ԵԽԽՎ ամառային նստաշրջանում կրկին քննարկվելու է ժողովրդավարության վիճակն Ադրբեջանում

ԵԽԽՎ ամառային նստաշրջանում կրկին քննարկվելու է ժողովրդավարության վիճակն Ադրբեջանում

PanARMENIAN.Net - Հունիսի 22-26-ը Ստրասբուրգում տեղի կունենա ԵԽԽՎ ամառային նստաշրջանը: Քննարկվող թեմաների թվում կլինի նաև Դիտարկման կոմիտեի զեկուցողների «Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության մասին» զեկույցը: Զեկույցը կներկայացվի հունիսի 23-ին:

Քննարկվող հարցերի թվում են նաև իրավիճակն Ուկրաինայում, ՌԴ պատվիրակության ձայնի իրավունքի հարցը, իրավիճակը Հունգարիայում և այլն:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի մասով զեկույցին, ապա այն գնահատում է Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած պարտավորությունների կատարումը, դատական համակարգի վիճակը երկրում, ընտրական համակարգի խնդիրները նոյեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունների լույսի ներքո:

Փաստաթղթում արձանագրվում է, որ Վենետիկի հանձնաժողովի խորհուրդները ընտրական օրենսդրության բարեփոխման վերաբերյալ անտեսվել են երկրի իշխանությունների կողմից:

Զեկույցի հեղինակները նշել են երկրում հավաքների և արտահայտվելու ազատության խախտման փաստերը, դատական համակարգի կախվածությունը գործադիր իշխանությունից:

«Դիտարկման կոմիտեն լուրջ մտահոգություն է հայտնել մարդու իրավունքների հետ կապված վիճակի վատթարացման և անկախ ՈԿԿ-ների ու իրավապաշտպանների գործելու անկարողության, անկախ ԶԼՄ-ների հետապնդումների վերաբերյալ»:

Փաստաթղթում նաև կոչ է արվում կառավարությանը «վերջ տալ սիստեմատիկ հետապնդումներն և իշխանությունների քննադատների լռեցմանը», գրում է contact.az-ը:

Զեկույցում նաև նշված է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, ԵԽ Նախարարների խորհրդի բոլոր նախորդ խորհուրդների ու որոշումների կատարման անհրաժեշտությունը, որոնք պետք է ուղղված լինեն իշխանության թևերի տարանջատմանն ու հավաքների և արտահայտվելու ազատության ապահովմանը երկրում:

Ավելի վաղ, ապրիլիլին Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը, մի շարք հայտնի իրավապաշտպաններ և դիվանագետներ բաց նամակով դիմել են ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերիին` պահանջելով հստակ պատժամիջոցներ կիրառել ադրբեջանական իշխանությունների այն ներկայացուցիչների նկատմամբ, ովքեր ակտիվերոն ներգրավված են երկրում մարդու իրավունքների խախտման և ազատությունների սահմանափակման գործընթացում:

Իրավապաշտպանները նշում են, որ վերջին տարիների ընթացքում ադրբեջանական իշխանությունները իրենց «էներգետիկ կարևորության» քողի տակ զբաղված են մարդու իրավունքների կոպտագույն խախտումներով, այլախոհական ձայների լռեցմամբ, քաղաքացիական ակտիվիստների և լրագրողների ձերբակալություններով:

Ապրիլի 7-ին տարածվեց Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի երկրների խմբի (GRECO) զեկույցը, որն արդեն չորրորդ էր Ադրբեջանում տիրող իրավիճակի վերաբերյալ: Զեկույցում ասվում է, որ անցանկալի ազդեցության բացառումն ու քաղաքական միջամտության վերացումը կարևորագույն պայմաններ են Ադրբեջանի օրենսդիր և դատական համակարգերում կոռուպցիայի վերացման համար:

Ավելի վաղ ամերիկյան առաջատար Foreign Policy Journal պարբերականն անդրադարձել է Ադրբեջանի ներպետական վերջին իրադարձությունների ֆոնին միջազգային ասպարեզում այդ երկրի հեղինակության լուրջ կորուստներին` եզրակացնելով, որ ադրբեջանական իշխանությունների կողմից անկախ լրագրողների նկատմամբ բռնաճնշումները արևմտյան լայն լսարանին ի ցույց դրեցին Ադրբեջանի ավտորիտար բնույթը: Պարբերականը անդրադառնում է անկախ լրագրողների, բլոգերների, իրավապաշտպանների, քաղաքացիական հասարակության անդամների նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների կողմից գործադրվող բռնաճնշումներին և ձերբակալություններին` նկատելով, որ այդ ամենը սկսվեց 2013թ-ի նախագահական ընտրություններից հետո:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---