Զ.Փոստանջյանը` ՀՀ նախագահին. Դուք մնացել եք «փոքր մարդ», սատանայի մարդ` արգելափակված մութ զնդանում

Զ.Փոստանջյանը` ՀՀ նախագահին. Դուք մնացել եք «փոքր մարդ», սատանայի մարդ` արգելափակված մութ զնդանում

PanARMENIAN.Net - Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանի ելույթն ուղղված էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: «2013 թվականի փետրվարի 18-ից հետո Հայաստանի ժողովուրդը փորձում է Ձեզ հետ խոսել նոր Հայաստանի լեզվով՝ ջանքեր չխնայելով ամեն օր այդ լեզուն սովորեցնել Ձեզ:

Նոր Հայաստանի լեզուն և լեզվամտածողությունը մերժում են ավազակի, կողոպտիչի, գողի, կեղծարարի բառապաշարը: Նոր Հայաստանի քաղաքացիները, մերժելով և դատապարտելով Ձեր գործունեությունը, որը նախատեսում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի բազմաթիվ հոդվածներով նախատեսված հանցակազմեր, պատրաստ էր Ազատության հրապարակում լսել Ձեզ նոր Հայաստանի լեզվով և ներում շնորհել, սակայն Դուք կրկին ձախողվեցիք, չկարողացաք օգտվել նաև անվճար իրավաբանական օգնության կարգով Ձեր համար իմ կողմից պատրաստված դիմումից:

2013 թվականի փետրվարի 18-ին Ձեր կողմից կազմակերպված ժողովրդի քվեի գողությունը հանրահայտ փաստ է, գողացված քվեները պահվում են 1988 պարկերում և գտնվում են Ձեր վերահսկողության տակ, սույն քրեական գործով ժողովուրդը Ձեզ ներգրավվել է որպես մեղադրյալ: Դուք կարիք ունեք արագ կողմնորոշվելու` խոստովանելու կատարած հանցանքը, հետ վերդարձնելու ժողովրդի քվեն և ներում հայցելու ժողովրդից: Խուսափելով ուղղակի ընդունել 2013 թվականի փետրվարի 18-ի քվեագողության մեղքը՝ ժողովրդին զրկում եք Ձեզ ներում շնորհելու հնարավորությունից:

Սակայն հետևելով Ձեր վարքագծին և հայտարարություններին՝ պետք է պարզաբանեմ, որ լուրջ մտահոգվելու սահմանաեզրին եք մոտեցել, որ ձախողում եք ընդհանրապես Ձեր իրավունքների արդյունավետ պաշտպանությունը: Մեղադրյալի իրավունքները պաշտպանելիս շատ կարևոր է նաև նրա մարդկային կերպարի ներկայացումը, հատկապես երբ պետք է հայցես նրա համար ներում շնորհելը:

Ձեր վարքագիծը և հայտարարությունները ավելի են խորացնում այն համոզմունքը որ մնացել եք «փոքր մարդ», սատանայի մարդ` արգելափակված մութ զնդանում և անչափ վախենում էք պատասխանատվությունից»,- հայտարարեց Զարուհի Փոստանջյանը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---