Ռուբեն Հակոբյանը` Սերժ Սարգսյանին. Պարտավոր եք ցուցաբերել իմաստնություն և խոհեմություն

Ռուբեն Հակոբյանը` Սերժ Սարգսյանին. Պարտավոր եք ցուցաբերել իմաստնություն և խոհեմություն

PanARMENIAN.Net - Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբը հայտարարում է, որ չի ճանաչում նախագահի ընտրությունների արդյունքները: Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին ասել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

Նա նշել է, որ կեղծված ընտրությունների արդյունքում հանրապետության գրեթե ողջ տարածքում բարձրացել է ժողովրդական ընդվզումի հզոր ալիք` ժողովրդի տված իրական քվեներով իշխանություն ձևավորելու պահանջով, որը Սահմանադրության հրամայական նորմերից է:

«Եթե դեռևս ոմանք համոզված չեն, որ ընտրությունների արդյունքները կեղծվել են, կփորձեմ ներկայացնել որոշ փաստեր: Այսպես՝ նույնիսկ ԿԸՀ-ի կողմից հրապարակված պաշտոնական տեղեկագրի՝ 223 ընտրական տեղամասերում ընտրություններին, ըստ համապատասխան արձանագրությունների, մասնակցել են ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 83.13%-ը, որից 10.78%-ն իր ձայնը տվել է Րաֆֆի Հովհաննիսյանին, իսկ 81.61%-ը՝ Սերժ Սարգսյանին: 46 ընտրատեղամասերում ընտրություններին մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 93.57%-ը, որից 6. 72%-ն իր ձայնը տվել է Րաֆֆի Հովհաննիսյանին, իսկ 92.18%-ը՝ Սերժ Սարգսյանին: Իսկ առավել անթաքույց զավեշտն այն է, որ հինգ տեղամասերում ընտրություններին մասնակցել են ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 100%-ը, որտեղ միջին հաշվով 5.28%-ը ձայնը տվել է Րաֆֆի Հովհաննիսյանին, իսկ 93.33%-ը՝ Սերժ Սարգսյանին: Կա տեղամաս, որտեղ ընտրողների 100%-ը մասնակցել է ընտրություններին և 100%-ն էլ ձայները տվել են Սերժ Սարգսյանին: Ուզում եմ հատուկ ընդգծել, որ թվարկված այս տեղամասերի բացարձակ մեծամասնությունը գյուղական համայնքներում են: Կարծում եմ` տեղյակ եք, որ գյուղերից կրկնակի արտագաղթ է կատարվել: Նրանց մի մասը տեղափոխվել են շրջկենտրոն կամ, հիմնականում, Երևան, իսկ մի մասն էլ ընդհանրապես լքել է Հայասատանը: Մեր գյուղերի բնակիչների կեսից ավելին արտագաղթել է: Իրենց բնակավայրերը պարտադրված լքած Հայաստանի քաղաքացիների հաշվին եք դուք «հաղթել» ընտրություններում: Իսկապես «քաղաքական շառլատան» պետք է լինել այս փաստերի հետ հաշիվ չնստելու համար: Ընտրությունների ընթացքին դրական գնահատական է տրվել նաև մի շարք եվրոպական կառույցների դիտորդական առաքելություն իրականացնողների կողմից: Հիշեցնեմ, որ դրանք նույն այն կառույցների ներկայացուցիչներն են, որոնք անթաքույց շատ դեպքերում մեր ազգային շահը վաճառել են մեր թշնամիներին: Եվ Հայաստանի բարձրագույն իշխանության ներկայացուցիչները բազմիցս ճշմարտացիորեն նրանց բնորոշել են որպես «խավիարակերներ»: Հավատացեք, որ այդ «խավիարակերը» Հայաստանում էլ նույն «խավիարակերն» է: Հասկանալով դիվանագիտական խոսքի արժեքն ու որոշակիորեն տիրապետելով դիվանագիտական բառամթերքին, դրանով հանդերձ հայտարարում եմ, որ ներկայացրած այս և նմանատիպ բազմաթիվ փաստերի առկայության դեպքում, երբ արձանագրում են, որ Հայաստանում տեղի են ունեցել մեկ քայլ առաջով արդար ընտրություններ, ուղղակի արհամարհում եմ բոլոր այդ կազմակերպությունների կողմից տրված դրական բոլոր գնահատականները:]

Խոսքս ուղղում եմ Սերժ Սարգսյանին: Կեղծված ընտրությունների արդյունքում Հայաստանում ստեղծվել է բավականին լարված իրավիճակ: Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկություններին Ձեր կողմից «ոչ»-ով արձագանքելը վտանգավոր փուլ է տեղափոխում զարգացումների ընթացքը: Դուք պարտավոր եք ցուցաբերել իմաստնություն և խոհեմություն, պատրաստակամություն, կոմպրոմիսային քայլեր ձեռնարկել` պետությանը այս ծանր վիճակից դուրս բերելու համար: Հակառակ պարագայում, դեպքերի հետագա զարգացման ողջ պատասխանատվությունը ընկնում է իշխող վարչախմբի և մասնավորապես Ձեզ վրա»,- հայտարարել է Ռուբեն Հակոբյանը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---