Է.Մամեդյարով. «Կոսովոի կարգավիճակի որոշումը չպետք է նախադեպ դառնա Ղարաբաղի համար»

PanARMENIAN.Net - «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը կարող է որոշվել բացառապես օրինական, խաղաղ եւ ժողովրդավարական գործընթացի շրջանակներում, որը չպետք է հիմնվի էթնիկական զտումների վրա»: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը` ելույթ ունենալով ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների Խորհրդի նիստում Լյուբլյանայում: Էլմար Մամեդյարովն ասել է, որ «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը կարող է որոշվել միայն Լեռնային Ղարաբաղում կողք կողքի բնակվող հայկական եւ ադրբեջանական համայնքների տեսակետները պատշաճ եւ համարժեք մակարդակով հաշվի առնելու պայմանով»: «Ադրբեջանի գրավյալ տարածքների ազատագրումը գլխավոր նախապայմանն է, որպեսզի դա հնարավոր դառնա: Գրավյալ տարածքներից հայկական զորքերի դուրսբերումից հետ բոլոր տրանսպորտային միջանցքները պետք է բացվեն երկու կողմերի համար: Հանուն արդյունավետ խաղաղության հայերը եւ ադրբեջանցիները համատեղ կօգտագործեն Լաչինի միջանցքը` երկու ուղղություններով: Ադրբեջանի կառավարությունը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի երկու համայնքներին ենթակառույցների վերականգնման գործում` ներդրումների ներգրավման ճանապարհով», - հայտարարել է Էլմար Մամեդյարովը:



Նա նշել է, որ «Կոսովոյի կարգավիճակի որոշման գործընթացը, անկախ դրա արդյունքից, չպետք է որեւէ նախադեպ ստեղծի»: «Ակնկալվում է, որ հաջորդ տարին վճռորոշ կլինի Կոսովոյի հակամարտության կարգավորման գործում: Ադրբեջանի հստակ դիրքորոշումը կայանում է նրանում, որ այդ գործընթացը պետք է լիովին համապատասխանի ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 1244 բանաձեւին եւ հիմնվի Հելսինկյան Եզրափակիչ Ակտի վրա, եւ չպետք է որեւէ նախադեպ ստեղծի», - հայտարարել է Էլմար Մամեդյարովը, հաղորդում է «Մեդիամաքսը»:



Հիշեցնենք, որ նախօրեին ԵԱՀԿ ԱԳՆԽ-ի նիստոմ Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանայանը հայտարարել էր, որ վերջին տասնամյակում միջազգային զարգացումները եւ ինքնորոշման գործընթացները աշխարհի տարբեր անկյուններում հանգեցրել են միջազգային մտածողության արմատական փոփոխմանը: «Մենք դարձանք հանրաքվեի միջոցով Արեւելյան Թիմորի անկախության հռչակման եւ Սուդանում համաձայնագրի ստորագրման վկաները, որի միջոցով երկրի մի մասում կայացած հանրաքվեով վերջ դրվեց մի հակամարտության, որը տասնամյակների պատմություն ուներ: Այսօր չափազանց լրջորեն քննարկվում է Կոսովոյի կարգավիճակը: Քաղաքագետների եւ ակադեմիական փորձագետների շրջանակներում դիտվում է աճող շահագրգռվածություն որոշ դեպքերում ինքնորոշման իրավունքի ճանաչման հնարավորության եւ հնարավորության վերաբերյալ: Այդ համգամանքները շատ ճիշտ են ցուցադրում Լեռնային Ղարաբաղի հետ կապված իրավիճակը»,-ընդգծել է Հայաստանի ԱԳ նախարարը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---