Ա.Իսկանդարյան. Ընտրությունների ելքը նախապես հայտնի է

Ա.Իսկանդարյան. Ընտրությունների ելքը նախապես հայտնի է

PanARMENIAN.Net - «Կովկասի» ինստիտուտն իրականացնում է Երևանի ավագանու ընտրությունների տեխնիկական ու քաղաքական մոնիթորինգ, որի արդյունքները կհրապարակվեն ընտրություններից հետո: Այսօր ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը ներկայացրել է արդեն նկատվող արդյունքներն ու նշել, որ քարոզարշավի 1-ին օրերը ցույց տվեցին` այս ընտրություններում ավելի շատ են խնդիրներ բարձրաձայնվում և լուծումներ առաջարկվում:«Թեկնածուները միմյանց մեկնաբանում են, կա նաև պոպուլիստական հռետորաբանություն, բայց առկա են նաև ծրագրային դրույթներ` կանենք սա և նա, և կանենք այսպես: Սովորաբար հայաստանյան ընտրություններում սա բացակայում է»,- ասել է Ա.Իսկանդարյանը:

ՀԱԿ կուսակցության համագումարի և Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի մասին քաղաքագետը նշել է.«Լևոն Տեր-Պետրոսյանը, անշուշտ, չափազանց փորձառու հռետոր է և շատ լավ հասկանում է` ի՞նչ, ինչպե՞ս, որտե՞ղ և ո՞ւմ համար հայտարարել», - նշել է նա ու ավելացրել, որ ելույթի ամենահետաքրքիր հատվածն այն էր, երբ Լ.Տեր-Պետրոսյանի խոսում էր քաղաքական մրցակցի մասին:«ՀԱԿ-ի իրական մրցակիցը ոչ թե ՀՀԿ-ն է, այլ «Ժառանգությունը», որովհետև իրական մրցակցությունը հենց այս դաշտում էր: Ի՞նչ ասաց Լ.Տեր-Պետրոսյանը, այն, որ ոչ մի դեպքում չի կարելի քննադատել նրան, ով բարիկադների վրա է ու անմիջապես քննադատեց այդ անձին: Սա ցույց է տալիս, որ մրցակցությունը օրակարգում է, քաղաքական պայքարը շարունակվում է և ըստ իս` դա շատ լավ է ու ճիշտ, որովհետև նպաստում է Հայաստանի քաղաքական դաշտի զարգացմանը», - ասել է Ա.Իսկանդարյանը:

Նրա խոսքով ապրիլի 9-ից հետո Հայաստանում բարդ իրավիճակ է ստեղծվել ընդդիմության առումով և Լ.Տեր-Պետրոսյանի հայտարարությունը, փաստորեն, վկայում է, որ քաղաքական պայքարը շարունակվելու է ու քաղաքագետը ևս դրա հավանականությունը տեսնում է:

Այնուամենայինիվ ՀՀԿ հնարավորություններն սկզբունքորեն ավելի բարձր են, քան մյուս կուսակցություններինը: «Տարոն Մարգարյանը նորից Երևանի քաղաքապետ դառնալու մեծ շանսեր ունի»,- ասել է նա ու պարզաբանել, որ Տ.Մարգարյանի համար լուրջ մրցակից չի տեսնում:

Քաղաքագետը նշել է` ընտրությունների ելքը նախապես հայտնի է, քանի որ ընդդիմության միավորվելու հավանականություն ևս չկա. «Խնդիրը ոչ միայն քաղաքական ուժերի միավորման մեջ է, այլ նոր, բավական լուրջ շարժիչի ձևավորման մեջ, սակայն հասկանալի է, որ ակնկալել, թե ընտրությունների նախաշեմին այն կստեղծվի դժվար է»:

Իսկ Ր. Հովհաննիսյանի ու «Բարև Երևան» դաշինքի հնարավորությունների մասին Ա.Իսկանդարյանը նշել է, որ նրանց շուրջն այս օրերին հավաքված մարդկանց մեծ մասն անցած ընտրությունների ժամանակ նրանց օգտին չի քվեարկել ու հետընտրական զարգացումներն ընդամենը բողոքի ակցիա են ու կապ չունեն «Ժառանգության» էլեկտորատի հետ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---