ՀՀ նախագահի երդմնակալությանը մասնակցած հյուրերի պատվին պաշտոնական ընթրիք է տրվել

ՀՀ նախագահի երդմնակալությանը մասնակցած հյուրերի պատվին պաշտոնական ընթրիք է տրվել

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը մասնակցած հյուրերի պատվին այսօր՝ ապրիլի 9-ի երեկոյան, նախագահական նստավայրում տրվել է պաշտոնական ընթրիք, որի ժամանակ Սերժ Սարգսյանը հանդես է եկել բաժակաճառով, որտեղ ասվում է.

«Վեհափա՛ռ Տեր, Սիրելի՛ բարեկամներ, Խորին շնորհակալություն եմ հայտնում Երևան ժամանելու և իմ երդմնակալության արարողությանը մասնակցելու համար: Այսօր հայկական քսաներկուամյա վերածնված պետականության կարևոր իրադարձություններից մեկի բերկրանքը կիսում են մեզ հետ մեր բարեկամները, և ես դրանում մեծ խորհուրդ եմ տեսնում: Քաղաքականության ամենահայտնի ասույթներից մեկը հռչակում է` չկան մշտական թշնամիներ և մշտական բարեկամներ, կան մշտական շահեր:

Լիովին համամիտ եմ առաջին պնդմանը` իրավամբ չի կարող բանական մարդկանց թշնամությունը լինել հավերժ: Միամիտ չեմ թերագնահատելու նաև շահերի մասին վերջին պնդումը: Սակայն ես հավատում եմ հարատև բարեկամությանը: Ես հավատում եմ մարդկանց, ազգերի, ժողովուրդների, երկրների բարեկամությանը: Ապացույցները պետք չէ հեռվում փնտրել, դրանք այստեղ են` մեր ժողովրդի պատմության էջերում: Ես վստահ եմ, որ հարյուր տարի առաջ հայ որբերին փրկած միսիոները և քառորդ դար առաջ ավերիչ երկրաշարժից հետո օգնության ձեռք մեկնած բարեգործը նույն արմատից են ծնվել: Մեկ դար առաջ կործանումից փրկված իմ հայրենակիցներին ապաստան տրամադրող երկրի պաշտոնյան և այսօր, այս դահլիճում այդ երկրից ներկա հյուրը, որը մեզ հետ նշում է մեր վերականգնված պետականության ամրապնդման հերթական ուղենիշը, սնվում են նույն արժեքային համակարգից, որի հիմքում են մարդասիրությունն ու բարեկամությունը:Եվ ես համոզված եմ, եթե երկրագունդը չշեղվի իր առանցքից, մեր սերունդներն էլ շարունակելու են ապրել նույն արժեքներով և կիսել նույն բարեկամությունը:

Սա նաև պարտավորեցնող է յուրաքանչյուրիս համար, առավել ևս պետական այրերի, քանզի մեր հայրերի ու պապերի պատգամն է, որ պետք է փոխանցենք գալիք սերունդներին: Ձեր ներկայությունը նաև յուրօրինակ հավաստումն է առ այն, որ մեր վարած արտաքին քաղաքականությունը ճիշտ հունով է ընթանում: Ես գիտակցաբար չեմ ուզում նշել անուններ ու երկրներ, դաշինքներ ու միություններ: Փոխարենը ցանկանում եմ վստահեցնել՝ մենք շարունակելու ենք մնալ հավատարիմ և վստահելի ողջ աշխարհի մեր բոլոր բարեկամների համար` հյուսիսում թե արևմուտքում, հարավում թե արևելքում:

Մենք հավատարիմ ենք մնալու նաև ոչ բարեկամ երկրների հանդեպ մեր քաղաքականությանը` միշտ պատրաստ խաղաղ, բանակցային ու տրամաբանական լուծումներ գտնելու, միշտ պատրաստ հաշտության ձեռք մեկնելու, բայց նաև միշտ պատրաստ պաշտպանելու մեր և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մեր քույրերի ու եղբայրների անդորրն ու անվտանգությունը: Համոզված եմ, որ վեճերի լուծման խաղաղ, բանակցային ճանապարհն այլընտրանք չունի: Հայկական կողմը նախապայմաններ չի սիրում, չի առաջադրում, բայց չի էլ ընդունում: Առավել ևս չենք ընկնելու սպառնալիքներին սպառնալիքով պատասխանելու կործանարար ծուղակը: Մենք խաղաղություն ենք ուզում, որովհետև վստահ ենք մեր ուժերին:

Մեր կեցվածքի և մեր քաղաքականության վկայությունը մեր քայլերն են: Հայաստանը շնորհակալ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման համար մղած պայքարի խաղաղ հանգուցալուծման ճանապարհի անխոնջ որոնման գործում հետևողական ջանքերի համար: Մենք շարունակելու ենք մեր երկրի բարեփոխման, այն ավելի անվտանգ, մրցունակ և ժողովրդավար դարձնելու, օրենքի գերակայության և մարդու իրավունքների լիարժեք ապահովման մեր ծրագրերը: Հայաստանի դեպքում այդ ուղին այլընտրանք չունի, քանի որ դա է մեր ժողովրդի պահանջն ու ակնկալիքը, դա է բխում մեր ժողովրդի արժեհամակարգից: Առաջիկա հինգ տարիները լինելու են հանուն ավելի ազատ, ավելի ապահով ու բարեկեցիկ Հայաստանի համար պայքարի տարիներ:

Մենք իրականացնելու ենք այն համարձակ տնտեսական և սոցիալական ծրագրերը, որոնք համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով ստիպված էինք դանդաղեցնել: Մենք խորացնելու ենք մեր ներգրավվածությունը տարածաշրջանային և միջազգային գործընթացներում և մասնակցելու ենք նոր ձևաչափերի ստեղծմանը: Հայաստանի տնտեսությունը պետք է ինտեգրված լինի գլոբալ շուկաներին, պետք է լինի մրցունակ և գրավիչ ներդրումների համար: Հայաստանը առաջիկայում ևս պատվով իր համեստ ներդրումն է բերելու միջազգային խաղաղապահ ջանքերին, սոցիալական չարիքների դեմ պայքարին, ցեղասպանությունների կանխարգելման գործին:

Հուսով եմ, որ, ինչպես և նախկինում, այս ամենն անելու ենք մեր գործընկեր պետությունների աջակցությամբ և սերտ փոխգործակցությամբ: Մեր նախաձեռնություններում մենք մեծապես ապավինում ենք մեր ժողորդի ստեղծարար ներուժին և աշխատասիրությանը: Հայորդիները աշխարհով մեկ ևս աչքի են ընկնում հենց այդ հատկանիշների շնորհիվ և դրանցով են հաջողությունների հասել տարբեր երկրներում: Լինելով իրենց երկրների լավ քաղաքացիներ՝ նրանք ակտիվ մասնակցությունն են բերել և բերում պատմական հայրենիքի՝ Հայաստանի զարգացման գործին, ինչը մեզ կրկնակի ուժեղացնում է:

Գալիք տարիներին մենք ունենալու ենք եզակի հնարավորություն՝ նոր մակարդակի բարձրացնելու մեր պետության զարգացումը, Հայաստանը դարձնելու երկիր, որի հետ բարեկամություն անելը, պատվաբեր լինելուն զուգահեռ, դառնալու է նաև խիստ շահավետ: Սիրելի՛ բարեկամներ, Այս միջոցառումներին ձեր մասնակցության համար կրկին շնորհակալություն հայտնելով՝ առաջարկում եմ, որ բաժակ բարձրացնենք հանուն մեր երկրների բարեկամության: Թո՛ղ Աստված պահպանի մեր ժողովուրդներին և մեր բարեկամությունը: Շնորհակալություն»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---