ՆԱՏՕ-ի ցուցակը. Ներկայացվել են ՌԴ իշխանությունների հայտարարությունները հերքող փաստեր

ՆԱՏՕ-ի ցուցակը. Ներկայացվել են ՌԴ իշխանությունների հայտարարությունները հերքող փաստեր

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ն հրապարակել է «փաստերի ցանկը» , որոնք հերքում են ՌԴ իշխանությունների պնդումները, գրում է Ռոսբալտը Business Insider-ի վրա հղումով:

Պարբերականը նշում է առավել հետաքրքրություն ներկայացնող փաստերը: Ի պատասխան Ռուսաստանի այն պնդումների, թե ՆԱՏՕ-ն խոստացավ չընդլայնվել դեպի արևելք Գերմանիայի վերամիավորումից հետո, Դաշինքում հայտարարել են, որ չկան իրական ապացույցներ, որ նման համաձայնություն «ծառայություն ծառայության դիմաց» ընդհանրապես եղել է: Ըստ ՆԱՏՕ-ի տվյալների, նույնիսկ Միխայիլ Գոռբաչովն էր ասում, որ «ոչ ՆԱՏՕ-ն, ոչ խորհրդային առաջնորդները ոչ մի անգամ ՆԱՏՕ-ի ընդլայնման հարց չեն արծարծել»:

Մոսկվայի մեկ այլ պնդումը, թե ՆԱՏՕ-ի ընդլայնումն ապակայունացրեց իրավիճակը Բալկաններում, հերքվում է այն փաստարկով, որ «անդամակցությունը դաշինքին ամրապնդեց դաշինքի բալկանյան անդամների (Ալբանիայի, Խորվաթիայի, Սլովենիայի և Հունաստանի) անվտանգությունն ու նպաստեց ժողովրդավարական զարգացմանը: ՌԴ իշխանությունների այն հայտարարության առնչությամբ, թե Ռուսաստանի գործողությունները Ղրիմում ոչնչով չեն տարբերվում ՆԱՏՕ-ի գործողություններից Կոսովոյում, ՆԱՏՕ-ն պատասխանում է. «Կոալիցիայի ռազմական գործողությունները Կոսովոյում գրեթե 10 տարի տևած խաղաղ կարգավորման անհաջող փորձերի արդյունք էին, տևական ու կատաղի հակամարտության մարդու իրավունքները խախտող Սերբիայի հետադիմական կառավարության և Կոսովոյի բնակչության մեծամասնություն կազմող էթնիկ ալբանացիների միջև: Հակառակը, Ղրիմը երբեք վիճարկվող տարածք չի եղել, տևական ճգնաժամ այնտեղ չի եղել, քանի դեռ ընթացիկ տարվա գարնանը Ռուսաստանը չբռնակցեց այն»:

Ւնչ վերաբերում է Ռուսաստանի իշխանությունների այն կարծիքին, որ «Ուկրաինայի կառավարությունն ապօրինի է, իշխանության են եկել նացիստներն ու ֆաշիստները», ՆԱՏՕ-ն բերում է հետևյալ փաստարկը. «Ուկրաինայի նախագահն ընտրվել է ձայների ակնհայտ մեծամասնությամբ, ԵԱՀԿ-ն ընտրությունները ճանաչել է ազատ ու արդար: Աջ ծայրահեղական կուսակցությունները հավաքել են մոտ 5 տոկոս, ինչը բավարար չէ խորհրդարանում ներկայացված լինելու համար»:

Լարվածությունը ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև ուկրաինական ճգնաժամի պատճառով գնալով աճում է: Կողմերը բազմիցս են մեղադրել միմյանց հակամարտությունը սրելու մեջ: Հավանաբար, ՆԱՏՕ-ն որոշել է թարմացնել ու համալրել դեռ ամռանը հրապարակված նմանատիպ «փաստերի ցուցակը», որը մերժում է Մոսկվայի և անձամբ ՌԴ նախագահի կողմից առաջադրված մեղադրանքները որպես անհիմն, գրում է NEWSru.com-ը:

ՆԱՏՕ-ի հերքումների ցուցակը, որը դաշինքը սկսել էր կազմել դեռ ապրիլին, գրեթե Ղրիմի բռնակցումից անմիջապես հետո, հասանելի է միայն ռուսերեն (վերջին նորացումը հուլիսի 23-ին) և ուկրաիներենով (օգոստոսի 26): Անգլերեն թարմացված տարբերակը ներկայացված է դաշինքի կայքում և թվագրված է դեկտեմբերի 1-ով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---