Ո՞ւմ համար է Բաքվում գործելու ուղղափառ կիրակնօրյա դպրոցը

Ո՞ւմ համար է Բաքվում գործելու ուղղափառ կիրակնօրյա դպրոցը

PanARMENIAN.Net - Ռուս ուղղափառ եկեղեցու Բաքվի թեմի ուղղափառ կրոնական կենտրոնն է այսօր բացվել Բաքվի ռուսական եկեղեցուն կից: Կենտրոնում, որը ստեղծվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարությամբ, կգործի կիրակնօրյա դպրոց:

Բացման արարողությանը մասնակցել են Ադրբեջանի նախագահը, Ադրբեջանում ՌԴ դեսպան Վլադիմիր Դորոխինը և Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին, ինչպես նաև Ռուս ուղղափառ եկեղեցու սինոդի բաժնի ղեկավար Վսեվոլոդ Չապլինը, Ադրբեջանի մահմեդական, կաթոլիկ և հրեական համայնքների ղեկավարները:

Այդ ամենն, իհարկե, լավ է և ուղղափառ կենտրոն Բաքվում, որտեղ դեռ ռուսների որոշակի քանակ մնում է, հարկավոր է, ինչ խոսք: Սակայն Բաքվում ուղղափառ եկեղեցու վերաբերյալ ադրբեջանական ԶԼՄ-ներն, ինչպես միշտ, ապատեղեկատվություն են տարածում: Պարզվում է, որ այն կառուցվել է հովանավոր Հաջի Զեյնալաբդին Տագիևի միջոցներով 1907 թվականին: Մի կողմ թողնենք այն հարցը, թե ինչու պետք է մահմեդական Տագիևը ուղղափառ եկեղեցի կառուցեր: Եվ հետո Բաքվի գրեթե բոլոր ներկայացուցչական շինությունները, եկեղեցիներն ու թատրոնները հայ բարերարներն են կառուցել՝ Մանթաշևը, Ղուկասովը, Լիանոզովը, Մաիլովը: Իրականում եկեղեցին կառուցվել է զորամասային եկեղեցիների համար սահմանված տիպային նախագծով, որը հաստատել է 1901 թվականին Կառուցապատման հանձնաժողովը ճարտարապետ Ֆյոդոր Վերժբիցկու գլխավորությամբ: Ընդհանուր առմամբ մինչև 1917 թվականը Ռուսական կայսրության տարածքում կառուցվել է առնվազն 64 նման եկեղեցի: Բաքվում տեղակայված 206-րդ հետևակային Սալյանի գնդի (որը մինչև 1910 թվականը կոչվում էր 262-րդ հետևակային գունդ) համար նախատեսված ռուսական եկեղեցու հիմնարկեքը տեղի է ունեցել 1908 թվականի մայիսի 6-ին: Կառուցվել է այն ամբողջությամբ Ռազմական նախարարության միջոցներով և հանդիսավոր կերպով օծվել է 1909 թվականի դեկտեմբերի 6-ին: Մինչ այդ գունդն օգտվում էր գնդի հին՝ Սբ Միխայիլ հրեշտակապետի եկեղեցուց քաղաքի կենտրոնում, որը նույնպես պահպանվել է մինչ օրս: 1890 թվականից սկսած այդ գնդի քահանան էր Հովհաննես Վիսարիոնի Լիաձեն (տեղեկությունները 1914 թվականի):

Խորհրդային տարիներին եկեղեցին փակվեց առաջիններից մեկը՝ 1920 թվականին: Սկզբում այնտեղ պահեստ էր, հետո՝ մարզադահլիճ: 1990 թվականի հունվարյան իրադարձությունների ժամանակ երկու արկ վնասեց եկեղեցու զանգակատունը. եկեղեցին մասնակիորեն տուժեց, պատերը ճագեցին, տանիքը փլուզվեց: 1991 թվականին եկեղեցու կիսավեր շենքը փոխանցվեց Ռուս ուղղափառ եկեղեցուն: Ահա ինչպես է եղել իրականում:

Շուտով Սալյանի գունդն էլ կվերանվանեն Բաքվի գունդ և հրամանատարներ ադրբեջանցիների կկարգեն՝ Բաքվի քարոզչամեքենայից ամեն ինչ է սպասելի: Զարմացնում է միայն Մոսկվայի պատրիարքարանի դիրքորոշումը, իսկ ավելի ճիշտ դիրքորոշման բացակայությունը, որը լուռ ընդունում է Ադրբեջանի նմանատիպ արարքները: Սակայն, կարելի է հասկանալ նաև Պատրիարքարանի դիրքորոշումը՝ չէ որ մեջտեղում մի քանի տասնյակ հազարավոր ռուսների կյանքն է, որոնք դեռ ապրում են Բաքվում: Իսկ կենտրոնի բացումը պետք է Ալիևին Կովկասի «ամենահանդուրժող պետության» մասին պնդումներին ևս մեկ «նշում» ավելացնելու համար:

Ռուսական եկեղեցիների բախտն Ադրբեջանում ավելի է բերել, քան հայկականներինը: Ամբողջությամբ վերափոխվել ու ոչնչացվել են բոլոր հայկական եկեղեցիները, իսկ դրանց թիվը հասնում էր 30-ի: Բաքվի հայկական եկեղեցին այդպես էլ մնում է լքված ու ավերված: Գանձակում եկեղեցիներից մեկը սրբապղծորեն վերածվել է ադրբեջանական արվեստի թանգարանի, որի բակում թեյարան է գործում: Հետաքրքիր է, իսկ որտե՞ղ են աղոթում ու ծիսակատարություններ անցկացնում այն 30 հազար հայերն, որոնք իբր, ըստ Ալիևի պնդումների, դեռ ապրում են Բաքվում: Եվ հայե՞ր են արդյոք, թե բռնի կերպով թրքացված կանայք: Այս հարցերի պատասխանները մենք հազիվ թե ստանանք:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN.Net
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---