Ղրիմից մինչև Ղարաբաղ. Հնարավոր նախադեպ կամ նոր պատճառ երկակի չափանիշների համար

Ղրիմից մինչև Ղարաբաղ. Հնարավոր նախադեպ կամ նոր պատճառ երկակի չափանիշների համար

PanARMENIAN.Net - Հայաստանում ուշադիր հետևում են Ուկրաինայում իրադարձությունների զարգացմանը: Եվ ոչ միայն իշխանություն-ընդդիմություն դիմակայության, ժողովրդական ընդվզման ու իշխանափոխության համատեքստում: Վերջին զարգացումները, այն է` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դիմումը Դաշնությունների խորհրդին ՌԴ ԶՈւ Ուկրաինայի տարածքում կիրառելու թույլտվության վերաբերյալ և ստացված թույլտվությունը, ինչպես նաև Ռուսաստանին միանալու մասին Ղրիմում հնչող կոչերը, դիտարկվում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա հնարավոր ազդեցության տեսակետից:

Ինչպես հայտնի է, Ղրիմն Ուկրաինային փոխանցվել է 1954-ին, երբ ԽՄԿԿ ԿԿ առաջին քարտուղարը Խրուշչովն էր: Ըստ պաշտոնական վարկածի, նման որոշման համար հիմք է ծառայել Ղրիմի տարածքային կապվածությունն Ուկրաինական ԽՍՀ հետ, տնտեսության միասնությունը, սերտ տնտեսական կապերն ուՂրիմի ու Ուկրաինայի միջևմշակութային առնչությունները:

Դրանից մոտ 30 տարի առաջ, Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից անմիջապես հետո, 1920-ի նոյեմբերի 30-ին, Ադրբեջանի Հեղկոմն իր հայտարարությամբ Ադրբեջանի կողմից նախկինում հավակնած տարածքները` Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը և Նախիջևանը, ճանաչել էր որպես Հայաստանի անբաժանելի մաս: Սակայն նոր կազմավորված Ադրբեջանական ԽՍՀ-ն հրաժարվել էր այն փոխանցել Հայաստանին՝ ձգտելով ներառել իր կազմում: 1921-ի հուլիսի 4-ին Ռուսաստանի կոմունիստական կուսակցության Կովկասյան բյուրոն Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում լիագումար նիստ էր հրավիրել, որի ընթացքում նույնպես հաստատվել էր Լեռնային Ղարաբաղը Հայկական ԽՍՀ մաս հանդիսանալու փաստը: Սակայն, Մոսկվայի թելադրանքով ու Ստալինի անմիջական միջամտությամբ, հուլիսի լույս 5-ի գիշերը վերանայվել էր նախորդ օրվա որոշումն ու ընդունվել Լեռնային Ղարաբաղը Խորհրդային Ադրբեջանի կազմում ընդգրկելու և այդ տարածքում ինքնավար մարզ կազմավորելու վերաբերյալ պարտադրված որոշումը:

Ինչպես մարտի 3-ին հայտարարեց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը, եթե Ղրիմը անկախանա կամ վերադարձվի Ռուսաստանին, ապա Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումից 5 պակաս կլինի: Այդ դեպքում պետք է հետվերադարձվի Հայաստանին նաև Նախիջևանը, գրում է Tert.am-ը:

«Երկու դեպքում էլ պատմական իրողությունն է խախտվել: Մի գիշերվա մեջ որոշվեց ու Ղրիմը հանձնվեց Ուկրաինային, այնպես, ինչպես մի գիշերվա ընթացքում Արցախն ու Նախիջևանը տրվեցին Ադրբեջանին: Ղրիմի անկախությունը կամ վերադարձը Ռուսաստան չափազանց շահավետ կլինի Հայաստանի համար»,- ասել է նա:

Այնուամենայնիվ, քաղաքագետն ընդգծել է, որ Ղրիմում պատերազմ չի լինի, որովհետև Ուկրաինայում Ռուսաստանի Սևծովյան նավատորմի դեմ պայքարի ելնող ուժեր չկան: «Միայն Սևծովյան նավատորմն իր ամբողջ համակարգով ի զորու է լուծել ամբողջ հարցը, անգամ եթե Թուրքիան հարցին միջամտի: Թուրքիայի հարցը 48 ժամվա ընթացքում նավատորմը կլուծի»,- ասել է նա:

Այսպիսով, Ղրիմի անկախացումը կամ միացումը Ռուսաստանին նախադեպ կստեղծի, որի դեպքում ՌԴ-ն, առավել ևս՝ լինելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահ, ստիպված կլինի որպես հակամարտության կարգավորման միակ հնարավոր տարբերակ ճանաչել ԼՂՀ անկախությունը: Միևնույն ժամանակ, այսօրվա դրությամբ միջազգային քաղաքական ասպարեզում ոչ ոք չի բացառում երկակի չափանիշների կիրառում, ելնելով այն սկզբունքից, որ «ինչ թույլատրելի է Յուպիտերին, արգելված է ցուլին»:

Մարինա Անանիկյան / PanARMENIAn.Net
Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---