Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարց որպես այդպիսին գոյություն չունի

PanARMENIAN.Net - Հայաստանի անվտանգությանը լուրջ սպառնալիք է Ադրբեջանի կողմից իրականացվող Հայաստանի տնտեսատրանսպորտային շրջափակումը, տարածաշրջանային էներգետիկ-տնտեսական ծրագրերից Հայաստանին դուրս թողնելու քաղաքականությունը: Այն նպատակաուղղված է Հայաստանի տնտեսական մեկուսացմանը եւ կասեցնում է հանուն տարածաշրջանային զարգացման ձեռնարկվող ինտեգրման գործընթացների թափը:Այդ մասին ասվում է Հայաստանի նախագահին կից Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի «Հայաստանի Հանրապետության ազգային անվտագության ռազմավարական ուղենիշները» զեկույցում, որը զետեղվել է ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում:



Ինչպես նշվում է փաստաթղթում, Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ տարածաշրջանի զարգացման, այդ թվում` Ղարաբաղյան հակամարտության կարգավորման, միակ իրատեսական ուղին համարում է համագործակցության սկզբնավորումը` ընդհանուր տնտեսական ծրագրերի իրականացումը, ճանապարհատրանսպորտային համագործակցությունը եւ այլն: Որոշակի կապերի հաստատումը կարող է ապահովել այն շփման դաշտը, որը կհանգեցնի երկու ժողովուրդների միջեւ փոխվստահության մթնոլորտի ձեւավորմանը, ինչն էլ հակամարտության կարգավորման ամենաառաջնային նախադրյալն է:



Ադրբեջանի իշխանությունները Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը պայմանավորում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության` բացառապես իրենց շահերից բխող լուծմամբ: Այդ կոշտ դիրքորոշումը անհեռանկարային է եւ բացառում է տվյալ բարդ հիմնախնդրի լուծումը: «Մենք համոզված ենք, որ ամբողջ տարածաշրջանի զարգացման ու ինտեգրման գործընթացն արգելակող միջպետական հարաբերությունների կանոնավորումը միաժամանակ կարող է նախադուռ լինել նաեւ Ղարաբաղյան հակամարտության հարցի հանգուցալուծման իրատեսական հեռանկարի համար»,-ասվում է զեկույցում:



Ի վերջո, Հայաստանն ու Ադրբեջանը հարեւաններ են, նրանք ներգրավված են բազում միջազգային կազմակերպություններում` ԱՊՀ կառույցում, ՆԱՏՕ-ի Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրում, Եվրոպական հարեւանության ծրագրում, վերջապես` ՄԱԿ-ում, եւ ունեն միմյանց հետ բարիդրացիական հարաբերություններ կառուցելու բազում միջազգային պարտավորություններ:



Ինտեգրման տարածաշրջանային գործընթացների ակտիվացմանը զուգընթաց` միջազգային հանրության մտապատկերում սկսում է ձեւավորվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համագործակցության եզրեր գտնելու անհրաժեշտության գաղափարը: Սակայն Հայաստանի տարածաշրջանային տնտեսական մեկուսացումը կանխելու համար անհրաժեշտ է ակտիվացնել դրան նպատակաուղղված ջանքերը, մեծացնել միջազգային հանրության միջոցով Ադրբեջանի վրա գործադրվող ճնշումը:



«Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից շահարկվող տարածքային ամբողջականության հարցին, ապա այն, եթե դիտարկենք միջազգային իրավունքի տեսակետից, ունի հակամարտության կարգավորմամբ հետաքրքրված բոլոր պետություների եւ միջազգային կազմակերպությունների կողմից լուրջ ուսումնասիրության կարիք: Քիչ հետ գնալով դեպի հակամարտության ակունքները, ինչպես նաեւ վերլուծելով դրան հաջորդած սահմանադրական-իրավական զարգացումները` կտեսնենք, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարց որպես այդպիսին գոյություն չունի, քանի որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ձեռքբերումը կատարվել է ԽՍՀՄ այդ ժամանակ գործող բոլոր օրենսդրական պահանջներին համապատասխան»,-ասվում է զեկույցում:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---