2006 թվականին ակնկալվում է Հայաստանում ամերիկյան ներդրումների հոսքի աճ

PanARMENIAN.Net - «Հայաստանի հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ 2005թ. շարունակել են զարգանալ եւ խորանալ տարբեր ոլորտներում, այդ թվում քաղաքական, առեւտրատնտեսական եւ ռազմական համագործակցության»,-այդ մասին այսօր հայտարարել է Վարդան Օսկանյանը 2005 թ. ՀՀ արտաքին քաղաքականության արդյունքներին նվիրված մամլո ասուլիսի ժամանակ: Նրա խոսքերով, հայ-ամերիկյան հարաբերությունների տարվա կարեւորագույն ձեռքբերում կարելի է համարել «Հազարամյակի մարտահարվերներ» կորպորացիայի տնօրենների խորհրդի կողմից Հայաստանի ներկայացրած ծրագրի հաստատումը եւ այն իրականացնելու համար 235.65 մլն ԱՄՆ դոլարի օժանդակության հատկացումը: Ծրագրի կենսագործումը հնարավարություն կտա զարգացնել Հայաստանի գյուղական շրջանների ենթակառուցվածքը (ճանապարհներ եւ ոռոգման համակարգ), ինչն իր հերթին կնպաստի գյուղական աղքատության կրճատմանը:



Վ.Օսկանյանը նշեց, որ 2005թ. հունիսին կայացավ ՀՀ ԱԳ նախարարի աշխատանքային այցը Վաշինգտոն, որտեղ հանդիպումներ ունեցավ ԱՄՆ պետքարտուղարի, ազգային անվտանգության քարտուղարի, ինչպես նաեւ ԱՄՆ կոնգրեսի հայանպաստ խումբը ներկայացնող կոնգրեսականների հետ: Սեպտեմբերին ԱՄՆ այցելեց նաեւ ՀՀ ԱԺ նախագահ Ա.Բաղդասարյանը: Այցի շրջանակներում նա հանդիպումներ ունեցավ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակի, հանրապետական եւ դեմոկրատական կուսակցությունները ներկայացնող մի շարք կոնգրեսականների, ԱՄՆ պետքարտուղարության եւ ազգային անվտանգության խորհրդի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Վերոնշյալ եւ տարբեր մակարդակների այլ հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանին առչնչվող հարցեր, այդ թվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավոր ուղիները, Հարավային Կովկասի զարգացման հեռանկարները: Հայաստանի ԱԳ նախարարն ընդգծեց, որ պահպանվել է 2006թ. Հայաստանին ԱՄՆ կողմից տրամադրվող մարդասիրական եւ տեխնիկական օժանդակության բարձր մակարդակը: 2005թ. նոյեմբերին Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի համատեղ կոնֆերանսը որոշում կայացրեց Հայաստանին հատկացնել 75 մլն, իսկ Լեռնային Ղարաբաղին 3 մլն ԱՄՆ դոլարի օգնություն: Ինչ վերաբերում է Հայաստանին եւ Ադրբեջանին տրամադրվելիք ռազմական օգնությանը, ապա պահպանվել է պարիտետային սկզբունքը (յուրաքանչյուրին` 5.75 մլն ԱՄՆ դոլար): Հայաստանն իր հերթին 200 հազար ԱՄՆ դոլարի օգնություն է հատկացրել «Կատրինա» փոթորկի հետեւանքով տուժածներին:



Ինչպես նշեց Վ.Օսկանյանը, կայացել են նաեւ ՀՀ-ԱՄՆ ռազմական համագործակցության հերթական երկկողմ խորհրդակցությունները, իրականացվել են ռազմական բնագավառի տարբեր մասնագիտական խմբերի փոխայցելություններ: Վերոնշյալ միջոցառումները նոր մակարդակի են բարձրացրել հայ-ամերիկյան ռազմական համագործակցությունը: Բացի այդ, Վ.Օսկանյանը նշեց, որ զարգացել է համագործակցությունը նաեւ տնտեսության ոլորտում. մայիսին եւ սեպտեմբերին (Երեւան, Վաշինգտոն) կայացել են ՀՀ-ԱՄՆ տնտեսական հարցերով միջկառավարական աշխատանքային խմբի (US-Armenia Task Force) հերթական նիստերը: Տարվա ընթացքում իրականացված կարեւոր այցերից էին նաեւ ՀՀ գյուղատնտեսության եւ էներգետիկայի նախարարների այցելությունները ԱՄՆ, որոնց ընթացքում քննարկվեցին այդ ոլորտներում հայ-ամերիկյան համագործակցության զարգացման հեռանկարները:



«Սեպտեմբերին Երեւանում բացվեց Կալիֆորնիայի առեւտրական գրասենյակը, ինչը կխթանի հայ-ամերիկյան առեւտրատնտեսական համագործակցությունը»,-հայտարարեց Հայաստանի ԱԳ նախարարը: Նշված համատեքստում Հայաստանի համար կարեւոր հարցեր են հանդիսանում ԱՄՆ-ի հետ երկակի հարկումից խուսափելու մասին համաձայնագրի կնքումը եւ Արտոնությունների ընդհանուր համակարգի շրջանակներում ՀՀ-ից ԱՄՆ ներմուծվող ապրանքատեսակների ցանկի ընդլայնումը: Ըստ Վ.Օսկանյանի, Իր հարաբերությունները ԱՄՆ-ի հետ Հայաստանը ձգտում է աջակցությունից տեղափոխել փոխշահավետ ծրագրերի իրականացման հարթություն: Հայաստանում ներդրումային մթնոլորտի հետագա բարելավման պայմաններում, ակնկալվում է ամերիկյան կապիտալ ներդրումների հոսքի ավելացում, ինչպես նաեւ Հայաստանի տնտեսության մեջ ամերիկյան ընկերությունների ակտիվ մասնակցություն եւ համատեղ ձեռնարկությունների ստեղծում:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---