախագահի հաղթանակը շատ հավանական է՝ հիմնվելով ընտրություններից երկու շաբաթ առաջ տիրող իրավիճակի վրա:

Հունվարի 31-ին դեռևս չպարզված հանգամանքներում ուսին հրազենային վնասվածք ստացած թեկնածու Պարույր Հայրիկյանի ընտրողները հիմա շատ ավելի վստահ են, որ իրենց որոշումը վերջնական է, նաև աճել է հասարակության տեղեկացվածությունը Հայրիկյանի մասին: Այնուամենայնիվ, նրա ընտրողների թիվը մնում է կայուն՝ կազմելով 4,9%: Հրանտ Բագրատյանն այժմ հավաքում է 1,6% պակաս ձայն, քան հունվարին՝ ստանալով 2,8% վավեր քվե: Ինչպես և հունվարին, հարցվածները մեծամասամբ ծանոթ չեն մյուս չորս թեկնածուներին, ովքեր միասին հավաքում են 1,5%-ից պակաս վավեր քվե:

«Այժմ մենք տեսնում ենք, որ նախագահ Սերժ Սարգսյանը կրկին ունի առավել վստահ ընտրողներ, որոնց թիվը գրեթե երկու անգամ գերազանցում է նրան հաջորդող Րաֆֆի Հովհաննիսյանի համակիրներին: Այդուամենայնիվ, հարցվածները նշում են, որ առայժմ Ր. Հովհաննիսյանի քարոզարշավն ավելի համոզիչ է թվում՝ կենտրոնանալով հիմնականում տնտեսական խնդիրներին ուղղված քարոզչության վրա: Հետաքրքրական է, որ նա այժմ ԲՀԿ-ի համակիրների ավելի մեծ աջակցություն է ստանում, քան գործող նախագահը, ինչը հստակ տարբերվում է մեր նախորդ հարցման տվյալներից»,- ասաց TNS opinion բրյուսելյան գրասենյակի՝ մեթոդների և վիճակագրության տնօրեն Սթիվ Շվարցերը:

«Ընտրողների ավելի քան 2/3-ը հավատում է, որ առաջիկա նախագահական ընտրությունները նախորդներից ավելի կազմակերպված կլինեն, նրանք նաև կարծում են, որ ԶԼՄ-ների լուսաբանումը ավելի չեզոք և անաչառ է, քան նախկինում: Մարդկանց թիվը, ովքեր հաստատում են ընտրություններին մասնակցելու պատրաստակամությունը, գրեթե նույնն է, ինչ 2012-ի մայիսի առավել մրցակցային ընտրությունների ժամանակ», - նշեց Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ ՀԿ գլխավոր քարտուղար Մայքլ Քամբեքը:

TNS opinion-ը հարցումն իրականացրել է իր հայկական գործընկերոջ՝ IPSC-ի հետ: 2013-ի հունվարի 31-ից մինչև փետրվարի 5-ն ընկած ժամանակահատվածում 1.609 դեմառդեմ հարցազրույց է անցկացվել ՀՀ բոլոր 10 մարզերում և Երևանի 12 համայնքներում՝ կիրառելով հնարավոր ամենաբարձր չափանիշները և որակի լայնածավալ վերահսկում: Հարցումը պատվիրել է Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ հասարակական կազմակերպությունը՝ ընտրություններին ընդառաջ փաստացի տվյալների վրա հիմնված քննարկումներ խրախուսելու համար :

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---