Կարծիք. ՌԴ-ում միգրացիոն օրենքների խստացումը ՀՀ-ում գործազրկության ու աղքատության աճի կհանգեցնի

Կարծիք. ՌԴ-ում միգրացիոն օրենքների խստացումը ՀՀ-ում գործազրկության ու աղքատության աճի կհանգեցնի

PanARMENIAN.Net - Փոփոխությունները Ռուսաստանի օրենսդրության մեջ, որոնք խստացնում են միգրացիոն կանոնները, բացասաբար կանդրադառնան Հայաստանում տիրող իրավիճակի վրա: Այսպիսի եզրակացության է եկել Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Ըստ նրա, առայժմ հիմքեր չկան ենթադրելու, որ Հայաստանի քաղաքացիների համար ինչ-որ բացառություններ են արվելու: Խոսքը Հայաստանի մոտ 170 հազար քաղաքացիների մասին է, որոնք այժմ զրկված են Ռուսաստանում աշխատելու հնարավորությունից: Եթե նրանցից 70-100 հազարը վերադառնա Հայաստան, դա կնպաստի գործազրկության կտրուկ աճին, դրամական փոխանցումների ծավալները կնվազեն առնվազն 10 տոկոսով, որի արդյունքում բնակչության մի մասի եկամուտները կնվազեն, ուստի կնվազի գնողունակությունը, վաճառքի ծավալները բոլոր հետևանքներով: Այլ կերպ ասած, կաճի աղքատությունը, բնակչության դժգոհությունը, ասել է Մակարյանը: Նա հավելել է, որ այդ ֆոնի վրա իշխանությունները միանգամայն հանգիստ են այս իրավիճակում, սակայն, անհասկանալի է, արդյոք նրանք վերահսկում են իրավիճակը, այդ պատճառով են հանգիստ, թե ուղղակի «հանգիստ են, որովհետև հանգիստ են», հայտնում է Armenia Today-ը:

Ինչպես հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, ՌԴ Պետդումա օրինագիծ է ներկայացվել, որի համաձայն միգրանտներին աշխատելու թույլտվություն չի տրվի, եթե նրանք չնշեն, որ հենց աշխատանքային գործունեություն ծավալելն է Ռուսաստան նրանց այցի նպատակը: Նախաձեռնության հեղինակն է Դումայի անվտանգության ու կոռուպցիային հակազդեցության հանձնաժողովի նախագահ Իրինա Յառովայան «Միասնական Ռուսաստանից»:

«Պարտադիր ենք համարում Ռուսաստանում գտնվելու նպատակների հիշատակումը»,- պարզաբանել է նա լրագրողներին: «Եթե դա նշված չէ, նշանակում է՝ սուբյեկտը չի կարող ունենալ ոչ պատենտ, ոչ այլ տիպի աշխատանքային գործունեություն ծավալել»,- ասել է նա:

«Դա անհրաժեշտ է աշխատանքային միգրանտի հստակ կարգավիճակ սահմանելու համար»,- ասել է Յարովայան:

Մասնավորապես, առաջարկվում է օրենքում արձանագրել, որ աշխատանքի թույլտվություն ստանալու համար ներգաղթյալը պետք է նաև միգրացիոն քարտ ներկայացնի, որտեղ որպես այցի նպատակ նշված է աշխատանքը:

Ավելի վաղ նա ՌԴ-ում մնալու ժամկետների խախտման համար պատասխանատվության բարձրացման մասին ևս մի օրինագիծ էր ներկայացրել: «Որքան շատ է ներգաղթյալը խախտում ՌԴ-ում մնալու ժամկետը, այնքան տևական կլինի նրա համար մուտքի արգելքը Ռուսաստան»,- ասել է նա:

Ռուսաստանի միգրացիոն ծառայությունն ու էկոնոմիկայի նախարարությունն օրինագիծ են մշակել, որով առաջարկվում է Ռուսաստանի քաղաքացիություն տրամադրել այն օտարերկրացիներին, որոնք մինչև 10 մլն ռուբլի են ներդրել ՌԴ էկոնոմիկայի մեջ, ինչպես նաև ՌԴ քոլեջներն ու բուհերն ավարտած օտարերկրացի շրջանավարտներին, որոնք առնվազն 3 տարի աշխատել են Ռուսաստանում, գրում է «Կոմերսանտը»:

«ՌԴ քաղաքացիության մասին» օրենքի 14 հոդվածի ուղղումները, որոնք առնչվում են քաղաքացիության տրամադրման պարզեցված կարգին, արդեն քննարկվել են կառավարությունում և, հավանաբար, շուտով կներկայացվեն ՌԴ Պետդումայում: Ինչպես ասվում է բացատրական գրությունում, ուղղումները մշակվել են 2012-2015 թթ. պետական միգրացիոն քաղաքականության հայեցակարգի իրականացման շրջանակում: Ըստ դրա, խնդիրներից մեկը «տարբեր մասնագետների, ձեռնարկատերերի ու ներդրողների վերաբնակեցումն է մշտական բնակության նպատակով, ինչպես նաև պահանջված մասնագիտություններ ունեցող երիտասարդների խթանումը»:

Այժմ պարզեցված կարգով քաղաքացիություն ստանալու համար հիմնականում կարող են դիմել կամ այն օտարերկրացիները, որոնց ամուսինը ՌԴ քաղաքացի է, կամ նրանք, ովքեր ծնվել են նախկին ԽՍՀՄ տարածքում ու քաղաքացիություն չունեցող անձինք են: Փաստաթուղթն առաջարկում է հաշվի առնել եվրոպական փորձը: Օրինակ, Ավստրիայում պարզեցված կարգով քաղաքացիություն ստանալու հավակնորդը պետք է առնվազն 6 մլն եվրո ներդնի երկրի տնտեսության մեջ, Բուլղարիայում՝ առնվազն 512 հազար եվրո գերակա ներդրման ոլորտում: ՌԴ քաղաքացիություն առաջարկվում է տրամադրել ավելի փոքր գումարի դիմաց: Օրինակ, կարող են հավակնել այն գործարարները, որոնք առնվազն 3 տարի աշխատել են ՌԴ-ում, եթե նրանց ամսական հասույթը 10 մլն ռուբլուց պակաս չի եղել: Բացի այդ, քաղաքացիություն կկարողանան ստանալ այն ներդրողները, որոնց բաժնեմասը ՌԴ իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում առնվազն 10 տոկոս է: Ընդ որում կանոնադրական կապիտալը պետք է կազմի առնվազն 100 մլն ռուբլի:

Մեկ այլ նորամուծությունը վերաբերում է օտարերկրացի ուսանողներին, որոնք 2002-ի հուլիսի 1-ից մասնագիտական կրթություն ենստացել և քաղաքացիության համար դիմելու պահին արդեն առնվազն 3 տարի աշխատել են ՌԴ-ում:

2014-ի հունվարի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ մտան միգրանտների մասին օրենքի ուղղումները: Ըստ դրանց, մուտքի արտոնագիր չունեցող քաղաքացիները կկարողանան ՌԴ տարածքում մնալ ոչ ավելի, քան 90 օր: Ընդ որում, նրանք կարող են կրկին երկիր այցելել 180 օրից: Մինչ այս օտարերկրյա քաղաքացիներն 90 օր անցկացնելով Ռուսաստանում, կարող էին մեկնել հայրենիք, և մի քանի օր անց կրկին մուտք գործել ՌԴ: Դաշնային միգրացիոն ծառայությունը հայտարարել է, որ այս քայլը թույլ կտա կրճատել ապօրինի միգրանտների հոսքը երկիր, որոնց քանակն արդեն հասնում է 3,5 մլն:

Օրերս ՀՀ ԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը նամակ էր հղել իր ռուսաստանցի գործընկեր Նիկոլայ Պատրուշևին, որտեղ հույս էր հայտնում, թե Ռուսաստանը կվերանայի Հայաստանի համար վիզային ռեժիմը: Այսօրվա դրությամբ Երևանը ոչ մի արգելք չի սահմանել Ռուսաստանի քաղաքացիների համար:

«Հայաստանն ըմբռնումով է մոտենում ՌԴ ձեռնարկած միջոցներին ապօրինի միգրացիայի դեմ պայքարելու համատեքստում, սակայն հաշվի չեն առնված Մոսկվայի ու Երևանի համատեղ ինտեգրացիոն քաղաքականության կարևոր նրբությունները»,- ասվում էր Բաղդասարյանի նամակում:

Ըստ ՀՀ Պետական միգրացիոն ծառայության տվյալների, 2013-ի առաջին կիսամյակում Ռուսաստանի ԴՄԾ տեղական մարմիններում միգրացիոն հաշվառման է կանգնել 275 169 ՀՀ քաղաքացի:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---