ԱՄՆ հայերը բողոքի ցույց կանցկացնեն ընդդեմ Թուրքիայի պաշտպանության նախարարի

PanARMENIAN.Net - Մարտի 27-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Վեջդի Քենուլը, որը ԱՄՆ է ժամանել Լոս Անջելեսի Միջազգային գործերի խորհրդի հրավերով, ելույթ կունենա «Բեվերլի Հիլզ» հյուրանոցում, որտեղ կպատմի Եվրասիայում իր պետության դերի մասին: Սպասվում է, որ հանդիպման ընթացքում, նա, մասնավորապես, կանդրադառնա նաեւ հայկական հարցին: Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ԱՀԴՀ) ներկայացուցիչները նախատեսում են բողոքի ցույց անցկացնել ընդդեմ Թուրքիայի պաշտպանության նախարարի հյուրանոցի առջեւ: «Ակցիայի կազմակերպիչները պատվի գործ են համարում ստիպել թուրք նախարար Քենուլին հանգիստ չզգալ իրեն մի նահանգում, որտեղ հսկայական հայ համայնք է բնակվում: Եվ հետո, Կալիֆորնիան ոչ միայն ուղղակի ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, այլ ներառել է որպես ուսումնական առարկա դպրոցական ծրագրերում, իսկ 1915 թ. զոհերի հիշատակը նշվում է մի ամբողջ շաբաթվա ընթացքում»,-ասվում է ԱՀԴՀ մամլո հաղորդագրության մեջ:



Թուրք նախարարի ժամանման եւ նախապատրաստվող ակցիայի մասին տեղեկատվությունը հեռարձակվել է Լոս Անջելեսի բոլոր հայկական հեռուստաալիքներով: Միեւնույն ժամանակ, ակնկալվում է, որ հայերի հետ «Բեվերլի Հիլզ» հյուրանոցի մոտ կհավաքվեն նաեւ Ամերիկայի թուրքական համայնքի ներկայացուցիչները: Կազմակերպիչները հայտարարում են, որ բախումներ չեն լինի եւ ցույցը բացարձակապես խաղաղ բնույթ է կրելու, ավելին, քաղաքային իշխանությունները նախապես տեղեկացվել են ցույցի անցկացման վայրի մասին եւ Լոս Անջելեսի ոստիկանությունը պատրաստ է վերահսկել իրավիճակը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---