Կարեն Ավագյան. Սեփական անելիքները թողած՝ ուրիշի աշխատանքի վրա չարախնդալն այլևս ընդունելի չէ

Կարեն Ավագյան. Սեփական անելիքները թողած՝ ուրիշի աշխատանքի վրա չարախնդալն այլևս ընդունելի չէ

PanARMENIAN.Net - Հայաստանի հարևանությամբ տեղի ունեցող գործընթացները հուշում են, որ առաջիկա տարիներին տարածաշրջանում պատկերը կարող է կտրուկ փոխվել։ Դա ապացուցում են Թուրքիայում անակնկալ կերպով զարգացող իրադարձությունները, Վրաստանում, Ադրբեջանում, Իրանում սպասվելիք նախագահական ընտրությունները։ Իրադարձությունները կարող են փոխվել ամեն պահ, անսպասելի, արմատական, և մենք պետք է պատրաստ լինենք դրան։ Նման տեսակետ հայտնեց ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանն այսօր Ազգային ժողովում:

«Տարածաշրջանային վերադասավորումներում մեր նպաստավոր տեղն ունենալու համար պետք է շարունակենք տնտեսության արդիականացումն ու դիվերսիֆիկացումը, բազմավեկտոր, կոմպլեմենտար քաղաքականությունը։ Անցած տարիների մեր արտաքին քաղաքականությունն ապացուցել է, որ այն մրցունակ է։

21-րդ դարում վաղուց արդեն հնացած է կամ-կամ-ի սկզբունքը, մեզ համար գերակա է և-և-ի, այլ կերպ ասած՝ կոմպլեմենտար քաղաքականությունը։ Ի դեպ, երբ տեսնում ես, թե ովքեր են ուրախանում կամ-կամերից, շատ հարցերի պատասխան ուղղակի ակնհայտ է դառնում։ Եվ ընդհանրապես նման մարդկանց համար մեկ այլ բանաձև է աշխատում. ինչքան շատ խնդիրներ՝ այնքան լավ, ինչքան վատ՝ այնքան լավ։ Նման մոտեցումն է նրանց քաղաքական ձախողումների պատճառը։ Սեփական անելիքները թողած՝ ուրիշի աշխատանքի վրա չարախնդալն ու վատաբանելն առանցք դարձնելն այլևս հասարակության կողմից ընդունելի չէ»,-ասաց նա՝ հավելելով, որ աշխարհի հետ մեր հարաբերությունները երկընտրանքը չեն Եվրասիական և Եվրոպական միությունների միջև։ Մեր արտաքին քաղաքական կողմնորոշման հիմքում պետական շահի բարձրագույն գիտակցումն է։ Այդ գիտակցումը հիմնված է ոչ թե մեկ օրվա կամ մեկ եռամսյակային հեռանկարի վրա, այլ հեռահար նպատակներ է հետապնդում։ Երկիրն ունի ծրագրված, հաշվարկված նպատակներ, բազմավեկտոր, կանխատեսելի քաղաքականություն։ Ըստ Կարեն Ավագյանի՝ հայ-ռուսական և հայ-եվրոպական հարաբերությունները Հայաստանը զարգացնում է զուգահեռ հարթությունների մեջ։

«Երկուսն էլ մեզ համար հավասարապես կարևոր են։ Մենք ունենք երկարամյա համագործակցություն Եվրամիության Արևելյան գործընկերության շրջանակներում, մեզ համար կարևոր են նաև հետխորհրդային տարածքում նոր ինտեգրացիոն նախագծերը։ Եվրոպական և եվրասիական ձևաչափերում ինտեգրման գործընթացները միմյանց փոխլրացնող են և ոչ՝ հակասող։ Հայտնի ճշմարտություն է՝ պետությունների, քաղաքակրթությունների կենսունակությունը պայմանավորված է մարտահրավերներին ադեկվատ պատասխանելու ունակությամբ։ Հայաստանը վերջին տարիներին իր հավասարակշիռ քաղաքականությամբ կարողացել է ապացուցել, որ պատրաստ է դիմագրավել մարտահրավերներին։

Եվս մեկ նկատառում. մեր ազգային անվտանգության հիմնասյունն առաջին հերթին ներքին ռեսուրսներն են։ Արտաքին մարտահրավերներին դիմագրավելու նախապայմանը մարդկային, տնտեսական, բարոյական ռեսուրսները զարգացնելն է։ Եթե մենք պատրաստ ենք դրան, ցանկացած խոչընդոտ հաղթահարելի է»,-եզրափակեց իր ելույթը պատգամավորը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---