Ն. Ռիժկովը մեկնաբանել է Լուկաշենկոյի «ղարաբաղյան» հայտարարությունը՝ խորհուրդ տալով նրան սեփական գործերով զբաղվել

Ն. Ռիժկովը մեկնաբանել է Լուկաշենկոյի «ղարաբաղյան» հայտարարությունը՝ խորհուրդ տալով նրան սեփական գործերով զբաղվել

PanARMENIAN.Net - «Թող Լուկաշենկոն իր գործերով զբաղվի, պետք չէ միջամտել այլոց գործերին, այլ երկրների հարցերին»,-հայտարարել է Հայաստան-Ռուսաստան միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը ՀՀ ԱԺ կայացած ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վերջին հայտարարությունը Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության մասին:

Ընթացիկ տարվա հոկտեմբերին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԱՊՀ երկրների ԶԼՄ-ների լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հարցում հարկավոր կլինի հաշվի նստել նաև Ադրբեջանի կարծիքի հետ, հաշվի առնելով չկարգավորված տարածքային հարցը:

Ըստ Նիկոլայ Ռիժկովի, բոլորը հիանալի հասկանում են, որ ղարաբաղյան հարցը չի կարող մեկ օրում լուծվել: «Եթե հարցն այդպես դնենք, դա կնշանակի, որ Հայաստանը երբեք չի անդամակցի Մաքսային միությանը»,-ասել է նա: «Չի կարելի կապել ղարաբաղյան հարցը Մաքսային միության հետ, քանի որ դա բոլորովին այլ թեմա է»,-ասել է Նիկոլայ Ռիժկովը, հայտնում է Panorama.am-ը:

Ինչպես հայտնում է «Նովոստի-Արմենիան» Ն.Ռիժկովը հայտարարեց նաև, որ ՀՀ բնակչության մեծ մասը կողմ է երկրի անդամակցությանը Մաքսային միությանը:

«Վաղ թե ուշ Հայաստանը կանդամակցի Մաքսային միությանը: Հայաստանը չպետք է կորցնի իր ռազմավարական գործընկերոջն ու բարեկամին, իսկ Ռուսաստանն՝ իր պատմական բարեկամին ու ռազմավարական գործընկերոջը»,-ասել է Ռիժկովը ճեպազրույցում Երևանում հանձնաժողովի 23-րդ նիստի ավարտին:

Ըստ նրա, Հայաստանի բնակչության արևմտամետ հատվածը մինչև վերջ չի հասկանում, թե երկիրն ինչ սահմանափակումների կբախվի Եվրամիության ճանապարհին:

«Ես հետաքրքվել եմ մասնագետներից, և նրանք ասել են, որ Ուկրաինան չի հասկանում, թե ուր է ձգտում, նա չգիտի, թե ինչ է նրան սպասում: Մենք ողջունում ենք Հայաստանի քաղաքական որոշումը ՄՄ-ին անդամակցելու վերաբերյալ»,-ասել է նա:

Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում Եվրասիական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթաժողովում:

Մինչդեռ, ՀՀ ղեկավարները հայտարարում են, որ ՄՄ-ին միանալու մտադրության մասին որոշումը չի անդրադառնա Հայաստանի եվրաինտեգրման գործընթացի վրա և Ասոցացման մասին համաձայնագիրը կնախաստորագրվի Վիլնյուսում:

Հղումներ թեմայով.
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

Մաքսային միություն

Մաքսային միությունն իր աշխատանքը սկսել է 2010 թվականին: Սկզբում միությանն անդամկցում էին Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը: Հետագայում միությանն անդամակցելու մտադրության մասին հայտարարեցին նաև Ղրղզստանն ու Տաջիկստանը:

2013-ի սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է Մաքսային միությանը միանալու և հետագայում ԵվրաԱզԷՍ-ի ձևավորմանը մասնակցելու ՀՀ ցանկության մասին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել նախաձեռնությանը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել այդ գործընթացին: Պուտինը հավելել է, որ ՌԵՈւ-ն կարող է մոտ 15 մլրդ ռուբլի ներդնել Հայաստանի երկաթուղային ցանցի զարգացման մեջ:

Պաշտոնական ձևակերպման համաձայն, Մաքսային միությունը Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի առևտրատնտեսական ինտեգրման ձև է․ այն միասնական մաքսային տարածք է նախատեսում, որի սահմաններում փոխադարձ առևտրի դեպքում մաքսային տուրքեր ու տնտեսական բնույթի սահմանափակումներ չեն կիրառվում, բացառությամբ միայն հատուկ պաշտպանիչ, հակադեմպինգային ու հատուցման միջոցների: Ընդ որում մասնակից երկրներն օգտվում են միասնական մաքսային սակագնից և առևտրի կանոնակարգման միասնական միջոցներից երրորդ երկրների հետ: Մաքսային միության միասնական մաքսային տարածքը կազմում են Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի տարածքները, ինչպես նաև այդ պետությունների տարածքներից դուրս գտնվող արհեստական կղզիներ, շինություններ, սարքեր ու այլ օբյեկտներ, որոնց հանդեպ ՄՄ անդամ պետությունները բացառիկ իրավատիրություն ունեն:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---