Էրդողան. Թուրքիան երբեք չի ճանաչի Ղրիմի բռնակցումը

Էրդողան. Թուրքիան երբեք չի ճանաչի Ղրիմի բռնակցումը

PanARMENIAN.Net - Ուկրաինայի Խերսոնի շրջանում մահմեդական գումարտակի ստեղծումը Անկարայում տեղի ունեցած Ղրիմի թաթարների համաշխարհային կոնգրեսում քննարկված գլխավոր հարցն էր: Թուրքիայի նախագահը չի մասնակցել Կոնգրեսին, սակայն ողջույնի խոսք է հղել: Ուղերձում Էրդողանը հայտարարել է, որ «երբեք չի ճանաչի Ղրիմի բռնակցումը», հայտնել է Ղրիմի թաթարների մեջլիսի մամուլի ծառայությունը: «Այսօր մենք վկաներն ենք Ղրիմի ապօրինի բռնակցման և նման ափսոսանքի արժանի այլ իրադարձությունների», ասել է Էրդողանը` շեշտելով, որ «Թուրքիան երբեք չի ճանաչի Ղրիմի բռնակցումը»: Թուրքիայի համար «գլխավորը Ուկրաինայի ճգնաժամում այն հետապնդումների և հալածանքների կասեցումն է, որոնց ենթարկվում են Ղրիմի թաթարները: Թուրքիան կապի մեջ է բոլոր կողմերի հետ, անում է անհրաժեշտ քայլերն ու առաջարկները», ասել է Էրդողանը, հայտնում է ՌԲԿ-ն:

Ղրիմի թաթարների համաշխարհային կոնգրեսը տեղի ունեցավ Անկարայում օգոստոսի 1-2-ը: Միջոցառման կազմակերպիչներն էին Ղրիմի թաթարների գծով Ուկրաինայի նախագահի լիազորված անձեր` Մուստաֆա Ջեմիլևը և Ռեֆատ Չուբարովը, որոնք նախկինում մեջլիսի անդամներ էին: Այժմ երկուսի մուտքը Ղրիմ ագելված է 5 տարով ազգամիջյան պառակտում սերմանելու համար:

Կոնգրեսի մանրամասների մասին ՌԻԱ Նովոստի գործակալությունը պատմել է Թուրքիայի Ղրիմի թաթարների ընկերակցությունների դաշնության նախագահ Ունվեր Սելը:

«Համաշխարհային կոնգրեսը Ջեմիլևի անձնական նախագիծն է: Նրա նպատակն է` վերահսկել Ղրիմի թաթարների համայնքը` օգտվելու համար նրա ազդեցությունից և հնարավորություններից: Առաջին անգամ Կոնգրեսը գումարվել է 2009-ին Ղրիմում: Սակայն լիակատար վստահություն Ջեմիլևի հանդեպ չկար, ուստի Կոնգրեսը 6 տարի չի գումարվել: Այսօր Ղրիմի թաթարների մեջլիսը Ղրիմում չի գործում, ուստի հեղինակությունը բարձրացնելու և ֆինանսական աջակցություն ստանալու համար Ջեմիլևը Կոնգրեսը գումարեց Անկարայում: Նրա մյուս նպատակը Թուրքիայից օգնություն խնդրելն էր` Խերսոնի շրջանում մահմեդական գումարտակ ստեղծելու համար»,-ասել է Թուրքիայի Ղրիմի թաթարների ընկերակցությունների դաշնության նախագահ Սելը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նախատեսվում է, որ գումարտակը ենթարկվելու է Ուկրաինայի ՊՆ-ին և տեղակայվելու է Ղրիմին սահմանակից Խերսոնի շրջանում: Ջեմիլևը հայտարարել է նաև, որ գումարտակի խնդիրը լինելու է «բեռների և մարդկանց տեղաշարժի վերահսկումը» Ղրիմի և Ուկրաինայի միջև:

Ըստ Սելի, արդեն 1000 մարդ է անդամագրվել գումարտակին, որոնց թվում կան նաև ԻՊ անդամներ, որոնք Ուկրաինա են եկել Սիրիայից Թուրքիայի տարածքով:

«Ղրիմի թաթարների համար սա շատ վտանգավոր է: Ջեմիլևը կրակի հետ է խաղում և կարող է իր ժողովրդին ներքաշել պատերազմի եջ: Իրավիճակն անընդունելի է»,-ասել է գործակալության զրուցակիցը: Ըստ նրա, թուրքական իշխանությունները չեն գնա մահմեդական գումարտակը բացահայտ զինելու, բայց Անկարայի կողմից ֆինանսավորման հարցը դեռ օրակարգում է:

2014-ի մարտի 16-ին Ղրիմում անցկացվեց տարածաշրջանի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվե: Քվեարկության մասնակցած թերակղզու բնակիչների մեծ մասը արտահայտվեց Ռուսաստանին միանալու օգտին: Ավելի ուշ Ղրիմի Գերագույն խորհուրդը անկախություն հռչակեց: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրեց Ղրիմի ու Սևաստոպոլի` Ռուսաստանին միանալու մասին համաձայնագիրը վավերացնող օրենքը և դրանց` Ռուսաստանի կազմի մեջ մտնելու ու Դաշնության նոր սուբյեկտների ինտեգրման անցումային շրջանի մասին դաշնային սահմանադրական օրենքը: Ուկրաինայի և մի շարք արևմտյան երկրների իշխանությունները հանրաքվեն ապօրինի են համարում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---