Փոստանջյանը համոզված է՝ ԱԺ նախագահը չի կարող փոփոխություն կատարել ԵԽԽՎ հայկական պատվիրակության կազմում (թարմացված)

Փոստանջյանը համոզված է՝ ԱԺ նախագահը չի կարող փոփոխություն կատարել ԵԽԽՎ հայկական պատվիրակության կազմում (թարմացված)

PanARMENIAN.Net - Զարուհի Փոստանջյանը դիմել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կանոնակարգի հանձնաժողով՝ տեղեկացնելով, որ Հայաստանի Ազգային ժողովի նախագահը ցանկանում է իրեն հեռացնել ԵԽԽՎ հայկական պատվիրակության կազմից նախագահի Սերժ Սարգսյանին տված հարցի պատճառով։

Փոստանջյանի փոխանցմամբ՝ հանձնաժողովից պարզաբանել են, որ Աբրահամյանը իրավասու չէ փոփոխություններ կատարել հայկական պատվիրակության կազմում, քանի որ կազմն արդեն հաստատված է, և եթե ԱԺ նախագահը փորձի խոչընդոտել իր գործունեությունը, ապա ԵԽ-ից կարձագանքեն։

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հոկտեմբերի 3-ին հայտարարություն էր տարածել, որտեղ նշում էր, որ խորհրդակցելով խմբակցությունների հետ, մտադիր է փոփոխություն կատարել ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության կազմում:

Պատճառը հոկտեմբերի 2-ին Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ նիստի ընթացքում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի վարքագիծն էր: Խորհրդարանի ղեկավարի այս որոշման համար հիմք է ծառայում «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 1 ենթակետը: Աբրահամյանն իր հայտարարությունում նշել էր, որ ԵԽԽՎ կանոնակարգի 21.6 հոդվածը պարունակում է մարդկային արժանապատվությունը ոտնահարող արտահայտությունների օգտագործման արգելք:

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, ընդդիմադիր պատգամավորը համոզված է, որ Հովիկ Աբրահամյանը հետագայում ևս չի կարող իրեն հեռացնել հայկական պատվիրակությունից, քանի որ ԵԽԽՎ-ում պետք է ներկայացված լինեն Հայաստանի խորհրդարանի բոլոր խմբակցությունները: Եթե հաջորդ տարվա հունվարին, երբ կհաստատվի նոր պատվիրակության կազմն ու լիազորությունները, լինեն խնդիրներ, այն ժամանակ էլ եվրոպական այդ կառույցը կարձագանքի:

Առայժմ Եվրոպայի խորհուրդը Հովիկ Աբրահամյանից պաշտոնական փաստաթուղթ չի ստացել և հետևաբար որևէ գործունեություն չի կարող ծավալել:

«Նաև ԵԽԽՎ-ի նախագահն է տեղյակ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունից, և շատ են ցավում, որ Հայաստանը շարունակում է գտնվել ավտորիտար տիրույթում, և ազատ խոսքի իրավունքը, ընդդիմության հայտարարությունները կարող են նման հետապնդումների և ոտնձգությունների առարկա դառնալ»,- նմշել է Փոստանջյանը։

Ինչպես ավելի ուշ Yerkir.am-ին ասել է ԱԺ նախագահը, Փոստանջյանի վերոնշյալ հայտարարության առնչությամբ տեղեկություններ դեռ չունի: Հովիկ Աբրահամյանը նաև ասել է. «Հայտնել եմ իմ մտադրության մասին և անպայման այդ հարցին անդրադառնալու եմ: Ես կանոնակարգ օրենքով և, ընդհանրապես, Սահմանադրությամբ ինձ տրված լիազորություններն իրականացնելու եմ»:

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության մեկ այլ անդամ, ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի փոխանցմամբ՝ կազինոյում խաղալու և մեծ գումարներ տանուլ տալու մասին Փոստանջյանի հարցը ցնցել է ԵԽԽՎ պատգամավորներին։

«Չեմ լսել որևէ մեկ պատգամավորից, ով ասեր, թե «էս ինչ հրաշալի հարց հնչեց»։ Բոլորի համար ուղղակի անընդունելի էր, անգամ այն պատգամավորների համար, ովքեր հայտնի են իրենց մոլի հակահայությամբ և ովքեր մշտապես ուրախացել են, երբ Հայաստանի հետ կապված որևէ տհաճ միջադեպ է տեղի ունեցել։ Անգամ նրանց համար այս որակի հայտարարությունը բացարձակապես անընդունելի էր»,- ասել է Զոհրաբյանը։

Սոցցանցերում երեկվանից քննարկում են Փոստանջյանի դեմ տարբեր ակցիաներ կազմակերպել, մասնավորապես՝ ՀՀԿ երիտթևի երիտասարդները մտադրություն էին հայտնել դիմավորել պատգամավորին օդանավակայանում ու ձվեր ու լոլիկներ շպրտել նրա վրա: Երեկ այս առթիվ ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը կոչ էր արել ձեռնպահ մնալ Զարուհի Փոստանջյանին օդանավակայանում վանկարկումներով դիմավորելու նախաձեռնությունից

Հոկտեմբերի 3-ին ԵԽԽՎ նիստին, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանում է հարցերին, Զարուհի Փոստանջյանը երկրի ղեկավարին հարցրել էր.

«Դուք եղե՞լ եք Եվրոպայում վերջերս կազինոյում, քանի որ Դուք հայտնի եք հասարակությանը որպես խաղամոլ, այնտեղ 70 միլիոն եվրո՞ եք կորցրել: Ո՞վ է տվել Ձեզ այդ 70 միլիոն եվրոն և ինչի՞ դիմաց: Եթե այդքան չի կազմել, ապա որքա՞ն է կազմել խաղատանը կորցրած գումարը»,- ինչին ի պատասխան հնչեց Սերժ Սարգսյանի պատասխանը. «Ես խորապես համոզված եմ, տիկին Փոստանջյան, որ ներկայացնում են հայ ժողովրդին, ու դրանով հպարտ եմ: Ցավոք սրտի, Ձեր թեկնածուն չկարողացավ նախագահական ընտրություններում ցուցաբերել այնպիսի որակներ, որպեսզի կարողանա ներկայացնել հայ ժողովրդին: Ձեր ասածը՝ կապված կազինոյի հետ, Ձեր երևակայության հերթական արդյունքն է: Ես երբեք չեմ եղել Եվրոպայի որևէ կազինոյում, ես չեմ խաղում կազինոներում, ես, ցավոք սրտի, հնարավորություն չունեմ տնօրինելու 70 մլն եվրոյի: Եթե նման հնարավորություն ունենայի, մի մասը Ձեզ կտայի, որ գոնե մի քիչ գոհ լինեիք, ու այդքան չարություն Ձեր մեջ չլիներ»:

Փոստանջյանի նման վարքագիծը մեծ աղմուկ առաջացրեց հասարակության շրջանում: Ոմանք բողոքում էին, որ Փոստանջյանը ամբողջ Եվրոպայի «խայտառակեց» հայ ժողովրդին, մյուսներն ասում էին՝ «լավ է արել»: Նիստի ավարտին Աժ պատգամավորը «Գալա»-ին ասել էր, որ չնայած շատերի քննադատություններին չի փոշմանում իր հարցի համար ու «ԵԽԽՎ -ն հենց տեղն էր այդ հարցը տալու համար»:

«Եթե ասում են` այդ տեղը չէր այդ հարց տալու, թող գան այստեղ ու տեսնեն, թե քանի հայեր ստիպված են այստեղ իրենց ազգանունները փոխել, ներկայանալ թուրքերի ազգանունով, որպեսզի ստանան ապաստարան»,- ասել էր Փոստանջյանը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---