Ջոն Քերի. Վաշինգտոնը պատրաստ է գործ ունենալ Իրանի հետ, եթե վերջինս հրաժարվի միջուկային ծրագրից

Ջոն Քերի. Վաշինգտոնը պատրաստ է գործ ունենալ Իրանի հետ, եթե վերջինս հրաժարվի միջուկային ծրագրից

PanARMENIAN.Net - Վաշինգտոնը պատրաստ է գործ ունենալ Իրանի հետ, եթե նա հրաժարվի միջուկային ծրագրից: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Ճապոնիայում «2-2» բանաձևով բանակցությունների ավարտին՝ ԱՄՆ ու Ճապոնիայի ԱԳ ու ՊՆ ղեկավարների մասնակցությամբ:

Սեպտեմբերի վերջում Քերին հայտարարեց, որ պայմանավորվածությունը միջուկային զենքի շուրջ Թեհրանի հետ կարող է 3-6 ամսից շուտ ձեռք բերվել: Ըստ նրա, Իրանը պետք է շտապ համոզիչ ու բաց գործողություններ ձեռնարկի՝ կատարելով միջազգային հանրության պահանջները միջուկային ծրագրի վերաբերյալ, որը պետք է խաղաղ բնույթ կրի»,-ասել է նա, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Ինչպես սեպտեմբերին հայտարարել էր Քերին, Իրանի իշխանությունները կարող են տեսչության համար բացել Ֆորդոյի գաղտնի օբյեկտը և կամավոր հրաժարվել որոշակի մակարդակից բարձր ուրանի հարստացումից:

«Վերջին շփումներն իրանցիների հետ հույս են ներշնչում, որ խնդիրը կկարգավորվի, սակայն խոսքը գործին չի կարող փոխարինել»,-ասել է Քերին:

Ինչ վերաբերում է Իրանի դեմ պատժամիջոցներին, ապա ԱՄՆ-ն դրանք չեղյալ չի հայտարարի այնքան ժամանակ, քանի դեռ միջուկային ծրագիրը ենթակա չէ ստուգման, բաց չէ ու թափանցիկ: «Եթե դա տեղի ունենա, ապա, անշուշտ, պատժամիջոցները կարող են վերանալ»,-ասել է ԱՄՆ պետքարտուղարը:

Դիվանագիտական հարաբերություններն Իրանի ու ԱՄՆ միջև խզվեցին 1979 թվականին, իսլամական հեղափոխությունից հետո, երբ պատանդ վերցվեցին Թեհրանում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները: ԱՄՆ դեսպանատան 52 աշխատակիցներ ազատ արձակվեցին 444 օր անց՝ 1981 թ.: Պատանդները ազատ արձակվեցին Ալժիրի կառավարության միջնորդությամբ, Ռոնալդ Ռեյգանի երդմնակալության օրը: ԱՄՆ-ում Իրանի շահերը ներկայացնում է Պակիստանի դեսպանատունը:

ԱՄՆ-ն մեղադրում է Իրանին ատոմային զենքի ստեղծման ուղղությամբ գաղտնի աշխատանք տանելու մեջ: Դեռ 2002թ. ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը դասեց Իրանը «չարիքի առանցքի» երկրների շարքին, որոնք ֆինանսավորում են ահաբեկիչներին ու ձգտում միջուկային զենք ստանալ: ԱՄՆ-ն փորձում է հասնել Իրանի միջազգային մեկուսացման: Սակայն ԱՄՆ ջանքերը հակազդեցություն են ստանում Ֆրանսիայի, Գերմանիայի ու Մեծ Բրիտանիայի, ինչպես նաև Ռուսաստանի կողմից, որը կապված է Իրանի հետ ռազմական տեխնիկայի մատակարարման վերաբերյալ պայմանագրերով ու Բուշերում ԱԷԿ-ի կառուցմամբ:

Photo:ap.org
Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---