Ինքնակոչ «շարիաթի ոստիկանությունը» պարեկում է գերմանական քաղաքի փողոցները

Ինքնակոչ «շարիաթի ոստիկանությունը» պարեկում է գերմանական քաղաքի փողոցները

PanARMENIAN.Net - Ինքնակոչ «շարիաթի ոստիկանությունն» առանց իշխանությունների հետ համաձայնեցման սկսել է պարեկել Գերմանիայի Վուպերտալ քաղաքի փողոցները (Հյուսիսային Ռեյն-Վեսթֆալիա դաշնային հող): Ուրբաթ օրը «ոստիկանության» անդամները համացանցում տարածել էին տեսանյութ գիշերային շրջայցի վերաբերյալ և արդեն սեպտեմբերի 6-ին հաջորդեց ԳԴՀ կառավարության ներկայացուցիչների բացասական արձագանքը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Մոտ 30 հազար մահմեդական բնակիչներ ունեցող քաղաքի փողոցներում իսլամի ծայրահեղական ուղղությանը հարող երիտասարդ սալաֆիտները կոչ են անում նոր կարգեր հաստատել: Այդ կրոնական հոսանքն արդեն վաղուց է գտնվում տեղի հակահետախուզության ուշադրության կենտրոնում, հատկապես Սիրիայում ու Իրաքում տիրող իրավիճակի ֆոնին, որտեղ իսլամիստների կողմից պատերազմում են նաև գերմանական ծագումով մարդիկ: Գերմանիայում մտավախություն ունեն, որ տուն դառնալով նրանք միտումնավոր կնպաստեն ԳԴՀ-ում բնակվող մահմեդականների ծայրահեղականացմանը:

«Շարիաթի ոստիկանությունը» կրում է վառ նարնջագույն բաճկոններ, Վուպերտալում նրանք «պարեկում են» բարերը, կազինոները, գիշերային ակումբները, զրուցում են այցելուների հետ, առաջարկում են նրանց հրաժարվել ծխախոտից, ալկոհոլից, թմրանյութերից և պահպանել իսլամում ընդունված վարքի կանոնները:

Կառավարությունում սալաֆիտների այդ նախաձեռնությունը համարում են սադրանք՝ ուղղված նոր հետնորդների ներգրավմանը: «Շարիաթի կանոնները գերմանական հողում չեն հանդուրժվի: Ոչ ոքի չի թույլատրվում նսեմացնել գերամանական ոստիկանության բարի համբավը»,- այսպես է արձագանքել Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դը Մեզյերը Bild-ին տված հարցազրույցում: «Իրավունքների և օրենքի պահպանման համար պատասխանատու է միայն պետությունը,-հայտարարել է իր հերթին արդարադատության նախարար Հայկո Մաասը:-Ոչ մի ապօրինի «զուգահեռ արդարադատություն» մենք չենք հանդուրժի»:

«Դա նպատակային սադրանք է սալաֆիտների կողմից,-կարծում է բունդեսթագի ներքին գործերի կոմիտեի նախագահ Վոլֆգանգ Բոսբախը:-Իրավական պետությունը չի կարող հենց այնպես հաշտվել դրա հետ»:

Սալաֆիտները Գերմանիայում իրավապահ մարմինների խիստ հսկողության տակ են: Ընդհանուր առմամբ երկրի տարածքում բնակվում է այդ ուղղությանը հարող մոտ 4 հազար մահմեդական, գործում են մի շարք խմբավորումներ: Այսօրվա դրությամբ արգելված է դրանցից միայն մեկը: Տարբեր մահմեդական համայնքներ զատվել են սալաֆիտներից, որոնք ծայրահեղական դիրքերից են մեկնաբանում կրոնը ու, համայնքների կարծիքով, ընդհանուր քիչ բան ունեն իսլամի հետ:

Պետության սևեռուն ուշադրությունը չխանգարեց սալաֆիտներին 2012-ի գարնանը Ղուրանի 25 մլն օրինակ տարածել Գերմանիայի խոշորագույն քաղաքների հրապարակներում՝ գերմանացիներին «ճշմարիտ հավատի» բերելու ակնկալիքով: Այդ նախաձեռնությունը բաժանեց գերմանական հասարակությունը երկու ճամբարի՝ առաջիններն այդ ակցիայում ոչ մի պախարակելի բան չեն տեսնում, մյուսները կարծում են, որ դա անմիջական սպառնալիք է երկրի անվտանգությանն ու ակնհայտ քարոզչություն, ուղղված նոր անդամների հավաքագրմանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---