ՀՀ-ն պետք է զրոյացնի եվրոպական կողմի հետ գործող մաքսատուրքերը

ՀՀ-ն պետք է զրոյացնի եվրոպական կողմի հետ գործող մաքսատուրքերը

PanARMENIAN.Net - Այսօր տեղի է ունեցել Եվրոպական կառույցների հետ ՀՀ պետական մարմինների համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստ, որը նախագահում էր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը:

Նիստի օրակարգում տեղ էին գտել մի շարք հարցեր, այդ թվում` Հայաստան-Եվրամիություն համագործակցության վերջին զարգացումների և կարևորագույն ձեռքբերումների ներկայացում, մասնավորապես` ՀՀ-ԵՄ Ասոցացման համաձայնագրի, ներառյալ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունների, ինչպես նաև արդարադատության, ազատության և անվտանգության ոլորտներում իրականացվող գործընթացների վերաբերյալ:

Ամփոփվել է ԵՀՔ ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի կատարումն ապահովող 2012-2013թթ. միջոցառումների ցանկի` 2013թ. 1-ին կիսամյակի կատարողականը` հստակեցնելով ցանկով նախատեսված գործողությունների կատարման ընթացքը և դրանց ավատին հասցնելու ժամկետներն ու հնարավորությունները: Անդրադարձ է կատարվել նաև այս տարվա մարտի 20-ին Եվրոպական հանձնաժողովի կողմից հրապարակված «Հայաստանի առաջընթացի մասին» զեկույցում արձանագրված գնահատականներին:

«Ըստ Եվրոպական հանձնաժողովի կողմից հրապարակված Հայաստանի` 2012թ. առաջընթացի մասին զեկույցի` առաջընթաց է գրանցվել Հայաստանի համար կարևորագույն գրեթե բոլոր ոլորտներում: Միաժամանակ, զեկույցում նշվում են թերություններ, արվել են նաև առաջարկներ, որոնց իրականացումը կարևոր է ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման համար: Զեկույցում նշվում է, որ Հայաստանն իրականացրել է նախորդ տարվա գնահատման զեկույցում ներկայացված առաջարկությունների հիմնական մասը»,- ասել է Արթուր Բաղդասարյանը: Նա կարևորել է, որ բոլոր գերատեսչությունները նախատեսված միջոցառումները կատարեն սահմանված ժամկետներում:

Բանակցությունների օրակարգում ընդգրկվել են մաքսատուրքերի և ապրանքացանկերի, առևտրի տեխնիկական խոչընդոտների, մտավոր սեփականության պաշտպանության, աշխարհագրական նշումների, սանիտարիայի և բուսասանիտարիայի, ինչպես նաև եվրոպական նորմերի դիրեկտիվների ընդունման ժամանակացույցի, նորմերի կիրառմանն առնչվող պարտավորությունների և փոխադարձ համաձայնությունների հետ կապված հարցեր։

Ապագա համաձայնագրի առանցքային խնդիր է համարվում մաքսատուրքերի հարցը։ Ազատ առևտրի շրջանակներում նախատեսվում է, որ Հայաստանը փոխադարձաբար պետք է զրոյացնի եվրոպական կողմի հետ գործող մաքսատուրքերը։ Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու ժամանակ Հայաստան ներմուծվող եվրոպական ապրանքներից այլևս չեն գանձվելու մաքսատուրքեր, ինչը վերաբերում է նաև հայկական ծագում ունեցող ապրանքներին` եվրոպական 27 անդամ երկրներ արտահանելիս։

Ապրանքատեսակները հիմնականում վերաբերում են գյուղատնտեսական, սննդի վերամշակման ապրանքներին: Միաժամանակ, ցանկում կան այնպիսի արդյունաբերական ապրանքներ, որոնք ներկայումս արտադրվում են Հայաստանում և արտադրությունը զարգացնելու ներուժ ունեն:

Միջգերատեսչական հանձնաժողովն արձանագրել է, որ Ասոցացման համաձայնագրի ստորագրման մասով բավականին առաջընթաց կա, աշխատանքները նորմալ տեմպերով իրականացվում են, ինչն էլ հիմք է տալիս ենթադրել, որ 2013թ. վերջին համաձայնագիրը պատրաստ կլինի ստորագրման:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---