Յու.Մերզլյակով.Եկել է բանակցային գործընթացը վերսկսելու ժամանակը

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան), Բերնար ֆասյեն (Ֆրանսիա) եւ Սթիվեն Մանը (ԱՄՆ) զգում են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի հետ հանդիպումների անհրաժեշտությունը: Այդ մասին հայտարարել է Մինսկի խմբի ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը: Ըստ Յու.Մերզլյակովի, համանախագահները տարածաշրջան կատարելիք առաջիկա այցի ընթացքում ցանկանում են հանդիպել նախագահների հետ եւ քննարկել նրանց հետ որոշ մանրամասներ: Նա հաղորդել է նաեւ, որ նախագահներին առաջարկներ է ուղարկվել հունվարին հանդիպելու վերաբերյալ: «Եկել է բանակցային գործընթացը վերսկսելու ժամանակը: Կազանի հանդիպումից հետո պայմանավորվածություն էր ձեռք բերվել բանակցությունները ժամանակավորապես դադարեցնելու վերաբերյալ` նախկինում արված առաջարկները վերաիմաստավորելու համար: Գտնում եմ, որ բանակցությունները պետք է վերսկսվեն եւ պետք է կազմակերպվի նախագահների հատուկ հանդիպում»,-հայտարարել է ռուս դիվանագետը: Ընդ որում Յուրի Մերզլյակովը չի ճշտել, թե որտեղ եւ որ միջազգային համաժողովի շրջանակներում է առաջարկվել անցկացնել հանդիպումը: Ըստ երեւույթին, դա հայտնի կդառնա երկրների ղեկավարների հանդիպման մասին պայմանավորվածության հասնելուց հետո:



Ինչպես հաղորդում են Բաքվի ԶԼՄ-ները, ադրբեջանական կողմը նույնպես շահագրգռված է նախագահների երկխոսությունը շարունակելու հարցում: Հայտարարելով այդ մասին, Ադրբեջանի նախագահի արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը նշել էր, որ տեղյակ չէ համանախագահների նախաձեռնության մասին: Միեւնույն ժամանակ նա չի բացառել, որ այդ առաջարկը արդեն փոխանվցել է պետության ղեկավարին. «Եթե նման առաջարկ կա, մենք կքննարկենք այն, եւ շահագրգիրռ ենք նման հանդիպում անցկացնելու հարցում»: Եվրամիությունը նույնպես կոչ է արել շարունակել խաղաղ գործընթացը եւ վերսկսել երկխոսությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: ԵՄ հայտարարության մեջ հույս է հայտնվում, որ 2006 թվականին կողմերը եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կկարողանան հավասարակշռված ելք գտնել: Ընդհանուր առմամբ տարբեր մակարդակների վրա կանխատեսումներ են հնչում այն մասին, թե գալիք տարին կնշանավորվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում դրական ներդրումով: Հիշեցնենք, որ խաղաղ գործընթացի հնարավոր ակտիվացման մասին օրերս հայտարարել էր նաեւ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Սթիվեն Մանը: Նա նշել է, որ համանախագահները լավատեսորեն են տրամադրված, եւ եթե Հայաստանն ու Ադրբեջանը քայլեր կատարեն փոխզիջման հասնելու համար, «երկու երկրները կկարողանան որպես հաղթող դուրս գալ այս հակամարտությունից»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---