Գործողությունների ծրագիրը ՀՀ սոցիալական, քաղաքական, տնտեսական համակարգերը ավելի կմոտեցնի Եվրոպայի հետ

PanARMENIAN.Net - «Նոյեմբերի 14-ին Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում Հայաստան-ԵՄ Գործողությունների ծրագրի ստորագրումից հետո, մենք հնարավորություն կունենանք հրապարակել ամբողջ փաստաթուղթը»,- հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը` ԵՄ Եռյակի հետ Գործողությունների ծրագրի մշակման խորհրդատվությունների ավարտի վերաբերյալ համատեղ հայտարարության ստորագրման արարողությունից հետո: Նրա խոսքերով, սկզբում նրանում հստակորեն ասված է, որ Հայաստանին առաջարկվում է քաղաքական, անվտանգության, տնտեսական եւ մշակութային ինտենսիվ հարաբերություններ հաստատել ԵՄ-ի հետ, ամրապնդել տարածաշրջանային եւ սահմանամերձ համագործակցությունը, ինչպես նաեւ պատասխանատվություն վերցնել հակամարտությունների կանխարգելման եւ կարգավորման գործում: Ինչպես նշեց Վարդան Օսկանյանը, փաստաթղթում մանրամասն ներկայացված է այս ուղղություններից յուրաքանչյուրը, եւ սահմանված է հինգ տարվա ժամանակաշրջան, որի ընթացքում այս բոլոր գործողությունները պետք է կատարվեն:



«Այս փաստաթղթի նշանակությունն այն է, ինչպես նշված է համատեղ հայտարարության մեջ, որ այն ներառելու է զգալի չափով տնտեսական ինտեգրում եւ քաղաքական համագործակցության խորացում: Այն կոչվում է Գործողությունների ծրագիր եւ իրավամբ այդպիսին է: Այն ոչ թե լոկ մտադրությունների, այլ կոնկրետ գործողությունների փաստաթուղթ է, որը Հայաստանի սոցիալական, քաղաքական, տնտեսական համակարգերը ավելի կմոտեցնի Եվրոպայի հետ, քանի որ ենթադրությունն այն է, որ մենք փաստորեն ապրում ենք միեւնույն հարեւանության մեջ եւ փոխգործակցում ենք իրար հետ: Այն համագործակցության նոր հեռանկարներ է բացում այնպիսի հիմնարար ոլորտներում ինչպիսիք են գիտությունը, կրթությունը, մշակույթը եւ իհարկե տնտեսական զարգացումը»,- նշել է Հայաստանի արատքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը: Նրա խոսքերով, այս բարեփոխումները ծայրահեղ կարեւոր են Հայաստանի համար: «Մենք հասել ենք այս վիճակին շնորհիվ այն բանի, որ մենք մեր անկախության առաջին օրվանից ձեռնարկեցինք խիզախ տնտեսական բարեփոխումներ: Մենք այն ժամ գիտեինք եւ առավել եւս հիմա գիտենք, որ բարեփոխումները մեր միակ ռեսուրսն են, նրանք այն են, ինչը կամրապնդի եւ կաջակցի մեր հասարակությանը: Այս փաստաթուղթը հնարավորություն է տալիս խորացնելու բարեփոխումները կենտրոնացված, ռազմավարական ուղիով: Այն մեզ տալիս է ուղի եւ միջոցներ անելու այն, ինչը որ մենք գիտենք պետք է անենք` վերանորոգել մեր ինստիտուտները, վերազինել մեր հասարակությունը, վերանայել մեր մեթոդներն ու մոտեցումները: Մենք այն ստորագրում ենք մեր անկախության 15-րդ տարեդարձին, այն կավարտվի մեր անկախության 20 ամյակին, եւ մեզ հնարավորություն կընձեռվի նշելու նոր շրջադարձային պահ Հայաստանի ապագայում որպես ավելի ժողովրդավար, բաց եւ բարեկեցիկ հասարակություն»,- ընդգծել է Վարդան Օսկանյանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---