ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի անկախության 15-ամյակին նվիրված միջոցառումների ծրագրին

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի անկախության 15-ամյակին նվիրված հիմնական միջոցառումների ծրագրին, որի հաղորդմամբ հանդես է եկել ՀՀ նախագահի օգնական Վիգեն Սարգսյանը: Ծրագիրը, որն ընդգրկում է տոնական-հանդիսային, գիտակրթական, մշակութային, մարզական եւ այլ բնույթի շուրջ 8 տասնյակ միջոցառումներ, հանրապետության մայրաքաղաքում, մարզերում ու համայնքներում կիրականացվի ապրիլ ամսից սկսած մինչեւ տարեվերջ: Տոնակատարությունների սկիզբը կնշանավորվի սուրբ պատարագով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում եւ հայկական բոլոր եկեղեցիներում:



ՀՀ-ում եւ Լեռնային Ղարաբաղում տեղի կունենան նաեւ համահայկական միջոցառումներ, այդ թվում` «Մեկ ազգ, մեկ մշակույթ» երկրորդ փառատոնը, համահայկական-երիտասարդական չորրորդ եւ կրթական երկրորդ համաժողովները, «Ոսկե ծիրան» միջազգային երրորդ կինոփառատոնը: Անկախության 15-ամյակի շաբաթվա ընթացում` սեպտեմբերի 17-ից 24-ը կանցկացվեն Հայաստան-Սփյուռք երրորդ համաժողովը, համահայկական տնտեսական երկրորդ համաժողովը, տարբեր գիտաժողովներ, կկազմակերպվեն անկախության տարեդարձին նվիրված պլակատի եւ լուսանկարչական ցուցահանդեսներ, անկախության 15 տարիներին նկարահանված ֆիլմերի ցուցադրություն: Հոբելյանական շաբաթվա սկիզբը կնշանավորվի Էջմիածնում եւ աշխարհի բոլոր հայկական եկեղեցիներում տրվելիք Սուրբ պատարագով: Ծրագրի հիմնական հանդիսությունները տեղի կունենան սեպտեմբերի 21-ին: Անկախության օրը միջոցառումները կմեկնարկեն Եռաբլուր այցելությամբ, այնուհետեւ Հանրապետության հրապարակում կանցկացվի զորահանդես, մայրաքաղաքում եւ մարզերում տեղի կունենան ժողովրդական տոնախմբություններ, Վ. Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում կկազմակերպվի տոնական մեծ համերգ: Երեկոյան Երեւանում, Գյումրիում եւ Վանաձորում կտրվի հրավառություն:



Հիշեցնենք, որ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանում անցկացվեց համաժողովրդական հանրաքվե ԽՍՀՄ կազմից դուրս գալու վերաբերյալ: Սեպտեմբերի 23-ին Հայաստանի Գերագույն խորհուրդը հաստատեց հանրաքվեի արդյունքները, հռչակվեց Հայաստանի Հանրապետության անկախությունը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---