Արգենտինան գնահատում է տարածաշրջանային խնդիրը խաղաղ լուծելու Հայաստանի դիրքորոշումը

Արգենտինան գնահատում է տարածաշրջանային խնդիրը խաղաղ լուծելու Հայաստանի դիրքորոշումը

PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր հանդիպել է Արգենտինայի Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Ամադո Բուդուին: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են ԱԺ հսարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Ազգային ժողովի նախագահը հույս է հայտնել, որ այս մակարդակի այցերը կնպաստեն Հայաստանի և Արգենտինայի հարաբերությունների էլ ավելի սերտացմանն ու փոխգործակցության ակտիվացմանը: Նա բարձր է գնահատել հայ-արգենտինական քաղաքական հարաբերությունների ներկա մակարդակը և կարևորել բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցերի, տարբեր մակարդակներով կանոնավոր շփումների շարունակականությունը:

Ազգային ժողովի նախագահի գնահատմամբ՝ երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունները, ինչպես նաև ձևավորված իրավապայմանագրային դաշտն ամուր հիմքեր են ստեղծում առևտրատնտեսական և այլ ոլորտներում լիարժեք համագործակցության համար: Հայաստանի տնտեսության մեջ կատարված ներդրումների ծավալով Արգենտինան թեև առաջավոր դիրքերում է, բայց, ըստ Հովիկ Աբրահամյանի, երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալները դեռևս չեն համապատասխանում առկա ներուժին, և անհրաժեշտ է նոր ուղիներ փնտրել այդ հնարավորությունները կյանքի կոչելու համար:

Նա կարևոր է համարել Արգենտինայի խորհրդարանի երկու պալատների հետ զարգացնելու միջխորհրդարանական հարաբերությունները՝ այդ գործում կարևոր դեր վերապահելով պատգամավորական բարեկամության խմբերին ու նրանց ակտիվ համագործակցությանը: ՀՀ Ազգային ժողովի նախագահը կարևորել է նաև Միջազգային կազմակերպություններում Հայաստանի և Արգենտինայի համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը, խորհրդարանական դիվանագիտության զարգացումը, երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ գոյություն ունեցող փոխըմբռնումն ու փոխադարձ աջակցության պատրաստակամությունը:Հովիկ Աբրահամյանը երկկողմ կապերի ամրապնդման և ընդլայնման գործում բարձր է գնահատել Արգենտինայի հայ համայնքի դերը և շնորհակալություն հայտնել հայերի հանդեպ Արգենտինայի իշխանությունների որդեգրած քաղաքականության համար:

Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է նաև տարածաշրջանային խնդիրներին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի նախապատմությանը, կատարված պատմական անարդարությանը, իր պատմական հողի վրա ապրելու ու արարելու՝ արցախյան ժողովրդի վճռականությանն ու միջազգայնորեն ընդունված ինքնորոշման իրավունքի իրացմանը՝ հավելելով, որ Հայաստանը եղել և մնում է ղարաբաղյան խնդիրը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում և խաղաղ բանակցությունների ճանապարհով լուծելու կողմնակից: ԱԺ նախագահը անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին:

Արգենտինայի Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Ամադո Բուդուն կարևորել է հայ-արգենտինյան միջպետական տնտեսական, քաղաքական, մշակութային հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունն ու երկու ժողովուրդների բարեկամական կապերի ամրապնդումը: Անդրադառնալով Արգենտինայի երկուհարյուրամյա պատմությանը՝ նա արձանագրել է, որ այդ պատմությունը կերտվել է նաև հայերի օգնությամբ ու անգամ՝ արյամբ, և այսօր հայերը մասնակցում են Արգենտինայի հանրային կյանքի տարբեր ոլորտների զարգացմանը, բարձր դիրքեր զբաղեցնում կառավարման համակարգում և տնտեսության մեջ: Ամադո Բուդուն իր երկրի իշխանությունների անունից Հայաստանի հետ տարբեր ոլորտներում ակտիվ համագործակցություն ծավալելու պատրաստակամություն է հայտնել: Նա բարձր է գնահատել նաև տարածաշրջանային խնդիրները խաղաղ բանակցությունների ճանապարհով լուծելու Հայաստանի դիրքորոշումն ու պատրաստակամությունը:

Արգենտինայի Սենատի նախագահը Ազգային ժողովի նախագահին պաշտոնական այցով հրավիրել է Արգենտինա: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պատասխանել է, որ հավանաբար ընթացիկ տարում տեղի կունենա Հայաստանի համար կարևոր այդ այցը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---