Վալերի Բուայեն Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հուշամատյանում գրել է. Այցը հուզիչ է

Վալերի Բուայեն Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հուշամատյանում գրել է. Այցը հուզիչ է

PanARMENIAN.Net - Այսօր Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամ Վալերի Բուայեն եղել է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում: Նա գրառում է կատարել հյուրերի հուշամատյանում:

«Թանգարան այցը և թանգարանը հուզիչ տպավորություն են թողնում ինձ վրա: Մեր պատվիրակությունը կատարել է իր պարտքը` գալով այստեղ: Մենք կողմ ենք ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ ամբողջ Եվրոպայում Ցեղասպանության ժխտողականության քրեականացմանը»,- գրել է ֆրանսիացի պատգամավորը: Այս մասին PanARMENIAN.Net ին ասացին Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում:

Այսօր Վալերի Բուայեն եղել է նաև Ցեղասպանության զոհերի հուշահամալիրում: Նա ծաղիկներ է դրել անմար կրակի մոտ, ապա լուսանկարել հուշահամալիրը, Արարատ լեռը: Վալերի Բուայեն Ծիծեռնակաբերդ էր եկել Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյի ուղեկցությամբ:

Հիշեցնենք, որ ֆրանսիացի պատգամավորը Հայաստան է եկել Ցեղասպանության 98-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար: Երեկ Ազգային ժողովում Վալերի Բուայեն ցավով նշել էր, որ չնայած Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը կրկին մերժվել է, սակայն Եվրախորհրդարանի պատգամավորների հետ միասին կստեղծեն մեկ այլ շրջանակ և իրենց ջանքերը կուղղեն հարցը կրկին բարձրացնելուն:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---