Բունդեսթագի նախագահը բարձր է գնահատում Հայաստանի առաջընթացը ժողովրդավարական գործընթացներում

Բունդեսթագի նախագահը բարձր է գնահատում Հայաստանի առաջընթացը ժողովրդավարական գործընթացներում

PanARMENIAN.Net - Մարտի 6-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց եռօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթի գլխավորած պատվիրակությանը, հայտնում է ԱԺ մամլո ծառայությունը:

Ողջունելով Բունդեսթագի նախագահին և շնորհակալություն հայտնելով իր հրավերը ընդունելու և Հայաստան այցելելու համար` Հովիկ Աբրահամյանը համոզմունք հայտնեց, որ այցը մեծապես կնպաստի ոչ միայն միջխորհրդարանական կապերի սերտացմանը, այլ նաև երկու երկրների և ժողովուրդների բարեկամությանը, հայ-գերմանական հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանը: ԱԺ նախագահն ընդգծեց, որ Հայաստանը հետաքրքրված է ընդլայնել հարաբերությունները Գերմանիայի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով: Նրա խոսքով` Եվրոպական ուղղությունը և եվրաինտեգրումը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության գերակայություններից է և այդ տեսանկյունից ևս մեր երկիրը կարևորում է համագործակցությունը Գերմանիայի հետ: Ազգային ժողովի նախագահը կարևորեց Գերմանիայի հետ միջխորհրդարանական համագործակցության զարգացումը՝ որպես երկրների միջև քաղաքական երկխոսությունը առաջ մղելու կարևոր լծակ: Նա անհրաժեշտ համարեց միջխորհրդարանական համագործակցության հետագա խորացումը, երկկողմ շփումների ակտիվացումը, միջազգային խորհրդարանական կազմակերպություններում երկուստեք հետաքրքրություն ներակայացնող հարցերի շուրջ համագործակցությունը:

Շնորհակալություն հայտնելով հրավերի և ջերմ ընդունելության համար`ԳԴՀ Բունդեսթագի նախագահը մեծապես կարևորեց միջխորհրդարանական գործակցության զարգացման անհրաժեշտությունը, շեշտելով, որ Գերմանիայի խորհրդարանը շահագրգիռ է խորացնել և ամրապնդել Հայաստանի խորհրդարանի հետ փոխգործակցությունը: Նորբերթ Լամմերթի համոզմամբ` միջպետական հարաբերությունների ամրապնդման գործում մեծ դեր է վերապահված խորհրդարաններին: Նա կարևոր համարեց ուղիղ շփումների ակտիվացումը, փոխայցերը, որպեսզի գերմանացի պատգամավորները Հայաստանի և տարածաշրջանի խնդիրների մասին ճիշտ պատկերացումներ ունենան: Բունդեսթագի նախագահը բարձր գնահատեց նշանակալի առաջընթացը, որը գրանցել է Հայաստանը ժողովրդավարական գործընթացներում:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև տարածաշրջանային խնդիրներին: Հովիկ Աբրահամյանը շեշտեց, որ Հայաստանը կարևորում է տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդումը, փոխվստահության մթնոլորտի ստեղծումը: ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է կարգավորվի միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում, խաղաղ բանակցային ճանապարհով: Մինչդեռ Ադրբեջանն իր նավթադոլարների շնորհիվ տարեց տարի աճող ռազմական բյուջեով, ռազմատենչ հայտարարություններով, շփման գծում դիպուկահարների կրակոցներով խոչընդոտում է հարցի խաղաղ կարգավորմանը, տարածաշրջանում անվտանգության և խաղաղության հաստատմանը: Նա ցավով նշեց, որ միջազգային հանրությունը համարժեք գնահատական չի տալիս Ադրբեջանի նման գործելաոճին: Հովիկ Աբրահամյանը անդրադարձավ նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը` նշելով, որ Հայաստանը մշտապես հանդես է եկել կառուցողական նախաձեռնություններով, հավատարիմ մնացել Ցյուրիխում ստորագրած արձանագրությունների ոգուն, այնինչ Թուրքիան շարունակում է առաջ քաշել արձանագրություններում բացակայող նախապայմաններ, որոնք ի սկզբանե անընդունելի են Հայաստանի համար:

Նորբերտ Լամմերթը նույնպես կարևորեց տարածաշրջանային կայունությունը և խաղաղությունը ` նշելով, որ իր համար տեսանելի է, թե ինչպիսի բարդությունների է բախվում ԼՂ հիմնախնդրի կարգավորումը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: Վերջում ԳԴՀ Բունդեսթագի նախագահը գրառում կատարեց ԱԺ պատվավոր հյուրերի գրքում:

Նորբերտ Լամմերթը Հովիկ Աբրահամյանի ուղեկցությամբ շրջայց կատարեց Ազգային ժողովի շենքում, եղավ նիստերի դահլիճում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---