Հնարավոր է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականների հանդիպումն անցնի առանց երկրպագուների մասնակցության

PanARMENIAN.Net - «Եթե Ադրբեջանի հավաքականը ավելի լավ խաղար աշխարհի առաջնության ընտրական խմբում, ապա չէր հայտնվի Հայաստանի հավաքականի հետ նույն զամբյուղում: Սակայն մեր ֆուտբոլիստները թույլ հանդես եկան, եւ հայտնվեցին վերջին զամբյուղում: Արդյունքում, վիճակը մեր ֆուտբոլիստներին սահմանեց խաղալ հայերի հետ նույն խմբում: Դա տեղի ունեցավ վերջին 15 տարվա մեջ առաջին անգամ»: Այդ մասին հայտարարել է ԱՖՖ-ի նախկին նախագահ Ֆուադ Մուսաեւը նախօրեին Շվեյցարիայի Մոնտրե քաղաքում կայացած 2008 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի վիճակահանության արդյունքում: Ըստ Ֆ.Մուսաեւի, որը նշել է, թե անհնար է Ադրբեջանի եւ Հայաստանի հավաքականների խաղն անցկացնել չեզոք գոտում, շատ հնարավոր է, որ այդ հանդիպումներն անցնեն Բաքվում կամ Երեւանում փակ մարզդաշտում, առանց երկրպագուների մասնակցության: «Ես չեմ հիշում մի դեպք, որ վերջին ժամանակներս ՈՒԵՖԱ-ն թույլ տա որեւէ խաղ անցկացնել չեզոք գոտում: Ես կարծում եմ, որ որեւէ ազգային ընկերակցության դիմումը ՈՒԵՖԱ-ին խաղը չեզոք դաշտում անցկացնելու վերաբերյալ կարող է հանգեցնել պատժամիջոցների կիրառման: Սա ֆուտբոլ է, ոչ թե քաղաքականություն: Եթե կարող ես, խաղա եւ հաղթի'ր: Ոչ մի անսովոր բան չկա նրանում, որ երկու երկրների ղեկավարները հանդիպում են: Ինչ արած, «մեր բախտը այդպես բերեց»:



Իր հերթին, Ադրբեջանի հավաքականի ավագ մարզիչ Վագիֆ Սադիխովը հայտարարել է, որ ադրբեջանական հավաքականը ընդունակ է հավասար հիմունքներով խաղալ Ղազախստանի, Ֆինլանդիայի, Հայաստանի եւ Բելգիայի հավաքականների հետ, իսկ առավել սկզբունքայինը կլինի խաղը Հայաստանի հավաքականի հետ: «Եթե մենք կարողացանք հաղթել նրանց ակումբային մակարդակով, ապա պետք է կարողանանք հաղթել նաեւ հավաքականների մակարդակով: Դրա համար անհրաժեշտ է մեծ աշխատանք կատարել եւ ստեղծել ուժեղ թիմ: Ես հավատում եմ, որ մենք կհաղթենք Հայաստանի հավաքականին: Ալլահի օգնությամբ մեր հավաքականը արժանապատվորեն կհաղթի հայերին եւ կուրախացնի իր երկրպագուներին»,-հայտարարել է նա, հաղորդում է ԱՊԱ գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---