Հ. Աբրահամյան. Ասոցացման համաձայնագրի բանակցություններում դրական արդյունք է արձանագրվել

Հ. Աբրահամյան. Ասոցացման համաձայնագրի բանակցություններում դրական արդյունք է արձանագրվել

PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը այսօր ընդունել է Եվրոպական հանձնաժողովի արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրինության Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Գունար Վիգանդի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Ողջունելով Գունար Վիգանդին և պատվիրակության անդամներին՝ ԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագրի բանակցությունների 12-րդ փուլին մասնակցելու նպատակով Երևան ժամանելու կապակցությամբ, Հովիկ Աբրահամյանն իր գոհունակությունն է հայտնել է, որ ներկա բանակցություններում դրական արդյունք է արձանագրվել: Նա նշել է, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունները բավական հագեցած են և լավ նախադրյալներ կան համագործակցության օրակարգն առաջ տանելու համար ինչպես գործադիր, այնպես էլ օրենսդիր մարմինների մակարդակով: ԱԺ նախագահի գնահատմամբ՝ զգալի է առաջընթացը 2010թ. հուլիսից մեկնարկած Հայաստան-Եվրամիություն Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններում: Նրա խոսքով՝ այդ առաջընթացը վկայում է ինչպես երկու կողմերի բարձր պատրաստակամության, այնպես էլ հիմնական խնդիրների շուրջ մոտեցումների ու պատկերացումների ընդհանրության մասին: Խորհրդարանի ղեկավարը վստահություն է հայտնել, որ Համաձայնագիրը նոր ուժ և որակ կհաղորդի երկկողմ հարաբերություններին: Անդրադառնալով Ասոցացման համաձայնագրի կարևոր մաս հանդիսացող Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտի ստեղծելու վերաբերյալ դրույթներին՝ ԱԺ նախագահը նշել է, որ այդ կապակցությամբ 2012թ. հունիսից մեկնարկած ՀՀ-ԵՄ բանակցությունները հաջողությամբ են ընթանում և հայկական կողմը մտադիր է մինչեւ 2013 թ. Վիլնյուսի գագաթաժողովն ավարտին հասցնել դրանք: Գունար Վիգանդը հիշել է իր, ինչպես նաև ԵՄ բարձրաստիճան ղեկավարության նախորդ այցերը Ազգային ժողով, որոնք աներկբա ապացույցն են նրա, որ առկա է քաղաքական կամք՝ ավելի սերտ և խորը հարաբերություններ հաստատելու համար: Նա բարձր է գնահատել է հայ խորհրդարանականների՝ այս գործընթացին սատարելու պատրաստակամութունը, որի ապացույցն էր նաև ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի Բրյուսել կատարած այցը: «Մենք հաստատակամ ենք ու վստահ և կշարունակենք մեր համագործակցությունը՝ շաղախելով այն ավելի ամուր կապերով»,-ասաց բանակցային խմբի ղեկավարը: Ըստ նրա, խոսքը չի գնում ձևական կամ խորհրդանշական հարաբերությունների մասին, այլ շատ ավելի նյութական փոխգործակցության, որը կօժանդակի Հայաստանի տնտեսական և քաղաքական բարեփոխումներին: Ընդ որում՝ խոսքը գնում է ոչ միայն Հայաստանի ստանձնած պարտավորությունների, այլև ԵՄ-ի՝ ՀՀ-ի հանդեպ ունեցած պարտավորությունների մասին, ինչը ներառում է նաև որոշակի ֆինանսական օժանդակություն: «Գաղափարները, հասկացությունները կարող են ամփոփվել համաձայնագրերի մեջ, սակայն շատ կարևոր է, որ մենք դրանց հաղորդենք գործնական բովանդակություն»,-նշել է Գունար Վիգանդը: Նրա խոսքով՝ համաձայնագրի ստորագրմամբ գործընթացը ոչ թե ավարտվում, այլ դրանով միայն սկիզբն է հայտարարվում, և հետագայում կարևոր է լինելու բոլոր օղակների, այդ թվում օրենսդիր մարմնի ակտիվ գործունեությունը: Գունար Վիգանդը հույս է հայտնել, որ Համաձայնագրի ստորագրումից հետո Ազգային ժողովը անհապաղ ձեռնամուխ կլինի դրա վավերացմանը: Ըստ նրա՝ ակնկալվում է, որ փաստաթղթի նախաստորագրումը տեղի կունենա 2013 թ. Վիլնյուսի գագաթաժողովի ժամանակ: Հովիկ Աբրահամյանը հավաստիացրել է, որ ՀՀ ԱԺ-ն հնարավորինս արագ կվավերացնի Համաձայնագիրը: Նրա խոսքով՝ Ազգային ժողովը մշտապես ուշադրության կենտրոնում է պահել Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքը և օպերատիվ կերպով իրականացրել եվրոպական չափանիշներին համահունչ օրենսդրական փոփոխություններ, որոնք բխում էին նաև ՀՀ ներքին օրակարգից:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---