Հայաստանի եւ Ինդոնեզիայի ԱԳՆ ղեկավարները երկու փաստաթուղթ են ստորագրել

PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը պաշտոնական այցով գտնվում է Ինդոնեզիայում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում Վարդան Օսկանյանն այսօր հանդիպել է երկրի փոխնախագահի եւ ԱԳ նախարարի հետ: Ինդոնեզիայի իր գործընկեր Պակ Հասան Վիրաջուդայի հետ հանդիպման ժամանակ նախարար Օսկանյանը ցավակցություն հայտնեց Բալիի ռմբահարման պատճառած զոհերի եւ ավերածությունների կապակցությամբ` հույս հայտնելով, որ դա այլեւս չի կրկնվի: Այնուհետեւ ծավալված մտքերի փոխանակության ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ հարաբերությունների զարգացման, հատկապես տնտեսության ոլորտում կոնկրետ ծրագրերի իրականացման հնարավորությունները: Անդրադարձ կատարվեց նաեւ տարածաշրջանային խնդիրներին, մասնավորապես առկա հակամարտությունների կարգավորման ուղիներին: Վարդան Օսկանյանը Ինդոնեզիայի իր գործընկերոջը ծանոթացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ընթացքին` ընդգծելով, որ հակամարտությունը կրոնական բնույթ չի կրում, այլ այն միմիայն Լենային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի դրսեւորում է: Այս հարցերի ենթատեքստում կողմերը համաձայնության եկան միջազգային կազմակերպությունների, հատկապես ՄԱԿ-ի շրջանակներում երկու երկրների միջեւ հաստատված համագործակցությունը շարունակելու շուրջ: Հանդիպման ավարտին Հայաստանի եւ Ինդոնեզիայի արտաքին գործերի նախարարները ստորագրեցին կրկնակի հարկումից խուսափելու միջկառավարական համաձայնագիր եւ փոխըմբռնման հուշագիր կառավարությունների միջեւ խորհրդատվական ֆորումի ստեղծման վերաբերյալ: Ինդոնեզիայի փոխնախագահ Յուսուֆ Կալլանի հետ հանդիպման ընթացքում Վ.Օսկանյանը ընդհանուր գծերով ներկայացրեց Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը, զարգացման հեռանկարները, արտաքին քաղաքականության կարեւորագույն հարցերը` կապված մեր տարածաշրջանի անվտանգության խնդիրների եւ զարգացման հեռանկարների հետ: ՀՀ ԱԳՆ ղեկավարը հայտնեց Հայաստանի պատրաստակամությունը երկկողմ, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում Ինդոնեզիայի հետ ակտիվ համագործակցություն ծավալելու վերաբերյալ: Նշենք, որ սա ԱԳՆ ղեկավարի եւ հայկական բարձրաստիճան պատվիրակության առաջին այցն է Ինդոնեզիա: Վաղը Վարդան Օսկանյանը կմեկնի Սինգապուր, ուր հանդիպում կունենա այդ երկրի արտաքին գործերի նախարարի հետ:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---