Պուտինն ու Էրդողանը բանակցել են Բաքվում փակ ռեժիմով

Պուտինն ու Էրդողանը բանակցել են Բաքվում փակ ռեժիմով

PanARMENIAN.Net - Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողնաը հանդիպել են Բաքվում, նրանց բանակցություններն անցել են փակ ռեժիմով:

ՌԴ կողմից հանդիպմանը մասնակցել է նախագահի օգնական Յուրի Ուշակովը, ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, «Ռոսատոմի» ղեկավար Սերգեյ Կիրիենկոն, «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը:

Լուսանկարվելու ժամանակ նախագահները միայն տպավորություններն են կիսել առաջին Եվրոպական խաղերի բացման արարողությունից: Էրդողանը նշել է միայն, որ Եվրամիության երկրինեց ոչ մեկի ղեկավարները չեն ժամանել Բաքու:

«Թուրքիան, որպես ԵՄ անդամակցության թեկնածու, ներկայացնում էր ամբողջ Եվրամիությունը»,-ասել է Էրդողանը:

Պուտինն ու Էրդողանը համամիտ են եղել, որ արարողությունը շատ գունեղ էր և հաջողություն են մաղթել իրենց երկրների թիմերին և Եվրոպական խաղերն ընդունող երկրի` Ադրբեջանի մարզիկներին, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Ինչպես հայտնի է, Անկարայի և Մոսկվայի հարաբերություններում որոշակի լարվածություն գրանցվեց Հայոց ցեղասպանության մասին Պուտինի հայտարարությունից և Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ այցելելուց հետո։

Ապրիլի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Երևանում մասնակցեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին: Երևանում նա հայտարարեց. «Ռուսաստանի դիրքորոշումը եղել է և մնում է հետևողական. մենք միշտ համարել ենք, որ մարդկանց զանգվածային սպանություններին ոչ մի արդարացում չկա և չի կարող լինել»:

«1,5 մլն խաղաղ բնակիչ սպանվեց ու ավելի քան 600 հազարը վտարվեց սեփական երկրից ու զանգվածային հետապնդումների ենթարկվեց, ոչնչացվեցին ճարտարապետության անգին հուշարձաններ, հինավուրց գրքեր ու անգին ձեռագրեր այրվեցին:…Այսօր մենք սգում ենք հայ ժողովրդի հետ միասին»: Պուտինի մասնակցությունը ապրիլի 24-ի միջոցառումներին Թուրքիան անվանեց «Հայաստանի քարոզչական արշավի մաս»: Մինչդեռ Կրեմլում Անկարայի բուռն արձագանքը տարակուսանք առաջացրեց:

Բոլորովին վերջերս մայիսի սկզբին Էրդողանը հայտարարեց. «Թուրքիան, հարկ եղած դեպքում, կվերանայի դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ, այսինքն՝ դեսպանին հետ կկանչի և հյուպատոսության մակարդակով, կամ, եթե հարկ լինի, գործերի հավատարմատարի մակարդակով կշարունակվի։ Անգամ նման երկրի հետ, որի հետ լավ հարաբերություններ ունենք, կարող ենք նման կեցվածք դրսևորել, և եթե անհրաժեշտ լինի՝ կփորձենք դա»:

Իսկ հունիսի 12-ին, երբ նշվում էր Ռուսաստանի անկախության օրը, ոչ մի թուրք պաշտոնյա ՌԴ օրվան նվիրված միջոցառմանն Անկարայում ՌԴ դեսպանատանը չի մասնակցել:

Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարեց, որ ՌԴ և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը պայմանավորվել են հունիսի 8-ի հեռախոսազրույցի ժամանակ քննարկել Բաքվում հանդիպման հնարավորությունը: «Խոսակցությունն ընթացավ երկկողմ գործակցության տարբեր գործոնների շուրջ, համատեղ էներգետիկ նախագծերի իրականացման շուրջ: Պայմանավորվածություն կա, որ կողմերը կսկսեն Բաքվում եվրոպական խաղերի բացման կապակցությամբ Պուտին-Էրդողան հանդիպման նախապատրաստումը»,-ասել էր նա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---